Երեխաները պետք է ապրեն իրենց ապագայում, ոչ թե՝ մեր անցյալում
Սովորական դպրոցի մի խումբ երեխաների հետ զրույցի ընթացքում իմացա, որ չեն ուզում մեծանալ։ Զարմանալի էր լսել նման բան, քանի որ, երբ մենք էինք փոքր, ուզում էինք շուտ մեծանալ։ Երբ երեխաներին հարցրի. «Ինչո՞ւ չեք ուզում մեծանալ», ստացա հետևյալ պատասխանը. «Մեծերն այնքան են բողոքում իրենց կյանքից, որ մենք չենք ուզում մեծանալ և այդ դժվարությունները մեր վրա զգալ»։
21-րդ դարում էապես փոխվել է երեխաների կյանքը։ Նախորդ դարաշրջանում երեխաների հիմնական գործը բակում խաղալն էր ու սովորելը, քանի որ երեխաները պարապ էին։ Պատահական չէ, որ հայերենում «պարապել» բառը «սովորել» բառի հոմանիշն է, իսկ հունարենից թարգմանաբար «դպրոց» բառը նշանակում է՝ պարապ ժամանակ։
Այսօր երեխաներն արդեն պարապ չեն, քանի որ բիզնես ինդուստրիան ամեն ինչ անում է երեխաներին զբաղեցնելու համար։ Ամեն ինչ արվում է երեխաներին տնտեսական կյանքի խաղացողներ դարձնելու առումով։ Փոքրուց երեխաները դառնում են տեխնիկական սարքերի, համակարգչային խաղերի, տարբեր հավելվածների, սերիալների, արագ սննդի ակտիվ սպառողներ։ Այդ ամենը երեխաներին պահում է զգալի զբաղվածության վիճակում` նրանց շեղելով իրական մանկությունից։ Տեղի է ունենում մանկության կոմերցիոնալացում։
Այս ամենը հատուկ է բոլոր երկրներին։ Իսկ որո՞նք են Հայաստանի երեխաների հիմնական խնդիրները։
Անցած տարի Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հետազոտություն երեխայի աշխատանքի վերաբերյալ։ Ըստ հետազոտության տվյալների՝ Հայաստանում 5-17 տարեկան թվով 52 հազար երեխաներ աշխատում են։ Դա կազմում է այդ տարիքի երեխաների 11%-ը։ Ընդ որում, այդ երեխաներից շուրջ 11 հազարը 5-11 տարեկան են։ Օրենքը նման երեխաներին թույլատրում է աշխատել միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ՝ ֆիլմերում կամ գովազդներում նկարահանվելը։ Աշխատող երեխաներից 39 հազարը կատարում են արգելված աշխատանք։ Այսինքն՝ նրանք թույլատրվածից ավելի երկար են աշխատում կամ իրականացնում են ծանր բեռների տեղափոխում, կամ վնասակար աշխատանք են կատարում։ Հայաստանի երեխաները հիմնականում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքով։ Հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երեխաները, շատերը՝ նաև դասերի հաշվին, աշխատում են դաշտերում և այգիներում։
Երեխաների աշխատանքն արդյունք է աղքատության բարձր ցուցանիշի։ Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա աղքատ է։ Բայց Հայաստանում նյութական աղքատությունից զատ՝ առկա է մեկ այլ խնդիր՝ կարիքավոր լինելը։ Կարիքավոր համարվում են ոչ միայն աղքատ երեխաները, այլև նյութապես ոչ աղքատ այն երեխաները, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները։ Օրինակ՝ սովորում են վատ պայմաններում գտնվող դպրոցում, մանկապարտեզ չեն գնում, չունեն ժամանցի հնարավորություններ, չունեն ընկերներ, չունեն խմբակներ այցելելու հնարավորություններ։ Անցած տարի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակը հետազոտություն էր անցկացրել հենց երեխաների կարիքավորությունն ուսումնասիրելու նպատակով։ Արդյունքում՝ պարզվեց, որ Հայաստանի երեխաների 36%-ը աղքատ չեն, բայց կարիքավոր են։ Հատկապես ծանր է գյուղերում ապրող երեխաների վիճակը։ Նրանց 82%-ը կարիքավոր է։ Սրանք մտահոգիչ տվյալներ են։ Սիրում ենք ասել՝ երեխաները մեր ապագան են։ Բայց չենք խոսում այն մասին, թե ինչ ենք ժառանգում երեխաներին։ Երեխաներին աշխարհ ենք բերում, բայց չենք վերցնում պատասխանատվություն երեխաների համար լավ աշխարհ ստեղծելու հարցում։ Աշխարհի համար պատասխանատվություն վերցնել։ Հենց սա է մեզ պակասում։ Հենց սա է պատճառը, որ մեր շրջապատում ապրող երեխաների մեջ ամեն օր, ամեն ժամ մեռնում են տաղանդները։ Չպետք է թողնել, որպեսզի իրավիճակով պայմանավորված աղքատությունը դառնա սերնդային ու գիտակցական աղքատություն։ Նման կորուստների դեպքում հասարակությունները ստիպված են տասնամյակներ ծախսել կորսվածը վերականգնելու համար։
Երեխաների աղքատությունը հաղթահարելու արդյունավետ միջոցներից մեկը կրթությունն է։ Բայց այստեղ էլ Հայաստանում կան լուրջ խնդիրներ։ Աշխարհի շատ երկրներ աղքատ երեխաների կրթության համար ավելի մեծ գումարներ են հատկացնում, քանի որ այդ երեխաների կարիքներն ավելի մեծ են։ Հայաստանում աղքատ և ոչ աղքատ երեխաների կրթության համար հատկացվում է նույն գումարը, ինչը սխալ է։
Ապահով ընտանիքների երեխաները դպրոցական կրթությունից դուրս հաճախում են մասնավոր վճարովի պարապմունքների, տարբեր խմբակների և ստանում մեծ առավելություն աղքատների նկատմամբ։ Նման իրավիճակում կրթության համակարգը չի ծառայում՝ որպես սոցիալական վերելակ աղքատ երեխայի համար։
25 տարի առաջ հունիսի 1-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային։ Այդ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը շատ կարևոր է։ Հոդվածում ասվում է, որ երեխաներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, իրավունք ունեն լսված լինելու մեծերի կողմից։ Մասնագիտական գրականության մեջ այս հոդվածը որակվում է՝ որպես երեխաների մասնակցության իրավունքը երաշխավորող դրույթ։ Ցավոք, Հայաստանում երեխաները լսված չեն։
Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ հայերենում «լսել» բառն ունի ուղիղ և անուղղակի իմաստ։ Անուղղակի իմաստով, երեխային լսել՝ նշանակում է՝ կատարել նրա ասածը։ Բայց «լսել» բառի ուղիղ իմաստը չմոռանանք։ Երեխային լսել՝ նշանակում է՝ նրան դարձնել մասնակից, փոքրուց նրա մեջ զարգացնել սեփական կարծիք ունենալու և աշխարհի համար պատասխանատվություն ստանձնելու կարողություն։ Այսօրվա երեխաները չեն ուզում հանդիսատես կամ ուղևոր լինել։ Նրանք ուզում են մասնակցել, իսկ դրա համար պետք է լսելի լինեն։
Երևանի Վարդանանք կրթահամալիրում մի հրաշալի ուսուցիչ կա՝ Մերի Թոռունյան։ Մի անգամ, երբ հարցրի, թե որն է իր մասնագիտական հաջողության գաղտնիքը, ասաց հետևյալը. «Ես սիրում եմ լսել երեխաներին և սովորել նրանցից»։
Ցավոք, մենք հազվադեպ ենք լսում երեխաներին։ Ավելի հաճախ փորձում ենք նրանց պարտադրել մեր չիրականացած երազանքները, մեր կարծրատիպերը՝ չհասկանալով, որ այդ երեխաները պետք է ապրեն իրենց ապագայում, ոչ թե՝ մեր անցյալում։ Ինչպես հայտնի իմաստուն Խալիլ Ջեբրանն էր ասում. «Երեխաները պատկանում են կյանքին, ոչ թե մեզ»։
Երեխաները պրոբլեմների պատճառ չեն։ Երեխաներն այդ պրոբլեմները լուծելու համար մեզ տրված ռեսուրսներ են։ Երեխաները ծախս չեն։ Երեխաներն ապագային միտված ներդրում են։
Մտածենք երեխաներին լավ աշխարհ թողնելու, իսկ աշխարհին լավ երեխաներ թողնելու մասին։