Բաժիններ՝

Հանգիստը Հայաստանո՞ւմ, թե՞ երկրից դուրս. Որտեղ են նախընտրում հանգիստն անցկացնել հայերը

Արդեն ամառ է, իսկ դա նշանակում է, որ հանգստի ժամանակն է։ Հանգստի մասին մտածելիս պետք է հաշվի առնել ֆինանսական միջոցները և ըստ այդմ էլ որոշել՝ հանգիստը կազմակերպել երկրից դո՞ւրս, թե՞ երկրի ներսում։
«168 Ժամը» տուրիստական գործակալություններից փորձել է պարզել, թե հանգիստը հունիս-հուլիս ամիսներին ինչքա՞ն կարժենա Հայաստանում և Հայաստանից դուրս:

Ներկայացնում ենք 7-օրյա ուղևորության գները երկու անձի համար: Նշենք, որ փաթեթն իր մեջ ներառում է.

  • Ավիատոմս
  • Հյուրանոց
  • Սնունդ– All inclusive
  • Տեղափոխում
  • Ապահովագրություն

Եվ այսպես.
Եգիպտոս
(թռիչքը՝ Երևանից)- 960 դոլարից սկսած:
Կիպրոս – 1700 եվրո:
Հունաստան-1570 եվրո:
Բարսելոնա -1900 եվրո:

Իսկ հիմա ներկայացնենք Հայաստանի տարբեր մարզերի հյուրանոցների մեկօրյա հանգստի գները 2 անձի համար:

Ծաղկաձոր
«Ռոսիա» հյուրանոց- 60.000 դրամ: Գինը ներառում է.

  • 3-անգամյա սնունդ
  • լողավազան մինչև 17:00
  • մարզասրահ
  • սեղանի թենիս:

«Ոսկու աշխարհ»– 20.000 դրամ: Գինը ներառում է.

  • մանկական խաղասենյակ
  • փակ լողավազան
  • բիլյարդ
  • սեղանի թենիս
  • մարզասրահ:

Աղվերան

«Արարատ ռեզորթ» 32.000 դրամ: Գինը ներառում է.

  • Նախաշաճ
  • Լողավազան
  • Սեղանի թենիս:

Սևան

«Մարիա ռեզորթ» 30.000 դրամ: Գինը ներառում է.

  • 3-անգամյա սնունդ
  • լողավազան
  • սեղանի թենիս
  • մանկական խաղահրապարակ:

«Հարսնաքար» 45.000 դրամ: Գինը ներառում է.

  • նախաճաշ
  • լողավազան
  • ջրաշխարհ
  • բիլյարդ
  • սեղանի թենիս:

Մենք զրուցեցինք նաև Հայաստանում գործող «Լոկա» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Աննա Ասատրյանի հետ: Նրա խոսքով՝ հայերն այս տարի նախընտրում են հանգստանալ ավելի շատ եվրոպական երկրներում, ծովափնյա երկրներում և նաև այն վայրերում, որտեղ կկարողանան հանգիստը համատեղել պատմամշակութային վայրեր այցելելու հետ։ Ըստ նրա՝ հանգստի ամենամատչելի տարբերակները վրացական ծովափերն են, բայց այս տարի դեռ Վրաստանի պահանջարկն այդքան էլ մեծ չէ։

«Դա կապված է ավելի շատ մրցունակ ուղղությունների ի հայտ գալու հետ, որովհետև հանգստացողները համարյա նույն գներով կարող են գնալ Եգիպտոս, ԱՄԷ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջինս իր խոսքում նշեց նաև, որ տարբեր տուրիստական գործակալություններում վիճակագրությունը տարբեր է, բայց իրենց մոտից ավելի շատ մեկնում են Եվրոպա, որովհետև իրենք համակցում են եվրոպական երկիրը նույն երկրի որևէ ծովափի հետ։

«Թուրքիա մեկնողների թիվը շատ չէ։ Մեր գործակալությունը չի առաջարկում հանգիստ Թուրքիայում, և հայերն էլ այս տարի չեն ցանկանում այնտեղ գնալ»,- ասաց տուր-մենեջերը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում հանգստանում են հիմնականում պետական աշխատողները, որոնք սոցփաթեթի շահառուներ են, իսկ Հայաստանի ներսում հիմնական ուղղություններն են՝ Հանքավան, Աղվերան, Ծաղկաձոր։
Իսկ «Սպուտնիկ» տուրիստական գործակալության փոխտնօրեն Մերի Թովմասյանի խոսքով՝ ներկայումս Հունաստանն ամենամրցունակ ուղղությունն է: Միայն Հունաստանի ուղությամբ ամառվա ընթացքում 7 չարթերային չվերթ է իրականացվում:

Նրա խոսքով՝ չկա որևէ այլ ուղղություն, որը կլինի այսքան մրցունակ, և սրա հիմնական պատճառն էլ չվերթերի մեծ քանակն է: Մերի Թովմասյանի տվյալներով՝ հայերը նախընտրում են նաև Եգիպտոսը, որովհետև քաղաքական խնդիրների պառճառով շատ ավելի մատչելի է դարձել այն, քան մի քանի տարի առաջ էր: Ավելին, ըստ նրա՝ Եգիպտոսի իշխանությունը մեծ ներդրումներ է անում տուրիզմի մեջ, որպեսզի գրավի զբոսաշրջիկներին: «Թուրքիա գրեթե չեն գնում, համենայն դեպս, ես չեմ հանդիպել նման դեպքի, որ ցանկանան գնալ Թուրքիա: Ուղիղ չվերթ էլ չկա»,- ասաց Մերի Թովմասյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ լավ հանգստի գոտիներ կան, թեև այնքան էլ մատչելի չեն, բայց դա էլ հասկանալի է, որովհետև հյուրանոցը տարածաշրջանում իր որակը պահելու համար պետք է գինը բարձրացնի: «Մենք անընդհատ դրսի հետ ենք համեմատվում, բայց պետք չէ, քանի որ իրենք ավելի երկար սեզոնով են աշխատում, իսկ մեզ մոտ աշխատում են միայն հուլիս-օգոստոս ամիսներին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մերի Թովմասյանը նաև նշեց, որ ծովն ավելի մեծ պահանջարկ ունի, որովհետև մենք ծով չունենք: Բայց դա չի նշանակում, որ միայն ծով գնալով՝ մարդիկ չեն այցելում պատմամշակութային վայրեր, չնայած մարդիկ էլ կան, որ միայն պատմամշակութային վայրեր են գնում:

Երևանում մենք նաև փոքրիկ հարցում անցկացրինք՝ պարզելու համար՝ որտե՞ղ են նախընտրում իրենց հանգիստ անցկացնել քաղաքացիները, կամ՝ առհասարակ կարո՞ղ են իրենց նման շռայլություն թույլ տալ: Հարցվածներից 5-ն իրենց հանգիստն այս տարի անցկացնելու են Եգիպտոսում, 3-ը՝ Հունաստանում, 1-ը որոշել է գնալ գյուղ՝ տատիկի մոտ, ևս 3-ն այս տարի նախընտրում են հանգստանալ Բարսելոնայում, 2-ը հանգստանալու են Հայաստանի տարածքում, ավելի կոնկրետ՝ Ծաղկաձորում, իսկ մեր զրուցակիցներից մեկն էլ ասաց՝ Հայաստանում չի ապրում և եկել է հանգստանալու Երևանում։

Հավելենք, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հայտարարել էր, թե զբոսաշրջության մեկնողների թիվը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակին աճել է 17,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`  կազմելով 266 հազար 324: «Հայաստանցիները նախընտրում են ծովային հանգիստ առաջարկող երկրները: Վերջին մի քանի տարիների ցուցանիշներով՝ հիմնականում մեկնում են Վրաստան, ինչը պայմանավորված է մոտ լինելով ու մատչելիությամբ, Բուլղարիա, սևծովյան և միջերկրածովյան, ինչպես նաև՝ էկզոտիկ երկրներ: Մեծ թիվ են կազմել նաև Եգիպտոս մեկնողները, սակայն վերջերս քաղաքական իրավիճակի հետ կապված՝ հոսքը նվազել է»,- ասել էր Մեխակ Ապրեսյանը:
Դե ինչ, իսկ մեզ մնում է միայն բարի հանգիստ մաղթել բոլորին։

Ռոզա Հակոբյան
Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս