«Պետք է ձևավորել մրցունակ ազգային տնտեսություն». Խոսրով Հարությունյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ կառավարության գործունեության ծրագիրը հիմնականում բարեփոխումների ծրագիր է: Նախկին վարչապետի գնահատմամբ՝ այս ծրագիրը կոնցեպտուալ առումով շատ ուղղորդված է, նպատակներն ու թիրախները ճիշտ են ընտրված, ամբիցիոզ է, բայց իրականանալի:
Նրա խոսքով՝ 2017-2022 թվականների ընթացքում պետք է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կձևավորեն 2022 թվականից հետո տնտեսապես կայուն և երկնիշ աճ ապահովելու համար լուրջ նախադրյալներ.
«Առանց չափազանցության՝ այսչափ մանրամասն ձևակերպված, նպատակներով, խնդիրներով, գործիքակազմով, ժամկետներով ամրագրված ծրագիր մենք չենք ունեցել: Մենք կանգնած ենք մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու պատմական անխուսափելի անհրաժեշտության առջև, և այս 5 տարին լինելու է այդ տնտեսության ձևավորման նախադրյալների, հիմքերի ձևավորման ժամանակաշրջան»:
Կառավարությունն իր գործունեության ծրագրում ներկայացրել է, որ նվազագույն աշխատավարձի 25 % բարձրացում է լինելու, ինչպես նաև՝ աղքատության 12 % կրճատում:
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ աղքատության 12 % կրճատումը պայմանավորված է նրանով, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, քաղաքացուն կտրվի տնօրինվող սեփական եկամուտները ձևավորելու կամ ավելացնելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, ապա Խ. Հարությունյանն ուշադրությունը հրավիրեց երկրորդ մասի վրա. 25 տոկոս բարձրացում՝ առանց վնասելու թողարկվող ապրանքների մրցունակությունը: Նրա դիտարկմամբ՝ նպատակը միայն ցանկացած գնով աշխատավարձը բարձրացնելը չէ: Ըստ նրա՝ բարձրացումը կնպաստի թե՛ պետական սեկտորում, թե՛ մասնավոր սեկտորում ռեալ աշխատավարձերի ֆոնդի ավելացմանը՝ դրանով ավելացնելով քաղաքացու տնօրինվող եկամուտը. «Բարձրացում, բայց ոչ՝ ի հաշիվ թողարկվող ապրանքի մրցունակության անկման»:
Կառավարությունը 5 տարիների ընթացքում նախատեսում է 5 %-ի ՀՆԱ-ի աճ, բայց Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ անգամ 15 %-ը բավարար չի լինի դինամիկ աճ ապահովելու համար: Կառավարությունը շատ լավ հասկանում է, որ այս 5 տարիներին հիմնական աճի աղբյուրը պետք է դառնա ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Իսկ այս պարագայում, ըստ նրա՝ 5% աճ ապահովելուն զուգահեռ՝ ինստիտուցիոնալ նոր փոփոխություններ կատարելով՝ հնարավոր կլինի նախապատրաստել ավելի մեծ, թռիչքաձև զարգացումներ հետագա ժամանակների համար:
Ծրագրի մի ամբողջ հատված վերաբերում է հանրապետական ճանապարհների որակի լավացմանը, քանի որ դա, նրա խոսքով, ցանկացած տնտեսության այցեքարտն է. ով գալիս է հանրապետություն, նախ և առաջ՝ նրանով է դատում՝ այս հանրապետությունը ցիվի՞լ է ապրում, թե՞ չէ: Հետևաբար՝ ճանապարհների որակի բարձրացումը նաև կարող է հանգեցնել ներդրողների թվի աճին:
«Քաղաքացու համար պետք է ստեղծել պայմաններ, որ իր կարողությունները կարողանա օգտագործել նոր բացվող աշխատատեղերում, և դրանով ապահովի իր կայուն եկամուտը, բայց սրա համար կա երկու հիմնական խնդիր. Առաջինը՝ պետք է լուծել այն խնդիրները, որոնք անկախության ամբողջ ժամանակահատվածում մեզ ուղեկցում են՝ սկսած առանձին ապրանքային շուկաներում մոնոպոլ դիրքերից, վերջացրած կոռուպցիայով: Երկրորդ կարևորագույն հարցն է, թե ինչպե՞ս ներդրողին բերել, ինչպե՞ս ներկայանալ, որ նա որոշում կայացնի, գա և ներդրում անի՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է անվտանգության ապահովումը, ինչին կառավարության ծրագրի մի ամբողջ հատված է նվիրված: Աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակում, որում հայտնվել է ՀՀ-ն, անվտանգության խնդիրը մնում է թիվ մեկ խնդիրը: Իսկ եթե չկան անվտանգության ապահովման կայուն երաշխիքներ, ապա, ըստ նրա՝ կարելի է ասել, որ ամեն ինչ վտանգված է:
Նրա համոզմամբ՝ չի կարելի ունենալ անվտանգության լուրջ, ծանրակշիռ, այսօրվա սպառնալիքներին դիմագրավելու ունակությամբ հագեցած համակարգ, եթե չլինի նույնչափ դինամիկ աճող տնտեսություն:
«Առանց տնտեսության՝ չի կարելի ապահովել սպառազինության անհրաժեշտ մակարդակը, առանց սպառազինության անհրաժեշտ մակարդակի՝ չի կարելի երաշխավորել տնտեսության զարգացման ապագան: Մեծ իմաստով՝ մնում է մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու հարցը»,- նշեց բանախոսը:
Անի Թորոսյան