«Դրամատիկ որոշում». աշխարհի արձագանքը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն
Միացյալ Նահանգները դուրս կգա Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կարող է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները: Նաեւ Թրամփը կարծում է, թե Փարիզի համաձայնագիրն «ամերիկյան հարստությունները վերաբաշխում է» հօգուտ այլ երկրների:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ իրեն հաջորդած Դոնալդ Թրամփի վարչակազմը «հրաժարվում է ապագայից»՝ դուրս գալով Կլիմայի վերաբերյալ
Փարիզի համաձայնագրից: Պաշտոնաթող քաղաքական գործիչը դա ընդգծե ԱՄՆ-ի գործող նախագահի կողմից ընդունված որոշման առիթով մամուլի համար արված հայտարարության մեջ։
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վերանայում չի կարող լինել: Այս մասին ասված է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարների համատեղ հաղորդագրության մեջ, որը տարածվել է կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության կողմից:
«Մենք կարծում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված համաձայնությունն անդառնալի է, եւ մենք համոզված ենք Փարիզի համաձայնագրի շուրջը
նոր բանակցություններ լինել չեն կարող, քանի որ դա կենսականորեն կարեւոր միջոց է մեր մոլորակի համար, հասարակության եւ տնտեսության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը մի քայլ հետ է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի գլոբալ ջանքերում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Իտալիան հետ չի կանգնի Փարիզի համաձայնագրով ստանձնած հանձնառություններից:
Այս մասին իր Twitter-ում գրել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին: Եվրամիությունը խորապես ափսոսում է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը տարածվելէ Բրյուսելում:
«Այսօր տխուր օր է համաշխարհային հանրակցության համար, քանի որ հանգուցային գործընկերը երես է դարձրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: Եվրամիությունը խորապես ափսոսում է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշման համար»,-մեջբերում է ԵՀ-ն կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեի խոսքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ափսոսում է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար:
«Ես ափսոսում եմ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի այս որոշման համար, բայց հարգում եմ այն»,-ասել է նախագահը: Ըստ որում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը համարում է սխալ:
«Ես կարծում եմ, որ Թրամփը սխալ է գործել ոչ միայն իր երկրի եւ ժողովրդի ապագայի, այլեւ ամբողջ մոլորակի ապագայի նկատմամբ»,-նշել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հավաստիացրել է, որ իր երկիրը չի հրաժարվի կլիմայի փոփոխության դեմ պայքարից: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հիասթափված Է կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու Թրամփի
որոշումից: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում Կանադայի դիրքորոշումն անփոփոխ է մնում»:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալսը կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը որակել է ոպես դավաճանություն մոլորակի նկատմամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձյայնագրի հարցում իր
հանձնառության մասին, ինչպես նաեւ հիասթափություն է հայտնել դրանից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ:
«Փարիզի համաձայնագիրն ապագա սերունդների բարգավաճման ու անվտանգության պաշտպանության ճիշտ գլոբալ համակարգ է ապահովում»,-նշել է Մեյը: Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ ափսոսանք են հայտնել Բրազիլիան, Արգենտինան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ բազմաթիվ այլ երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: