Կառավարության կարճ ու երկար ծրագրերը
ՀՀ Ազգային ժողովն այս օրերին քննարկում է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Հիշեցնենք, որ ծրագիրը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած արտահերթ նիստում։
Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրն ԱԺ-ի կողմից հավանության էր արժանացել 8 ամիս առաջ՝ 2016թ. հոկտեմբերի 21-ին։ Փաստաթուղթն ընդունվել էր ձայների 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Մենք փորձել ենք համեմատական անցկացնել այսօր քննարկվող և 8 ամիս առաջ ընդունված ծրագրերի միջև՝ մի քանի տեսանկյունով։
Ծավալը
Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրը յուրօրինակ ռեկորդ էր գրանցել վերջին տարիների կտրվածքով՝ լակոնիկության առումով։ Ծրագիրը բաղկացած էր 5773 բառից (33 էջ)։ Ավելի լակոնիկ եղել էր միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003թթ. ծրագիրը՝ 4974 բառ։ Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության 2014 թվականին ներկայացված ծրագիրը բաղկացած էր մոտ 14 000 բառից, այն ամենածավալունն էր։ Կ. Կարապետյանի կառավարության 2017-2022թթ. ծրագիրը, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում, նույնպես ռեկորդային է՝ երկարության առումով։ Այն բաղկացած է 25 172 բառից (122 էջ)։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև նախկին ծրագիրը, այսպես ասած, միջանկյալ բնույթ ուներ, և շեշտը դրված էր հիմնականում առաջին 6 ամիսների գործունեության վրա։ Այս մեկն ավելի մանրամասն է ներկայացնում առաջիկա 5 տարիներին իրականացվելիք քայլերը։
Բովանդակությունը և կոնկրետությունը
Կառավարության ծրագրի յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում։
Նախորդ ծրագրի համեմատ՝ գլխավոր տարբերությունն այն է, որ կան մի քանի հստակ թիրախային ցուցանիշներ։
Դրանց թվում են՝ տարեկան միջինը 5% տնտեսական աճը, աղքատության մակարդակի նվազեցումը 12 տոկոսային կետով, նվազագույն աշխատավարձի բարձրացումը 25%-ով, ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ի 40-45%-ին հասցնելը, հարկային եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը 2.5 տոկոսային կետով ավելացնելը, տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվն առնվազն 3 միլիոնի հասցնելը, և այլն:
Այսինքն, ի տարբերություն նախորդ ծրագրի՝ այս ծրագիրը հնարավորություն տալիս է 5 տարի անց գոնե առանցքային ցուցանիշների մասով հաշվետվողականություն ապահովել։ Սակայն մյուս կողմից՝ կան ոլորտներ, որոնց մասով կոնկրետությունը բացակայում է։ Օրինակ՝ նախորդ ամիսների ընթացքում տնտեսական օրակարգի ամենից շատ քննարկված թեման եղել է օտարերկրյա ներդրումները։ Խոսքը կառավարության խոստացած թվերի մասին է՝ 5 տարվա ընթացքում՝ մոտ 3.4 մլրդ դոլարի ներդրումներ, որից 830-840 մլն դոլարը՝ այս տարվա ընթացքում։ Սակայն կառավարության ծրագրում ներդրումների հստակ թվային թիրախ սահմանված չէ։ Ծրագրում այս մասով նշվում է. «ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը»: Սակայն կոնկրետ թիրախ չի նշվում։
Վերաբերմունքը և տրամադրությունը
8 ամիս առաջվա և ներկայի գլխավոր տարբերություններից մեկը, թերևս, հասարակության սպասումներն ու վերաբերմունքն են։ Կարեն Կարապետյանի նշանակմամբ հասարակության մոտ լավատեսական սպասումներ ձևավորվեցին։ Տարբեր հարցումների համաձայն՝ վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ բավականին դրական էր։ Դա անուղղակիորեն երևում էր նաև սոցցանցերում՝ բացասական բնույթի գրառումներն ու մեկնաբանությունները բավականին քիչ էին։ Կարճ ասած, Կարեն Կարապետյանը գործունեությունը սկսվեց վստահության մեծ պաշարով։
Նոր հարցումներ առայժմ չեն հրապարակվել։ Սակայն անգամ սիրողական մակարդակով՝ կարելի է նկատել, որ վերաբերմունքը նախկինը չէ։ Իհարկե, սա բացատրելի է։ Նախ՝ ցանկացած հասարակության մեջ ցանկացած ղեկավարի նկատմամբ ոգևորությունը բավականին շուտ է մարում։ Երկրորդ՝ ինչպես նախկինում նշել ենք, Կարեն Կարապետյանի նշանակմամբ հասարակության որոշ շերտերի մոտ ձևավորվեցին արագ փոփոխությունների չափազանցված սպասումներ, որոնք չարդարացան։ Եվ երրորդ՝ վերջին շրջանում անընդհատ շրջանառվող խոսակցությունները Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի կամ 2018-ին վարչապետի պաշտոնը թողնելու մասին՝ չեն կարող բացասական ազդեցություն չունենալ տրամադրությունների վրա։ Բացի այդ, ԱԺ ընտրություններն այս անգամ էլ անցան մասշտաբային ընտրակաշառքներով, խորհրդարանում հայտնվեցին օլիգարխիայի ներկայացուցիչները, կառավարության կազմը փոփոխություն չկրեց, և այլն։
Ի դեպ, տրամադրության փոփոխություն նկատվում է հենց իր՝ վարչապետի մոտ։ Որքան էլ նա փորձում է հայտարարել, որ նման բան չկա, անգամ խոսելու տոնից և դեմքի արտահայտությունից ակնհայտորեն երևում է, որ նախկին «դրայվը չկա»։ Եվ, ինչպես Կարեն Կարապետյանի կողմից մի քանի անգամ պատմված անեկդոտում է ասվում՝ նման տրամադրությամբ դժվար թե «փիղը ծախվի»։
Կարևորությունը
Որքանո՞վ է կարևոր կառավարության ծրագիրը։ Կամ ընդհանրապես՝ այն որքանո՞վ է կարևոր եղել։ Կարելի է ասել՝ շատ քիչ չափով։ Ամենալավ ապացույցը նախկին ծրագրերի համար հաշվետվողականության բացակայությունն է։ Օրինակ, ինչպես նախորդ հոդվածներում նշել ենք, ՀՀԿ-ի նախկին կառավարությունը (Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ) խոստանում էր աղքատության 8-10 տոկոսային կետով կրճատում և 5-7% տնտեսական աճ: ՀՀԿ-ի մյուս կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, խոստանում էր, որ արդեն այս տարի նվազագույն աշխատավարձը կլինի 65 հազար դրամ։ Էլի շատ բաներ են խոստացել, սակայն մենք առանձնացրեցինք մի քանի կոնկրետ՝ թվային խոստում։
Այդ խոստումների մեծ մասը չի կատարվել։ Սակայն 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ դա ոչ մի նշանակություն չունեցավ։ Հասարակությունը, մեծ հաշվով, ՀՀԿ-ից պատասխան չպահանջեց չկատարված խոստումների համար։
Այժմ էլ կառավարությունը հնչեցնում է թվային խոստումներ, որոնք նախընտրական ծրագրում չկային։ Ու ոչ ոք չի ասում՝ ինչո՞ւ շուտ չէիք ասում, որ 2022-ին ընդամենը 69 հազար դրամ նվազագույն աշխատավարձ եք խոստանալու։ Նույնկերպ՝ մի քանի տարի հետո ոչ ոք չի հարցնելու այս ծրագրում տեղ գտած խոստումների մասին։ Չէ, հարցնողներ կլինեն, սակայն հասարակությունը, մեծ հաշվով, «հաշվետվություն» չի պահանջի իշխող քաղաքական ուժից։
Հասարակության մի զգալի մասը չի էլ կարդացել ու չի էլ կարդա այս ծրագիրը (ինչպես և նախկին ծրագրերը)։ Ավելին՝ խիստ կասկածում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների գոնե կեսը կառավարության ծրագիրն ամբողջությամբ ուսումնասիրել են։
Բացառությամբ մի քանի հոգու՝ մնացածը պարզապես աչքի են անցկացրել 122 էջանոց այդ փաստաթուղթը, գտել ինչ-որ կետեր, որոնց մասին կարելի է հարցեր տալ։ Կամ ԶԼՄ-ների հոդվածներից քաղել են ինչ-որ բաներ, որոնց վրա կարելի է ելույթ կառուցել։
Կարճ ասած՝ փորձում են պատրանք ստեղծել, որ ուսումնասիրել են ծրագիրն ու լուրջ դիտարկումներ ունեն։ Այո, առանձին դրվագներ կարող են հետաքրքրություն ներկայացնել, սակայն ուսումնասիրություն, որը կառավարության 5 տարիների գործունեության ծրագիրը կդիտարկեր մեկ ամբողջության մեջ ու կոնցեպտուալ գնահատական կտար, չկա։
Այն պարզ պատճառով, որ կառավարության ծրագիրն իրականում ոչ ոքի հետաքրքիր չէ։
«168 Ժամ» թերթ