«Ռուսաստանը Հայաստանի խնդիրն է, ՆԱՏՕ-ն ի՞նչ կարող է անել»

Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հարաբերությունները զարգանում են այնքանով, որքանով թույլ է տալիս ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների 5-րդ ծրագրով, որը հաստատվել է վերջերս, նախատեսվում է աջակցություն Հայաստանին պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացման, ՀՀ խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների և հնարավորությունների զարգացման ուղղություններով։ Առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, իսկ Հայաստանում սպասվում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ։ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ զրուցել ենք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուի հետ։

– Պարոն Լահու, Հայաստանը շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, կարևորվում է մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, և այլն։ Ի՞նչ խնդիրներ կան՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ավելի ընդլայնելու առումով։

– Չեմ կարծում, որ խնդիրներ կան։ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սահմանվում են Հայաստանի կողմից՝ կապված ձեր երկրի քաղաքականության հետ։ Հայաստանն է որոշում՝ ինչպես է համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք համագործակցում ենք այն բոլոր գործիքների միջոցով, որ ունենք։

Հայաստանը գործնականում բոլոր ձևաչափերով մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, դուք զինվորներ և սպաներ ունեք Աֆղանստանում, Կոսովոյում, դուք մասնակցում եք Օպերատիվ կարողությունների հայեցակարգով նախատեսված միջոցառումներին, որը թույլ է տալիս օգնել և նախապատրաստել ռազմական միավորները խաղաղապահ գործողություններին, դուք մասնակցում եք այլ տարբեր ռազմական ֆորմատների ծրագրերի, ինչպես, օրինակ, Ռազմական կրթության զարգացման ծրագիրը, պլանավորման և վերանայման գործընթացը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, և այլն։

Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ։

Այդ ծրագրի մեկնարկի համար գերմանական կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլն եվրո։ Ներկայումս ընթանում են իրավական պայմանագրի կնքման շուրջ վերջնական բանակցությունները, որպեսզի սկսենք նախագիծը։ Այսինքն՝ այն շատ շուտով կմեկնարկի։ Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը։

Սա բոլորովին նոր նախագիծ է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համար, և առաջին անգամ է, որ Հայաստանը կունենա Վստահության հիմնադրամ։ Դրա շուրջ մենք աշխատանքները սկսել ենք մոտ 5 տարի առաջ։ Եվ այժմ հասել ենք փաստաթղթի ստորագրման պահին։ Դա շատ դրական է։

Մենք անցած տարի Հայաստանի հետ նաև սկսել ենք անհատական ուսուցման նոր նախագիծ՝ օգտագործելով ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի հնարավորությունները՝ Հայաստանի տարբեր պետական կառույցներում ընդգրկված անձանց համար հանրային կառավարման շրջանակներում առաջնորդության դասընթացներ անցկացնելու համար։ Նաև համագործակցում ենք պաշտպանության, անվտանգության ոլորտում, որը նույնպես նորություն է։

Այսինքն՝ մենք նախաձեռնություններ ունենք Հայաստանում նոր նախագծեր սկսելու, բայց համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու համար մենք կարիք ունենք Հայաստանի կողմից նոր մոտեցման, նոր հայեցակարգի, թե որքան սերտ հարաբերություններ եք դուք ցանկանում ունենալ ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այնպես, ինչպես Վրաստանն է պատրաստվում անդամակցել մեր դաշինքին։

Եվ, քանի որ Վրաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, նա ավելի շատ ուղղություններով համագործակցելու գործիքներ ունի։ Եթե Հայաստանը, ի վերջո, որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում, դաշինքում ձեր անձնակազմի պաշտոնները, և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։

– Ի՞նչ դերակատարում ունի այդ հարցում Ռուսաստանը։

– Դա նույնպես կախված չէ ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանը Հայաստանի խնդիրն է։ ՆԱՏՕ-ն ի՞նչ կարող է անել։

– ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է նպաստել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությանը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

– Դա շատ հետաքրքիր է և շատ դրական։ Ես չգիտեմ, թե դա ինչպե՞ս կարող է տեղի ունենալ։ Դա պետք է քննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի Հանրապետության ղեկավարները։ Այդ հարցի հասցեատերն ավելի շուտ նրանք են, ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչ մեխանիզմներով դա կարող է աշխատել։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար անվտանգության սպառնալիք է ընկալվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, և դա է հիմնական պատճառը, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազա: Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Կարծում եմ՝ դա ընդունելի դիրքորոշում է Հայաստանի դեպքում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Սա գուցե զգայական ընկալում է, որի պատճառը գուցե Թուրքիայի և Ադրբեջանի միջև սոցիալական, տնտեսական սերտ համագործակցությունն է։ Բայց որպես առանձին ազգային միավոր` Թուրքիան չի սպառնում Հայաստանին։ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում զբաղվում է միայն խաղաղապահական գործունեությամբ։

– Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ձեր կարծիքով՝ ծայրահեղականների կողմից Հայաստանի համար կա՞ որևէ սպառնալիք։

– «Իսլամական պետությունը» կամ ԴԱԻՇ-ը սպառնում է շատ երկրների, այդ թվում՝ այն սպառնալիք է Կովկասյան տարածաշրջանի համար, որովհետև այդ տարածաշրջանի շատ քաղաքացիներ պայքարում են ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայում։ Վտանգը, որ, եթե նրանք վերադառնան, կարող են ձեռնարկել որոշ ահաբեկչական գործողություններ տարածաշրջանում, այո, այդպիսի վտանգ կա։ Թե ինչպես ռուսական զինվորականները կարող են արձագանքել, ես չգիտեմ։

– Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում առավել ազդեցիկ միջազգային դերակատարը, նաև Հայաստանին և Ադրբեջանին զենքի առաջին մատակարարն է: Համամի՞տ եք փորձագետների կարծիքին, որ Ռուսաստանն ավելի շատ հետաքրքրված է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում, քան լուծելու խնդիրները:

– Կարծում եմ՝ եթե դիտարկեք Ռուսաստանի գործողությունները, որ սպառազինություն է մատակարարում երկու կողմին էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, և միաժամանակ մասնակցում է խաղաղարարական գործընթացին, ապա այստեղ ակնհայտ է հակասությունը։ Եվ Ռուսաստանը, իհարկե, շահագրգռվածություն ունի Ղարաբաղյան հակամարտությունում։ Արդյոք դա լա՞վ արդյունք կտա, թե՞ ոչ, կախված է Մոսկվայի քաղաքական կամքից և աջակցությունից։ Իհարկե, Ռուսաստանն ամբողջությամբ չի վերահսկում գործընթացը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշում կայացնեն և որոշակի համաձայնության գան, որը, հուսով եմ, ոչ այդքան հեռու ապագայում կլինի։

– Իսկ Հայաստանն ինչպե՞ս կարող է ավելի մեծ անկախություն ձեռք բերել Մոսկվայից։

– Դա շատ քաղաքական հարց է։ Հայաստանի քաղաքացիներն ու ղեկավարությունը պետք է նման որոշում կայացնեն։ Լավ թե վատ, բայց դուք եք որոշողը՝ ինչ հարաբերություններ կառուցեք այլ պետությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս