Բաժիններ՝

Մանչեսթրի փողոցում մուսուլմանի ակցիան հուզել է անցորդներին և ցանցի օգտատերերին

Բլոգեր Բաքթեշ Նոորին որոշել է Մանչեսթրում կասեցնել իսլամատյացության ալիքը վերջերս այնտեղ կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Նա անգլիական այս քաղաքի փողոց է դուրս եկել «Ես մուսուլման եմ եւ վստահում եմ քեզ: Դու արդյոք բավականաչափ վստահում ես ինձ՝ գրկելու համար» ցուցանակով: Տղամարդն աչքերը կապել էր սեւ ժապավենով եւ կանգնել ձեռքերը լայն տարածած՝ սպասելով արձագանքի։

Որոշ ժամանակ նրան ոչ ոք չէր մոտենում: Անցորդներից մեկը կարդացել է ցուցանակի գրությունը եւ շարունակել ճամփան, սակայն մի քանի վայրկյան անց վերադարձել է՝ գրկելու պատանուն: «Դու մենակ չես, տղաս: Ես քեզ օտար չեմ համարում»,­-ասել է նա, ինչից հետո մարդիկ սկսել են մեկը մյուսի հետեւից գրկել երիտասարդին: Աղջիկներից մեկն ասել է. «Ես քեզ կգրկեմ ամեն օր, որովհետեւ լիովին վստահում եմ քեզ»:

Աստիճանաբար Նոորիի մոտ հերթ է գոյացել: Բլոգերն էքսպերիմենտի հոլովակը հրապարակել է The Life of Bako­ի YouTube-­ալիքում: Երկու օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել: Մեկնաբանություններում Մանչեսթրի բնակիչները նշել են, որ Նոորին վերականգնել է իրենց հավատը մարդկանց
նկատմամբ, որը կորցրել էին ահաբեկչությունից եւ ռասիզմի դրսեւորումների բռնկումներից հետո:

Մայիսի 22-­ին Մանչեսթրում Արիանա Գրանդեի համերգի ավարտին իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 22 մարդ: Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է 15 մարդ: Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս