«Ես չեմ կարող երգել, երբ կողքի սեղանին խորոված են ուտում». Շուշան Պետրոսյան. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Պետական պարգեւներ ստացած անձանց շուրջ բարձրացված աղմուկի թեմայով «Իրատես»-ը զրույցել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:
– Ընդհանրապես չարժե՞ կոչումների ինստիտուտը վերացնել, հասարակությունը, այսպես թե այնպես, գնահատում է արժանիներին:
– Այն, որ պետք է այդ կոչումները վերացվեն, ինձ համար պարզ դարձավ մայրիկիս օրինակով: Ես ստացա վաստակավորի կոչում, իսկ նա` Արաքս Մանսուրյանը, դրան անգամ չարժանացավ: Իմ գուրուն, երգարվեստի համալսարանը մայրս է, որն այսօր աշխարհով մեկ ներկայացնում է հայ մշակույթը ոչ միայն որպես երգչուհի, այլև մանկավարժ: Այլազգիները ծանոթանում են մեր երաժշտությանը և երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Եկմալյան, իսկ սա շատ մեծ բան է:
Երաժշտությունը նաև ազգը ճանաչելու առիթ է տալիս, Արևմուտքում ընդունված է ուսումնասիրել երգի ակունքները: Նա այս հարցում շատ մեծ գործ է անում: Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որևէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի: Սփյուռքը կարոտից շատ փոխզիջումների է գնում, միայն թե հայերեն մի բան լսեն: Սա չափորոշիչ լինել չի կարող, չափանիշը Հայաստանի` Երևանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսն է: Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահանջկոտ են:
Եթե ուզում ես հասկանալ՝ դրսում կգնահատվես, թե ոչ, նախ պետք է լավագույն քննությունը հանձնես հայ հանդիսատեսի առև։ Գյումրին այնքան մշակութակուռ է, որ ամեն մենահամերգից հետո կարծես համալսարան ավարտեմ: Մենք նաեւ ծափեր ենք դժվար շռայլում: Արտիստը սնվում է այդ ամենով, նրա օրը դրանով է լցվում: Մի՞թե վատ է, որ արտիստը ոգեւորվում է: Ի դեպ, ով այդ կոչումները ստանում է, ունի իր լսարանը: Իհարկե, կան արտիստներ, որոնք պետք է վաստակավոր չլինեին, քանզի իրական վաստակավորի հետ նույն հարթությունում չեն կարող լինել: Բայց սա իմ անձնական դիտարկումն է ու կարծիքը, որը ես չեմ բարձրաձայնում: Ես չեմ կարող մտածել բոլորի պես, ես ավելի պահանջկոտ եմ ու պրոֆեսիոնալ աչքով եմ նայում, տեղյակ եմ բոլորի հնարավորություններին, աճելու ունակությանը: Բայց գոյություն ունի շուկա, որը որոշիչ է:
– Նախորդ տարի էլ Արմենչիկին վաստակավոր կոչում շնորհելու փաստը քննադատության ալիք բարձրացրեց:
– Քննադատության ալիքը միշտ էլ կա: Ինձ շնորհելուց էլ մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում, ես իմ կոչման մասին իմացել եմ Սյուզան Մարգարյանի հեռախոսազանգից: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ստանալ այդ կոչումը ու ամեն ինչ անում են, իրենց դոսյեներն են սարքում, սա ծիծաղելի է: Այդ կոչմանն արժանանում ես ժողովրդի սիրով: Ես տեսնում եմ այդ սերը: Իմ տասնյոթ տարվա ալբոմն առայսօր սիրված է:
– Քաղաքականությունը Ձեր մեջ չսպանե՞ց երգչուհուն:
– Չէ՛, ինչպե՞ս կարող էր սպանել:
– Քիչ եք երգով զբաղվում հիմա:
– Այս հարցը ամեն անգամ տալուց ես մտածում եմ` Աստված իմ, եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ, ինչպես իմ ընկերներն են անում: Ոչ թե ակումբում երգելն է վատ, ուղղակի իմ տեսակն այլ է, չեմ կարող երգել «Պատրանքի թևով», երբ կողքի սեղանին խորոված են ուտում: Այսինքն, այսպես թե այնպես պատգամավոր լինեի, թե ոչ, իմ երգարվեստը սա է: Ես երգում եմ շատ, Երևանում դա չեք տեսնում, որովհետեւ այստեղ դոմինանտը դասական երաժշտությունն է: Ես երգում եմ սահմանամերձ շրջաններում, գիտե՞ք ինչքան բարեգործական համերգներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։