Բաժիններ՝

Շորժայում ծիրանի այգի է հիմնվել

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում, Սեւանա լճի ափամերձ տարածքում, Նկարիչների միության պանսիոնատի հարևանությամբ 10 հեկտար տարածքի վրա ծիրանի այգի է հիմնվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, ծիրանի այգին հիմնվել է 2016 թվականին Շորժայի բնակիչ Շահունի Շուշանյանի նախաձեռնությամբ եւ սեփական միջոցներով: «ՓՄՁ ԶԱԿ»-ի կողմից ծրագրի իրականացման համար տրամադրվել է մոտ 16 միլիոն դրամի վարկային միջոց:

«Ծիրանի այգու հիմնման համար ծախսվել է մոտ 130 միլիոն դրամ: Տնկվել է 2250 հատ ծիրանի մեկ տարեկան տնկիներ՝ մոտ 1 մետր հասակով, եւ 2000 հատ բարդի՝ որպես պաշտպանիչ շերտ: Կառուցվել են խորքային հոր, կաթիլային ոռոգման համակարգ, տրանսֆորմատորային ենթակայան, ցանկապատ: Այգու պահպանման, խնամքի ու զարգացման համար ստեղծվել են 12 մշտական աշխատատեղեր, որտեղ ընդգրկված են այգեգործ մասնագետներ կամ գիտնականներ: Ամեն ինչ արվում է մասնագիտական հաշվարկների հիման վրա: Մեկ տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ծիրանի այգու հիմնումը մեր համայնքում լավ քննություն է բռնել»,- պատմեց Սուլիկո Շուշանյանը:

Գյուղապետի կարծիքով՝ նորաստեղծ այգու համար դժվար փորձություն էր նախորդ ձմռան ցուրտը, ինչը հաջողությամբ հաղթահարվել է:

«Մեր տնկած ծառերի 90 տոկոսն արդեն ապահովել է բավարար կպչողականություն եւ կենսունակություն: Ծառերը ժամանակին սնուցվում են, ոռոգվում, հսկվում ու խնամվում: Կարծում եմ, որ չորրորդ տարում այգին կապահովի առաջին բերքը եւ կսկսի եկամուտ բերել: Այն հիմնված է ծովի մակարդակից 1915-1932 մետր բարձրությունում:

Կարդացեք նաև

Շորժայում ծիրանի բերքը հասունանում է օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի սկզբներին, ճիշտ այն ժամանակ, երբ Արարատյան դաշտում ծիրանի բերքի սպառման պատճառով շուկայում համապատասխան պահանջարկ է առաջանում: Բացի այդ, որոնելու ենք նաեւ արտահանման հնարավորություններ: Եվ, քանի որ մեծ են ակնկալիքները, մտածել ենք նաեւ ծիրանի այգու ընդարձակման ծրագրի մասին, ինչի դեպքում գործ ենք ունենալու ավելի մեծ ծավալի ձեռնարկների հետ:

Արտանիշի թերակղզու արեւմտյան փեշին, նորաստեղծ այգուց մոտ 300 մետր հեռավորությամբ այս աշնանը ծիրանի տունկ պետք է կատարվի արդեն 40 հեկտարի վրա, որի համար ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները: Ծրագիրը ոչ միայն շահավետ բիզնես է, այլ նաեւ բնապահպանական ու գյուղատնտեսական նշանակության կարեւոր ձեռնարկ, կայուն աշխատատեղեր»,- հավաստեց գյուղապետը:

Ընկերությունն առավել մտահոգված է այգին ու ապագա բերքը կարկտահարության վտանգներից հուսալիորեն պաշտպանելու խնդիրներով:

«Մտածում ենք կառավարության օժանդակությամբ հակակարկտային կայանք տեղադրելու մասին: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կարողանայինք կարկտահարության սպառնալիքը չեզոքացնել պաշտպանիչ ցանցերի օգնությամբ, ինչը, սակայն, թանկ հաճույք է: Մնացած դեպքերում մեր հույսը կախված է լինելու բնության քմահաճույքից: Լիահույս ենք, որ մինչեւ բերքատվության շրջանը լուծած կլինենք նաեւ կարկտահարության սպառնալիքի դեմ պայքարի խնդիրը»,-ամփոփեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս