Բաժիններ՝

«Չի կարելի կրթության ոլորտին մոտենալ՝ որպես բիզնես նախագծի». Դավիթ Ամիրյան

«Վերջին մի քանի օրերին փոփոխություն տեղի ունեցավ, որովհետև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, որ սա ոչ թե օպտիմալացում է, այլ վերաբեռնավորում»,- մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում դպրոցների օպտիմալացման հիմնախնդիրների մասին՝ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով ՝ նախարարությունն ըստ էության ցանկանում է որոշակի ստանդարտի բերել դպրոցները, այսինքն՝ այն դպրոցները, որոնք ծանրաբեռնված են, բեռնաթափել, իսկ թերբեռնված դպրոցների աշակերտների թիվն ավելացնել այդ բեռնաթափման արդյունքում։

«Արդյունքում՝ կունենանք մի իրավիճակ, որ Հայաստանի քաղաքային դպրոցներն առնվազն կունենան 300 աշակերտ։ Կարող են պահվել միայն այն դպրոցները, որոնք թաղամասի միակ դպրոցն են, կամ այն հարևան դպրոցը, որը շատ հեռու է, և դժվար է այնտեղ հասնելը, մնացած դեպքերում լինելու է աշակերտների ուղղորդում դեպի թերբեռնված դպրոցներ»,- իր խոսքում ասաց փորձագետը։

Ս. Խաչատրյանն ասաց, որ այս պահին Հայաստանում կան 2 դպրոցներ, որոնք աշխատում են եռահերթ, և թվով 80 դպրոցներ, որոնք երկհերթ են։

«Չեմ կարծում, որ նախարարությունը փորձի այս երկհերթ և եռահերթ դպրոցների աշակերտներին տանել այլ դպրոցներ, որովհետև պարզ չէ՝ դա ինչպե՞ս է հնարավոր, ինչպե՞ս ենք որոշելու, թե ո՞ր երեխաները պետք է այդ դպրոցից դուրս գան։

Միակ տրամաբանական տարբերակը կլինի սա 1-ին դասարանից անելը, այսինքն՝ հայտարարել, որ, քանի որ Ձեր դպրոցը ծանրաբեռնված է, Դուք սեպտեմբերից կարող եք ունենալ այսքան առաջին դասարանցի։ Դե, պատկերացրե՛ք՝ եթե մենք այն ծանրաբեռնված դպրոցներին, որոնք տարեկան ունենում են 7-8 առաջին դասարան, ասում ենք՝ դուք պետք է ունենաք 3-ը, սա ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի կարող է իր հերթին բերել, որ որոշվի, թե որո՞նք են այդ 100 աշակերտները, որոնք պիտի ընդունվեն տվյալ դպրոց»,- նշեց Ս. Խաչատրյանը։

Բանախոսը նշեց, որ ինքը կողմ է օտիմալացմանը, ոչ թե վերաբեռնավորմանը, որովհետև այդ տարբերակի դեպքում լուրջ խնդիրներ են առաջանալու այն դպրոցների հետ, որոնք ունեն շատ աշակերտներ։ Նրա խոսքով՝ օպտիմալացումը ենթադրում է հետևյալը. ավելի քիչ ռեսուրսով, այսինքն՝ ավելի քիչ թվով դպրոցներով, բայց որակյալ ուսուցիչներով մատուցում ես նույն ծառայությունները, ինչն անում ես ավելի շատ դպրոցներով և ավելի շատ ուսուցիչներով։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք քիչ թվով, բայց որակյալ ուսուցիչներ, որովհետև մեր ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, և մենք այսքան դպրոցներ պահել չենք կարող։ 1992 թվականին, երբ Հայաստանն ուներ 600.000 աշակերտ, մենք ունեինք նույնքան դպրոց, որքան հիմա, անգամ մի քիչ պակաս։ Այսինքն՝ այսօր աշակերտների թիվը 300.000-ով կրճատվել է, իսկ դպրոցների թիվը մնացել է նույնը։ Ես չեմ կարծում, որ մենք պիտի փակենք կամ միավորենք այն դպրոցները, որոնք սահմանամերձ գյուղերում են, հակառակը՝ ես կարծում եմ, որ օպտիմալացումից գոյացած խնայողությունները պետք է ուղղորդել գյուղական դպրոցների զարգացմանը, որովհետև Հայաստանում մենք ունենք նաև անհամաչափ զարգացման խնդիր։ Գյուղական դպրոցներին պետք է շատ աջակցել»,- նկատեց փորձագետը։

Հարցին, թե արդյո՞ք նա կողմ է, որ միայն քաղաքային դպրոցներն օպտիմալացվեն, և գյուղական դպրոցներին ձեռք չտրվի, բանախոսը պատասխանեց, որ ըստ էության հնարավոր էլ չէ գյուղական համայնքներում շատ դպրոցներ փակել։

«Օրինակ՝ Շիրակի մարզում դա հնարավոր չէ, որովհետև այնտեղ ճանապարհները ձմռանը փակվում են, և այդ երեխաներին կողքի գյուղ տանելը անհնար է։ Ես համաձայն չեմ, որ ասում են՝ եթե դպրոցը փակենք, դպրոցը կդատարկվի։ Միշտ չէ, որ էդպես է։ Հիմա մենք ոչ մի դպրոց գյուղերում չենք փակել, 1992 թվականին ունեինք 235.000 աշակերտ, հիմա ունենք 135.000 աշակերտ, այսինքն ՝ կեսից շատը պակասել է, մենք էլ պահել ենք դպրոցները»,- ասաց նա։

Ասուլիսը շարունակեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով չէր կարողանում հասկանալ, թե ո՞րն է այդ որոշման և ծրագրի նպատակը։ Նա ասաց.

«Մենք չենք կարող ու իրավունք չունենք վերցնել ու մի օր որոշել, որ դպրոցները պետք է օպտիմալացվեն։ Մենք պետք է փորձենք դիտարկել, ցույց տալ, վերլուծել մի քանի այլ կարևոր տեսակետներից, հասկանալ, թե սա ի՞նչ խնդիր է լուծելու, արդյո՞ք մենք կարողանալու ենք դրանով լուծել անխտիր բոլոր երեխաներին որակյալ և մատչելի կրթություն տալու հարցը։ Մենք ո՞րն ենք տեսնում՝ որպես գերակա նպատակ, երբ սա առաջարկում ենք»։

Նրա համոզմամբ՝ չի կարելի մոտենալ կրթության ոլորտին՝ որպես բիզնես նախագծի։ Ըստ նրա՝ կառավարության շատ ծրագրերում կամ մոտեցումներում դա ակնհայտ երևում է.

«Ես դեմ չեմ եկամուտ բերող ծրագրերին, բայց չի կարելի այդպես մոտենալ, ասենք, կրթության ոլորտին, առողջապահության ոլորտին։ Մենք այս օպտիմալացումը որ իրականացնելու ենք, ունենալո՞ւ ենք շենքեր, որոնք հանելու ենք աճուրդի, ու դրանից ունենալո՞ւ ենք եկամուտ։ Սա չի կարող երբեք գերակա խնդիր լինել»։

Դավիթ Ամիրյանի տեսանկյունից՝ մենք ունենք նաև դպրոցների քաղաքականացված լինելու փաստը.

«Բոլորս էլ գիտենք՝ ինչ եղան վերջին ընտրությունների ժամանակ։ Օպտիմալացո՞ւմն է լուծելու այս հարցը, թե՞ սա արվում է, որ ավելի քիչ անձնակազմով դպրոցներն ավելի հեշտ կառավարվեն ընտրությունների ժամանակ»։

Պարոն Ամիրյանը նկատեց նաև, որ մենք պիտի փորձենք ավելի շրջահայաց գտնվել և բարձրաձայն ընդունել, որ մենք ունենք ծայրահեղ խնդրահարույց իրավիճակ, որ մենք չունենք ժամանակակից որակյալ կրթություն, ունենք բոլորին որակյալ կրթություն հասցնելու խնդիր.

«Պետք է հասկանանք՝ ինչ քայլերով պիտի հասնենք այդ որակյալ կրթությանը, և, եթե այդ քայլերի մեջ գրված է օպտիմալացումը, ուրեմն դրա կողքին շատ մանրամասն պետք է քայլ առ քայլ նշված լինի՝ ինչ պիտի արվի»։

Լրացնելով Դավիթ Ամիրյանի խոսքը՝ Սերոբ Խաչատրյանն ասաց.

«Հակասական բան էլ կա. մի կողմից՝ գնում ենք օպտիմալացման, մյուս կողմից էլ՝ երկրի նախագահը հայտարարում է, որ 2040 թվականին մեր բնակչությունը պետք է դառնա 4 մլն։ Հիմա, եթե պետք է դառնանք 4 մլն, ինչո՞ւ ենք կրճատումներ անում»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս