«Այն, որ կաբինետներում վերցվում են կաշառքներ և կայացվում դատական վճիռներ, ակնհայտ է բոլորին». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
«Այս նախագծերով առաջարկում ենք, որ այն անձինք, որոնք արդեն ձեռք են բերել երկարամյա թոշակի անցնելու իրավունք, իրենց թույլ տանք, որ շարունակեն աշխատել մինչև 65 տարին լրանալը, և 2017թ. հուլիսի 1-ից հետո ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս ևս օգտվել երկարամյա թոշակի անցնելու իրավունքից։ Դրանով մենք կերաշխավորենք դատախազի, ՀՔԾ-ի և ՔԿՀ-ի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, նրանց հետագա աշխատանքը և արդյունավետ ու սահուն կադրային քաղաքականություն կապահովենք»։
«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ ընդունո՞ւմ եք արդյոք, որ, եթե այս օրենքի փոփոխությունը չանենք, անձանց սեփականության իրավունքը խախտվելու է, և ընդունո՞ւմ եք արդյոք, որ ԱԺ-ն սխալվել է՝ այսպիսի սահմանափակում դնելով։
Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդ անձանց իրավունք է վերապահված օգտվելու երկարամյա կենսաթոշակ ստանալու իրավունքից. «Եթե օրենքը փոխվեր, նրանք առհասարակ զրկվեին այդ իրավունքից, նոր կարող էինք խոսել սեփականության իրավունքից զրկման մասին։ Իսկ սխալվելու մասին խոսք չկա»։
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ օրենքի գործող տարբերակն ընդունելուց հետո մոտ 120 դատախազ, քննիչ ազատվել է աշխատանքից, ապա հարցրեց՝ նրանցից քանիսի՞ 65 տարին էր լրացած։
Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ նման տվյալներ չունի. «Ես ընդամենն ունեմ տվյալ, թե քանի ծառայող կա, որ 2017թ. հուլիսի 1-ից առաջ պատրաստվում է դիմում գրել և ազատվել։ 48 հանրային ծառայողի մասին է խոսքը»։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ նախորդ անգամվա օրենսդրության ընդունումից հետո դատական համակարգում կոռուպցիան չի վերացել, վիճակը շարունակում է մնալ ողբերգական. «Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք՝ 1000 դրամ կաշառք վերցնելիս, կաբինետներում, որ վերցվում են կաշառքներ և կայացվում դատական վճիռներ, ակնհայտ է բոլորին։ Մարդիկ վախենում են դիմել դատարան, որովհետև գիտեն, որ մեղավորը կհայտնվի ազատության մեջ, անմեղին կդատապարտեն։ Ունե՞ք վիճակագրություն, երբ մենք բարձրացրինք թոշակն ու աշխատավարձերը, կոռուպցիան ինչքանո՞վ է նվազել։ Մինչև 600 հազար թոշակ են ստանում»։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալն ասաց, որ այս նախագիծը կոռուպցիայի դեմ պայքարով չի հիմնավորվում, այլ սոցիալական հարցեր են լուծում. «Այս նախագծով չէ, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Մյուս արտահերթին կլսեք, թե ինչ մեխանիզմներով է գործադիրը պատրաստվում շարունակել իր ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ»։
Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Պարոն փոխնախարար, դուք, կարծում եմ՝ իրազեկված չեք. երբ մենք քննարկում էինք այս փաթեթը 2007թ.՝ մոտիվացիներից մեկն էլ եղել է դատավորին, դատախազներին, քննիչներին անկախության սոցիալական երաշխիքների ապահովումը, որը տրանսֆորմացված կոռուպցիոն ռիսկերի նվազեցում է նշանակում։ Ես չեմ խոսում կոռուպցիայի դեմ ռազմավարական փաթեթի մասին, որը բերելու եք։ Հիմա հարցնում եմ՝ դուք ունե՞ք վիճակագրություն, թե այդ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը որքանով են նվազել»։
Սակայն Հովհաննիսյանը կրկնեց, որ այսօր ներկայացնում է նախագիծ, որը կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ։