«Իվանիշվիլին Վրաստանը տանում է հեղափոխության». Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն խստիվ քննադատել է ընտրական օրենսդրության այն ուղղումները, որոնք մշակվել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության կողմից։
Նախաձեռնված օրինագծերի փաթեթի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների կեսից ավելին (13 հոգուց յոթը) կնշանակեն միայն այն կուսակցությունները, որոնք խմբակցություն ունեն խորհրդարանում: Այդ իրավունքը չեն ունենա այն ընդիմադիրները, որոնք նույնիսկ կկարողանան հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եւ ֆինանսավորում կստանան պետական բյուջեից:
Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ի հինգ անդամներին ընտրում է խորհրդարանը՝ Վրաստանի նախագահի ներկայացմամբ, իսկ յոթին՝ այն քաղաքական միավորումները, որոնք ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից: «Փաստ է, որ ժողովրդից խլում են ընտրելու իրավունքը, որովհետեւ Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետը եւ «Վրացական երազանքի» հիմնադիրը) եւ նրա հետ միասին բոլոր այն պատգամավորները, որոնք ստորագրում են այդ փաստաթուղթը, ստեղծում են մի իրադրություն, որը հսկայական քայլերով երկիրը տանում է հեղափոխության»,-հայտարարել է Բուրջանաձեն մամուլի ասուլիսում:
Նախաձեռնված ուղղումները միտված են այն բանին, որ Վրաստանում քաղաքական կուսակցություններ չլինեն, նշել է նա:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի հոկտեմբերին, հաղորդել է Sputnik-ը: