«Ադրբեջանը վաղուց փոխել է իր նպատակը»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Միջազգային ճգնաժամային խումբը մարդասպանների խումբ է, որը զբաղված է ամբողջ աշխարհում պատերազմների հրահրմամբ, ճգնաժամերի ստեղծմամբ՝ նպատակ ունենալով պահպանել կառավարման գոյություն ունեցող համակարգը։

«ԵԱՀԿ-ն մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի հրահրողներից մեկն էր, որովհետև, եթե դուք ձեր փաստաթղթերում գրում եք՝ օկուպացված տարածքներ, եթե Սարսանգի մասին որոշում եք ընդունում, որ օկուպացիայի պատճառով բնակչությունը մնացել է առանց ջուր, դուք ասում եք Ադրբեջանին՝ օրինական իրավունք ունես պատերազմով վերադարձնել այդ տարածքները»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նա։ Մանուչարյանի խոսքով՝ ոչինչ չի փոխի նաև միջազգային դիտորդների թվի 7-ով ավելացումը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ միջազգային դիտորդների թիվը 7-ով կավելանա: «Ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների քանակական կազմը մեծացնելու մասին պայմանավորվածություն: Դրան համաձայնել են երկու կողմերը:

Սակայն պահպանվում են մանրամասների վերաբերյալ տարաձայնություններ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ»,- մասնավորապես ասել էր նա։

Կարդացեք նաև

«Կա մի տրամաբանություն, որի մեջ դրված են այդ ամբողջ իրադարձությունները։ Եթե մենք թույլ տանք, որ մեզ խաբեն, մենք հիմնականը բաց կթողնենք։ Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածը կատարել է մեծ հանցագործություն՝ տարածաշրջանի ժողովուրդների դեմ, երբ 2000-ականների սկզբին հրապարակեց մի փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր՝ օկուպացված տարածքներ, նաև նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարածքները չբնակեցվեն հայերով։ Եթե նշեին՝ հայաստանցիներով, էլի կհասկանայինք։

Հետևաբար՝ Միջազգային ճգնաժամային խումբը մարդասպանների խումբ է, և պետք է իրերն իրենց անունով անվանենք։ Զիվորները դրված են այդ իրավիճակի մեջ, և մենք ոչ թե պետք է մեղադրենք հայ կամ ադրբեջանցի զինվորներին, այլ այն հանցագործներին՝ ի դեմս միջազգային կառույցների, գերտերությունների, որոնք այդ սպանդն իրականացնում են»։

Ա. Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ արձագանք կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան և Ստեփանակերտ։

«Պարոն Նաթանյահուն (նկատի ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին.- Ռ.Մ.) կասի՝ ինչ արձագանք պետք է ունենա, այդ արձագանքն էլ կունենա։ Պարոն Նաթանյահուն այն երջանիկներից է, որ որոշում է այս մոլորակի բախտը, և, եթե նա որոշեց, որ Ադրբեջանը պետք է դրանից հետո կրակի, հայ զինվոր սպանի, և այլն, Ադրբեջանն այդպես էլ կանի»,- ի պատասխան՝ ասաց նա՝ հավելելով, որ Նաթանյահուն համակարգ է ներկայացնում, որի մեջ մտնում են տարբեր մարդիկ՝ տարբեր երկրներից։

«Այդպիսի մարդիկ բոլոր տեղերում էլ կան, և նրանք սպասարկում են պատերազմի գործառույթը։ Ուղղակի կա նաև մարդկանց շրջանակ, որոնք ընդդիմանում են։ Ընդհանրապես, եթե մարդկությունը տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, բոլորը դրան դեմ կլինեն»,- եզրափակեց նա։

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի՝ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ հայտարարությունը ոչինչ չի նշանակում նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար։ «Նրանց աչքը լույս, ովքեր աշխատելու են այդտեղ, դա մեզ ոչինչ չի տա»,- այսպես մեկնաբանեց նա դիտորդների թվի ավելացումը՝ ընդգծելով, որ դա ավելի շուտ կոսմետիկ բնույթ է կրում։

«Արդյո՞ք այս կազմին գումարած 7-ը պետք է տա որակական փոփոխություն. ո՛չ։ Այս առաքելության կարևորագույն խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ կարծես թե մոռացության է տրվել։ Դեռ երկու տարի առաջ ԱՄՆ կոնգրեսմեններն առաջարկեցին, որ պետք է անպայման լինի տեխնիկական միջոցառում՝ անվտանգության մեխանիզմների ներդրում, հետո՝ Սանկտ Պետերբուրգում, ապա՝ Վիեննայում այդ հարցը նորից բարձրացվեց, հիմա դա թողնվել է մի կողմ և դրվել է այնպիսի խնդիր, որը որևէ առումով չի կարող փոխել որակը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե չկան հսկողության կարևորագույն մեխանիզմները, ապա, 7 թե 17 հոգի կլինի՝ չի փոխում խնդիրը. «Դուք տեսե՞լ եք, որ ԵԱՀԿ համանախագահները գնան շփման գիծ, և մի անգամ խախտվի զինադադարը։ Մի անգամ միջադեպ եղավ, բայց ասացին, որ թույլ չեն տվել մտնել այդ տարածք, զինադադարի խախտում չի եղել։

Դիտորդները կարող են ինչ-որ հարցեր լուծել, եթե նրան տրվել են լիազորություններ՝ ստուգելու համար։ Եթե լիազորությունները նույնն են, տեխնիկական հնարավորությունները նույնն են, առաքելությունը չունի այդ կամքը կամ հնարավորությունը՝ ավելի հստակեցնել, թե մեղավոր կողմի նկատմամբ ինչ պետք է առաջարկեն միջազգային հանրությանն անել, ապա 7 հոգու ավելացումը սկզբունքային նշանակություն չի ունենա»։

Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը խնդիր ունի ցույց տալու, որ իր համար որևէ նշանակություն չունի ԵԱՀԿ Մինսկի խումբը. «ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փակումը նույն նպատակն ունի. Ադրբեջանը հանդես է գալիս՝ որպես կողմ, որը ոչ մի բանի հետ հաշվի չի նստում, և գտնում է, որ այդ բոլոր հարցերը պետք է գնան, օրինակ՝ ՄԱԿ։ Նա տարիներ շարունակ պնդում է, որ ԵԱՀԿ-ն ու նրա կողմից ստեղծված Մինսկի խումբը, համանախագահները, Կասպրչիկի խումբն իր համար հեղինակություն չեն։ Ադրբեջանն ասում է, որ ինքն է այստեղ տերը, բանակցությունները պետք է սուբստանտիվ ընթանան»։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից որդեգրված ագրեսիվ քաղաքականությունը որևէ առումով չի փոխվում. Ադրբեջանի այսօրվա իշխանությունն ու քաղաքական էլիտան մտադրություն չունեն փոխելու իրենց քաղաքականությունը.

«Ընդհակառակը՝ ամեն օր շրջանառության մեջ են դնում նոր փաստաթուղթ, փորձագիտական եզրակացություն, որն ուղղված է ոչ թե Արցախի հարցի լուծմանը, այլ Հայաստանին պատժելուն։

Ադրբեջանը վաղուց փոխել է իր նպատակը, նա համարում է, որ, այսպես թե այնպես, Արցախը բռնակցելու է անօրինական ձևով, և չի թաքցնում դա։ Հյուծող պատերազմի մեթոդները հենց դրա մասին են խոսում. նա ստեղծում է մթնոլորտ, որտեղ տեսնում է, որ նախ և առաջ՝ իրենց ոչ ոք չի կարող պատժել, թեև նա խախտում է զինադադարը կոպտորեն, որևէ մեկը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Հայաստանը, չի դարձրել այդպիսի կոպիտ խախտումները որևէ քաղաքական օրակարգի հարց։ Դա է խնդիրը։ Եվ Ադրբեջանը տեսնելով այդ անպատժելիությունը՝ ավելացնում է էսկալացիան»։

Ալավերդյանն ընդգծեց՝ ՄԽ համանախագահների համար պարզ է, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը. «Դա տրամաբանորեն է պարզ. Համարվում է, որ Հայաստանի և Արցախի համար ստատուս-քվոն դրական տարբերակ է, իսկ Ադրբեջանի համար դա նեգատիվ, տանուլ տված դաշտ է»։

Տեսանյութեր

Լրահոս