«Կինոփառատոնը ոչ միայն կինոյի, այլև մշակույթի, արվեստի, տրամադրության տոն է». Ազդարարվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացումը
«Ուրախ ենք 14-րդ անգամ ազդարարել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսին ներկա էին նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
«Կինոփառատոնը ոչ միայն կինոյի տոն է, այլև մշակույթի, արվեստի, տրամադրության տոն է: Սա կինոյի զարգացման մեր պատկերացրած հայեցակարգում, որն այս պահին մշակվում է, կարևորագույն ու լրջագույն դերակատարություն է ունենալու, քանի որ այն ոչ միայն փառատոն է, այլև հարթակ է, որտեղ պետք է շփվեն, մտքեր փոխանակեն կինոարտադրողները, կինոգործիչները»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև պաշտոնական ազդագիրը, որն արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմին է: Այն ներկայացված է 3D ձևաչափով: Դիզայնի հեղինակներն են Դիանա Աղամյանը, Սիլվի Բեգլարյանը:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա նորամուծությունն այն էր, որ հանդիսատեսին ընդգրկեցին, և ասացին, թե ինչ ֆիլմ կցանկանային բերել Կաննի փառատոնից: Արդյունքում՝ 8 ֆիլմ բերվեց կինոփառատոնից:
Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի կարծիքով՝ փառատոնի մակարդակը մեծապես կախված է ժյուրիի հեղինակությունից և ծրագրերի գեղարվեստական որակից, և ամեն ինչ արվում է, որ ժյուրին կազմված լինի հեղինակավոր ստողծագործողներից:
Խաղարկային մրցույթի ժյուրիում 4 ռեժիսոր է ընդգրկված: Գլխավորելու է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը: Վավերագրական մրցույթի ժյուրին կգլխավորի ամերիկացի վավերագրող Յուջին Քորը: Իսկ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթը կգլխավորի հայ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:
Գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրեց բացման ու փակման ֆիլմերը: Բացման ֆիլմն է՝ «Խասփուշը», որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:
Փառատոնը փակվելու է «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի ցուցադրությամբ: «Վերաբերում է Ցեղասպանությանը, և պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին»,- ներկայացրեց Սուսաննա Հարությունյանը:
Փառատոնի գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշեց, որ այս փառատոնի շնորհիվ Հայաստան անունը կհչեցվի ամբողջ աշխարհում: «Ու կարևոր է, որ մենք կանգնած լինենք այս ծրագրի կողքին, որովհետև այս փառատոնն ամեն տարի արդարացնում է իր առաքելությունը: Այն չի սահմանափակվի միայն Հայաստանի տարածքում: Մենք ձգտում ենք ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ինչի կարող է հասնել հայը, հատկապես՝ կինոասպարեզում»:
Տեղեկացնենք, որ տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կատիվացնի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:
Անի Թորոսյան