Արթուր Ջավադյանը՝ Ռիչարդ Միլսի հայտարարության մասին
«Կա վստահություն, և ներդրողների համար այսօր Հայաստանում ստեղծվել է գների կայունություն և ֆինանսական կայունություն: Եվ տարբերությունը մեր հարևան ֆինանսական համակարգերից դա է, որ և՛ տարածաշրջանի, և՛ ԱՊՀ երկրների շարքում ֆինանսական կայունության բոլոր ցուցանիշներով գտնվում ենք բավականին բարվոք վիճակում: Սա առաջին գրավականն է ներդրումների համար»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թ. Պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խոսելով ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլարի ներդրումների և ՀՀ ֆինանսական համակարգի կայունության մասին:
Ըստ նրա` պետք է ստեղծել բորսան, դեպոզիտարիան, կատարելագործել որոշ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ներդրումներ իրականացնել և զարգացնել մեր կապիտալի շուկան: Վերականգնվող էներգետիկայի դեպքում, ըստ Ա.Ջավադյանի, խոսքը գնում է ոչ թե 8 մլրդ դոլարի ներդրումների, այլ այդքան ներդրումների հնարավորությունների մասին, որ մեր շուկան կարող է կլանել, իսկ ՎԷ հնարավորություններն այսօր անսահման են: ԿԲ նախագահը նշեց, որ KFW-ն պատրաստ է խորացնել ծրագիրը, մի քանի ծրագրեր կան, որոնք կապված չեն պետության հետ, այլ ուղղակիորեն ֆինանսավորվում են մասնավոր ընկերությունները:
«Չօգտագործել այն, որ Հայաստանում կա միջինում 250-ից ավելի արևային օր, դա մեր կողմից սխալ կլինի ու աններելի»,- նկատեց Ա.Ջավադյանը: