Ինչ անել ատոմակայանի հետ

Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը երբեք հասարակական հետաքրքրության հիմնական թեմա չէր եղել: Բայց հիմա բոլորն են խոսում այդ ոլորտի մասին: Պատճառը հավանաբար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն էր, որ իր երկրի մի շարք ընկերություններ պատրաստ են մեր էներգահամակարգում 6-8 մլրդ դոլարի ներդրում կատարել: Դեսպանի հայտարարությունը, ցավոք, ավելի շատ քաղաքական վերլուծությունների պատճառ դարձավ, քան տնտեսական: Իբր ամերիկյան ներդրումներն իրենց հիմքում քաղաքական պատճառներ ունեն:

ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո անսպասելի Հայաստան ժամանեց ռուսական «Գազպրոմի» ղեկավարը: Միլլերի այցը ևս դիտարկվեց ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության շրջանակներում: Այս վերլուծությունների մեջ համարյա չի լսվում բուն էներգետիկների և էներգետիկ համակարգի կառավարիչների ու տնտեսագետների խոսքը:

Մինչդեռ մեր էներգահամակարգի ներկա իրավիճակի ու ապագայի մասնագիտական վերլուծությունը միայն նրանց չէ, որ հետաքրքիր է: Ի վերջո, բոլորիս հիշողության մեջ թարմ են էներգետիկ ճգնաժամի հետևանքներն ու ազդեցությունը: Հայաստանում վերջին տարիներին տարեկան արտադրվում է 7,3-7,8 մլրդ կՎտժամ էլեկտրաէներգիա: 2014-ին արտադրվել է 7.75 մլրդ, 2015-ին՝ 7,8 մլրդ, իսկ 2016-ին՝ 7,3 մլրդ կՎտժամ: Արտադրության երեք աղբյուր կա: Ջերմակայաններում 2014-ին արտադրվել է մոտ 3,3 մլրդ, 2015-ին՝ 2.8 մլրդ, իսկ 2016-ին՝ 2.6 մլրդ կՎտ ժամ: Հիդրոկայանների ցուցանիշը սա է. 2014՝ մոտ 2 մլրդ, 2015՝ 2.2 մլրդ, 2016՝ 2.4 մլրդ կՎտժամ: Ատոմակայանի տարեկան արտադրանքն այս տեսքն ունի՝ 2014՝ 2.5 մլրդ, 2015՝ 2.8 մլրդ, 2016՝ 2.3 մլրդ կՎտժամ:

Վերլուծության համար ավելի մեծ ժամանակահատված վերցնելու դեպքում կնկատենք, որ հոսանքի արտադրության ծավալները ըստ արտադրական ձեռնարկությունների՝ բավական կայուն են: 2005-10թթ. ԱԷԿ-ի տեսակարար կշիռը մի փոքր ավելի մեծ էր, իսկ վերջին տարիներին այն համարյա կայունացել է 2.2-2.3 մլրդ կՎտժամ ցուցանիշի վրա: Եվ այս պարագային՝ կտրուկ սկսվել են զրույցները վերականգնողական՝ արևային, կամ քամու ուժով աշխատող էլեկտրակայանների կառուցման անհրաժեշտության մասին:

Սա նոր տեխնոլոգիաներին յուրօրինակ մոդայիկ տուրք չես համարի: Արեգակնային կայանների կառուցման ոլորտում իսկապես տեխնոլոգիական հսկայական առաջընթաց է արձանագրվել: Բայց մեր էներգահամակարգի ապագայի մասին բոլոր ծրագրերը պիտի մեկ ելակետ ունենան: Հայկական ատոմակայանի առաջին բաղադրիչը (բլոկ) գործարկվել է 1976թ.-ին, իսկ երկրորդը՝ 1980թ.-ին:

Մեր ատոմակայանը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ արտադրությունը դադարեցրել է 1989թ.: Հետո՝ 1995թ.-ին, էներգետիկ ճգնաժամի հաղթահարման նպատակով մեկ բաղադրիչը վերագործարկվում է 1995թ.: Նախ՝ հարկավոր է իմանալ հետևյալը՝ էներգաարտադրող ձեռնարկություններից ամենաթանկն ԱԷԿ-ներն են: Ատոմակայան կառուցելու համար ապագա մեկ կՎտ արտադրանքի հաշվարկով պահանջվում է մոտավորապես 5530 դոլար: Այն դեպքում՝ երբ քամու ուժով աշխատող կայանի շինարարությունը մեկ կՎտ-ի հաշվարկով պահանջում է 2200 դոլար, իսկ ֆոտոարեգակնային կայանների կառուցման դեպքում մեկ կՎտ-ի ծախսը գնահատվում է 4 հազար դոլար:

Սրան զուգահեռ՝ ըստ էներգահամակարգի տնտեսագետների՝ ԱԷԿ-ի անվտանգության նպատակով անհրաժեշտ ու միջազգային կոնվենցիաներով պարտադրվող ծախսերը մեկ կՎտ-ի հաշվարկով ավելի բարձր են, քան էներգաարտադրության մյուս կայաններում: Հարկավոր է նաև իմանալ, որ 1960թթ.-ից միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ ԱԷԿ շահագործողներին պարտադրում են բավական լուրջ գումարներ հատկացնել հնարավոր վթարների հետևանքների վերացման ապահովագրման համար:

2011թ. Գերմանիայում հաշվարկեցին, որ երկրի ԱԷԿ-ների շահագործման համար մուծվող ապահովագրական գումարները «կպարտադրեն» էլեկտրաէներգիայի սակագինն իրավաբանական անձանց համար թանկացնել 100 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 50 տոկոսով: Այս հաշվարկների արդյունքում Գերմանիայի իշխանությունները որոշեցին հրաժարվել ատոմակայանների շահագործումից: Ճապոնական «Ֆոկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո պարզվեց, որ այդ կայանի վնասների վերացման և այն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է 75 մլրդ դոլար գումար:

Այս ֆինանսական հաշվարկներն են պատճառը, որ արևմտյան երկրների ճնշող մեծամասնությունը «կորցրել է» հետաքրքրությունը նոր ԱԷԿ-ների կառուցման հանդեպ: Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի հաշվարկով ատոմակայանի ապամոնտաժման համար պահանջվում է մոտ 15 տարի և կառուցման արժեքի 10-15 տոկոսի չափով գումար: Սա՝ տեսականորեն: Աշխարհի «հնագույն» ատոմակայաններից մեկը՝ ֆրանսիական «Բրենիլիսը», շահագործվել է 1967-1985թթ.: Այն ապամոնտաժելու աշխատանքների վրա արդեն ծախսվել է 480 մլն դոլար, այն դեպքում, երբ աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Այնպես որ, մեր էներգահամակարգում հնարավոր ներդրումների մասին քննարկումներում, քաղաքական բաղադրիչից զատ, հարկավոր է նաև հաշվի առնել բազում տեխնիկական խնդիրներ, որոնք քննարկման առանձին թեմա են: Բայց չգիտես ինչու՝ էներգահամակարգի զարգացման հեռանկարներից խոսում ենք բոլորս, բացի ոլորտի մասնագետներից:

Տեսանյութեր

Լրահոս