«Հակամարտությունների կարգավորման գործընթացում բանակցությունների ճանապարհը միակն է». Չեխիայի դեսպանը՝ Արցախի հակամարտության կարգավորման մասին
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի գնահատմամբ՝ Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն այս պահին բարձր մակարդակի վրա են։
«Մեր դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 24 տարի առաջ, երբ Հայաստանը ճանաչեց Չեխիայի Հանրապետությունը։ Մենք այն երկրների ցանկում չենք, որոնք նշում են Հայաստանի հետ համագործակցության 25 տարին, մենք կնշենք այն մյուս տարի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեցել են 2 գագաթնակետ։ Առաջինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն էր Չեխիա 2014 թ. հունվարին, երկրորդն էլ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի պաշտոնական այցն էր Հայաստան 2016 թ. հունիսին։
«Սրանք մեր համագործակցության գագաթնակետերն էին, բայց մենք ունեցել ենք նաև այլ այցեր՝ խորհրդարանի նախագահի այցը, արտաքին գործերի նախարարի այցերը և այլ նախարարների այցեր։ Մյուս շաբաթ տեղի է ունենալու պարոն Շարմազանովի այցը Չեխիայի Հանրապետություն, հուլիսին էլ կլինի արդարադատության նախարարինը, իսկ հոկտեմբերին ՝ Չեխիայի Սենատի փոխխոսնակի այցը Հայաստան»,- հավելեց պարոն Միկիսկան։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում Հայաստանի և Չեխիայի հարաբերությունները այդքան էլ բարձր մակարդակի վրա չեն, բայց զարգացման տենդենց նկատվում է վերջին 6 ամիսների ընթացքում, որը, բանախոսի կարծիքով՝ կապված է Հայաստանի տնտեսական զարգացման և չեխ գործարարների հետաքրքրության աճի հետ Հայաստանի նկատմամբ։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Չեխիայի վիճակագրական տվյալները տնտեսության ոլորտում չեն համընկնում, և իրենք չգիտեն՝ դա ինչի՞ց է, իսկ տարբերությունը մի քանի մլն դոլար է կազմում։ Օրինակ, 2015 թ. Չեխիայի վիճակագրական տվյալներով՝ արտահանումը կազմել է 2.5 մլն դոլար, իսկ Հայաստանի տվյալներով՝ ավելի քան 8 մլն դոլար։
«Մենք ունենք որոշ չեխական ընկերություններ, որոնք բիզնես են սկսել Հայաստանում։ «Տատրա» ընկերությունը պետք է արդեն իրականացնի իր գործունեությունը Հայաստանում։ Մենք շարունակում ենք աջակցել նաև այլ կազմակերպությունների, որոնք վերարտադրողական էներգիայի և թափոնի վերամշակման ոլորտից են»,- հավելեց Պետր Միկիսկան։
Առանձնացնելով Չեխիայի և Հայաստանի համագործակցության հաջորդ կարևոր ոլորտը՝ նա նշեց մշակույթն ու կրթությունը. «Չեխիայի կառավարությունն ամեն տարի հայ ուսանողների համար կրթաթոշակների ծրագրեր է ստորագրում, և այս առումով մեծ հետաքրքրություն կա հայ ուսանողների միջև։ Ամեն տարի 200-ից ավելի ուսանողներ պայքարում են հինգ ամբողջական կրթաթոշակի տրամադրման համար։ Մենք նաև ունենում ենք Չեխիայում սովորող ուսանողներ միջազգային «Վիշեգրատ հիմնադրամի» ծրագրերով։ Այն մի հիմնադրամ է, որը ստեղծվել է Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի համագործակցությամբ։ Այս տարի 3 ուսանողներ արժանացան այդ կրթաթոշակին, և ես հուլիսի սկզբին հանդիպելու եմ այդ բոլոր ուսանողների հետ դեսպանատանը»։
Դեսպանի խոսքով՝ Չեխիայում սովորում են ուսանողներ՝ նաև առանց կրթաթոշակի և կես կրթաթոշակով, իսկ ընդհանուր առմամբ ավելի քան 100 հայ ուսանող սովորում է Չեխիայում։
Պարոն Միկիսկայի փոխանցմամբ՝ համագործակցության հաջորդ ոլորտը երկու երկրների մարզերի, տարածաշրջանների համագործակցությունն է։ Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Արմավիրի մարզի և Հյուսային Մորավիայի, Վայոց Ձորի և Կառլովի Վարիի միջև, համաձայնագիր կա նաև Ջերմուկի և Կառլովի Վարիի միջև, որովհետև այնտեղի հանքային ջրերի բաղադրությունը մոտ է, իսկ հաջորդ համագործակցող մարզերն են Տավուշը և Հրադեց Կրալովեյը։
«Մենք այս համագործակցող տարածաշրջանների միջև միշտ նմանություններ ենք փնտրում։ Տավուշում և Հրադեց Կրալովեյում ունենք նույնանման ազգային պարկեր և լանդշաֆտ»,- նկատեց բանախոսը։
Հարցին, թե դեսպանն ի՞նչ դիրքորոշում ունի Տավուշում հակառակորդի հրադադարի ռեժիմի խախտման մասին, նա պատասխանեց. «Մենք դեմ ենք զինյալ հակամարտություններին, և դեմ ենք նաև միջազգային սահմանների վրա տեղի ունեցող հարձակումներին։ Դրանք ընդունելի են։ Ես չեմ ասում, թե մենք չենք ընդունում կրակոցներ միջազգային սահմանի վրա, բայց Ղարաբաղում ընդունում ենք։ Ո՛չ, երկուսի պարագայում էլ դա մեզ համար անընդունելի է»,- նշեց պարոն Միկիսկան։
Նրա գնահատմամբ՝ հակամարտությունների կարգավորման գործընթացում բանակցությունների ճանապարհը միակն է, և, նրա կարծիքով՝ 21-րդ դարում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Բանախոսը նշեց նաև, որ Տավուշի հետ կապված իրենք աջակցում են միջազգային «Կարմիր խաչ» կազմակերպությանը և բարձր են գնահատում նրանց կատարած աշխատանքը։
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում շուտով ստորագրվող համաձայնագրին՝ Պետր Միկիսկան ասաց, որ պետք է լինել իրատես. «Ես հուսով եմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում և կյանքի կկոչվի»։
Ռոզա Հակոբյան