«Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը նման հարձակումներով»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ սահմանային զարգացումներն ունեն հիմնականում մեկ պատճառ՝ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ։ Նրա խոսքով՝ սահմանային լարվածության առիթները շատ են, բայց ժամանակն է՝ առիթների քննարկման դիսկուրսը դադարեցնելու և հասկանալու, թե ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը նման հարձակումներով և ի՞նչ թիրախներ է փորձում խոցել սահմանում՝ իրավիճակը սրելով։

«Վաղուց արդեն կասկածում էի և արդեն եկա այն համոզման, որ Ադրբեջանն ունի հստակ որոշված թիրախներ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական տրամադրությունների վրա ազդելու թիրախներ, և օգտագործում է տարբեր առիթներ այդ թիրախները խոցելու համար։ Այսինքն՝ մի կողմից՝ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը՝ տնտեսական. հաղորդակցական առումներով՝ երկաթգծեր, գազամուղ է կառուցում, և այլն, Իրանում տարածքներ է վարձակալության վերցրել, փորձում է Իրանի պոտենցիալն օգտագործել բեռնափոխադրումներ իրականացնելու համար, և այս կերպ նա ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային բոլոր հաղորդակցական ծրագրերից»,- նշեց քաղաքագետը։

Վերջինիս խոսքով՝ սահմանում իրավիճակ լարելով՝ Ադրբեջանը միշտ չէ, որ փորձում է ռազմական վնաս պատճառել հայկական կողմին: Ըստ Հ. Մելիք-Շահնազարյանի՝  իրենց հաշվարկները երբեք հենված չեն այն մտքի վրա, թե 3-4 հայ զինվոր սպանելով՝ իրենք կկորցնեն, օրինակ, 10-ը, և դա կհամարեն պարտություն։

«Ամենևին այդպես չէ։ Ադրբեջանում հստակ հասկանում են, որ սահմանային իրադարձություններն ազդում են այլ ոլորտների վրա, հասարակական տրամադրությունների վրա, և նման լարվածության են գնում՝ մտքում ունենալով այդ հաշվարկը։ Նույն Ալիևի վարչակազմում մտածում են, որ, եթե իրենք կորցնեն 10 զինվոր, միևնույն է՝ շահում են հասարակական դժգոհություններ Հայաստանում, միևնույն է՝ շահում են անվստահություն բանակի և պետության հանդեպ մեր երկրի ներսում, և այս ամենը գումարելով իրար՝ ըստ էության՝ Ադրբեջանը գնում է նման քայլերի»,- հավելեց բանախոսը։

Կարդացեք նաև

Հ. Մելիք Շահնազարյանի գնահատմամբ՝ սա իմանալով՝ շատ կարևոր է հասկանալ այն թիրախները, որոնց ուղղությամբ աշխատում է  Ադրբեջանը, և փորձել արգելքներ դնել հակառակորդի առջև այդ թիրախները խոցելու քաղաքականության մեջ, իսկ հաշվարկները և պատասխանները պետք է լինեն ոչ թե արտաքին երևացող փաստերը հակակշռելու տրամաբանությամբ, այլ պետք է հասկանալ, որ ավելի կարևոր խնդիրներ էլ կան, և ավելի լուրջ աշխատանք էլ կա անելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կասեցնելու համար։

«Վերջին շրջանի լարվածություն չկա, որովհետև այս վերջին շրջանն արդեն ուղիղ երեք տարի է, որն էլ ռազմաքաղաքական իրավիճակ է փոխել տարածաշրջանում, Հայաստանի և  Ադրբեջանի հարաբերություններում, և արդեն նոր տրամաբանության մեջ են ընթանում բոլոր քննարկումները և զարգացումները թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ սահմանին, թե ՛ միջազգային այլ հարթակներում։ Պետք է ավելի հեռուն նայել՝ հասկանալու համար, թե  ի՞նչ մեթոդներով մենք կարող ենք տարածաշրջանում հասնել կայունության, և, որ ամենակարևորն է՝  անվտանգություն ապահովել»,- հավելեց քաղաքագետը։

Հարցին, թե արդյո՞ք վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է պատերազմական լայնածավալ գործողությունների գնալ, նա պատասխանեց, որ Ադրբեջանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս իրենք չունեն և նաև չունեն վստահություն, որ կարող են դրական ընթացք ապահովել այդ պատերազմի համար։

«Դա մի քանի գործոններով երևացել է. ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ  ունենալով անսպասելիության առավելությունը, լավ պատրաստված լինելը՝ Ադրբեջանը չկարողացավ մարտական գործողություններն այն աստիճանի վրա վարել, որ դրանք վերաճեն լայնածավալ պատերազմի և որոշակի խնդիրներ լուծեն։ Այս տարի էլ մի քանի անգամ եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր, և մենք տեսանք, թե ինչքան օպերատիվ և արագ բացահայտվեցին դրանք։ Ադրբեջանը հասկանում է, որ ուժերի նման հավասարակշռության պայմաններում չի կարող պատերազմ սկսել և հաջողության հասնել»,- նկատեց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի ներքին խնդիրները, որոնք չափազանց շատ են՝ տնտեսականից սկսած՝ վերջացրած  իրենց զինված ուժերի ներսի հակասություններով, որոնք, ըստ բանախոսի՝ հիմնականում դրսևորվում են ՊՆ նախարարի և գլխավոր շտաբի պետի հակասություններով։

«Շատ խոչընդոտող հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս Ադրբեջանին սկսել լայնածավալ պատերազմ, բայց պատերազմն իրենց իրականում պետք է։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ ապրիլին շատ կարևոր քաղաքական գործոններ շահարկելու հնարավորություններից Ադրբեջանը զրկվեց։ Օրինակ՝ երբ խոսում ենք փոխզիջումային տրամաբանության մեջ բանակցային գործընթացի մասին, նախկինում Ադրբեջանը պատերազմ չսկսելն արդեն իսկ փոխզիջում էր ներկայացնում՝ նշելով՝ իրենց ռազմական բյուջեն  Հայաստանի ողջ բյուջեի չափ է, և ամեն պահի պատերազմի միջոցով կարող են մեկ շաբաթում հարցը լուծել։ Նման քաղաքական շահարկումներից զրկվեցին նրանք, և իրավիճակը բանակցությունների սեղանի շուրջ այնպիսին է, որ Ալիևն ինքն է խոստովանում՝ իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչել Արցախը»,- հավելեց պարոն Մելիք-Շահնազարյանը։

Նրա համոզմամբ՝ այս առումով Ադրբեջանին պատերազմ պետք է, բայց ռեսուրս չունեն, այսինքն՝ ցանկության և հնարավորությունների անհամապատասխանության խնդիրն է։
«Ես չեմ տեսնում այս պահին լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով լոկալ ավելի լուրջ բախումներ, քան վերջին օրերին ականատես եղանք։ Ւնչո՞ւ չէ, նաև  մոտավորապես այն, ինչ տեսել ենք ապրիլին»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս