«Սևան-Հրազդան կասկադի» գնորդի փնտրտուքները շարունակվում են
Ռուսական «ՌուսՀիդրո» հոլդինգը դեռևս «Սևան-Հրազդան կասկադ» ՀԷԿ-ի գնորդի փնտրտուքների մեջ է: Մինչ այս մի քանի հայտեր են եղել, սակայն դրանք, կարծես, լուրջ չեն եղել: Հոլդինգի տնօրեն Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ այժմ նոր ներդրողների հետ են բանակցում: Տեղեկություններ են տարածվել, որ ինչպես ՀԷՑ-ի դեպքում, այնպես էլ «Սևան-Հրազդան կասկադի» նոր սեփականատերը Ռուսաստանում գործունեություն ծավալած հայտնի հայ գործարար կլինի:
Կասկադի վաճառքի խնդրում Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանը քաղաքական վտանգ չի տեսնում:
168.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ Սևան-Հրազդան կասկադը Հայաստանի էներգետիկ կարևորագույն օբյեկտներից մեկն է, և կառավարությունը պետք է աչալուրջ և չափազանց զգոն ու հավասարակշիռ մոտենա այս ծավալվող գործարքի և ընդհանուր իրադրության շուրջ:
«Հիշեցնենք, որ Սևան-Հրազդան կասկադն այս պահին երկրորդ ամենաէժան էներգիա արտադրող կառույցն է: Սնվում է Սևանից, այսինքն` հզորագույն և դարավոր պաշարներ ունեցող բնական ջրամբարից, այսինքն` դա երաշխավորված և կայուն, մոտ տարեկան կես միլիարդ արտադրանք երաշխավորվող կասկադ է: Ընդ որում` տեղակայված հզորությունը շատ ավելին է, Սևան-Հրազդան կասկադը կարող է իրականում մինչև 3 մլրդ ԿվտԺ արտադրել: Բայց քանի որ սահմանափակում ենք Սևանից ջրի արտահոսքը, մենք վերջին տասնամյակում արտադրում ենք ընդամենը կես միլիարդ ԿվտԺ էլեկտրաէներգիա»,- ասաց Ա.Մարջանյանը:
Ըստ նրա` 90-ականների ճգնաժամի ժամանակ այս կասկադն աշխատել է իր ողջ հզորությամբ և պիկում արտադրում էր 2.8-3 մլրդ ԿվտԺ էլեկտրաէներգիա, թեև վճարված գինը մեծ էր, տեղի ուննցավ Սևանի դարավոր պաշարների մաշում, մակարդակի անկում` հարակից շրջանների էկոլոգիական պրոբլեմներով հանդերձ:
Հիշեցնենք, որ Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին էր փոխանցվել «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: