«Սա աներկբա ճշմարտություն է` անկախ նրանից, թե ում դուրը դա չի գալիս». Խոսրով Հարությունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արդարացված է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և գտնում է, որ դա լայն հնարավորություններ է բացում երկրի տնտեսությունը զարգացնելու և առաջ մղելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց նրանց հետ, ովքեր փորձում են հակադրել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական Միության հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին:

«Այդ հարցադրումների հեղինակների կարծիքով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ դրական հեռանկար չի պարունակում՝ թե´ տնտեսական, թե´ անվտանգության, թե´ աշխարհաքաղաքական կոնտեքստում: Ես այլ կարծիքի եմ: Առաջինը` ակնհայտ է մի բան, որ ներկայումս գլոբալ տնտեսական համակարգերում մրցակցում են ոչ թե առանձին էկոնոմիկաները, ոչ թե առանձին երկրների տնտեսությունները, այլ մեգաէկոնոմիկաները: Նույնիսկ Միացյալ Նահանգների նման հզոր պետությունը փորձում է ձևավորել տրանսխաղաղօվկիանոսյան տնտեսական միավորում, ինչպես նաև տրանսատլանտյան միավորում Եվրոպական Միության հետ: Դրա նպատակը մեկն է`փորձել իր շուրջ խմբավորել այնպիսի տնտեսություններ և զարգացնել այնպիսի տնտեսական կարողություններ, որ նրանց երաշխավորեն երկարաժամկետ հատվածում մրցունակ դիրքեր գլոբալ տնտեսության մեջ: Սա է ամբողջ իմաստը»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նույն Չինաստանը, հանդես գալով նոր տնտեսական գոտի` «Մետաքսի ճանապարհ»-ը վերականգնելու ծրագրով, ըստ էության, նույն խնդիրն է լուծում` փորձելով հավաքագրել այդ տնտեսական նախագծի շուրջ նորանոր երկրներ: Նույնիսկ ԵՄ-ի նման պետությունների հավաքական միավորը բանակցում է Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ստեղծվի տրանսատլանտյան տնտեսական միությունը:

«Սա օբյեկտիվ է: Եվ այս պայմաններում ակնհայտ հարց է առաջանում՝ Հայաստանը, հաշվի առնելով տնտեսական անվտանգության բոլոր բաղադրիչները՝ շրջափակում, արևելքից և արևմուտքից սպառնալիքներ, հյուսիսից և հարավից որոշակի սահմանափակումներով տնտեսական կապերը, արդյոք կարո՞ղ է իրեն շռայլություն թույլ տալ մնալ միայնակ և չընդգրկվել որևէ էկոնոմիկայում: Հարց է առաջանում` Արևելյան գործընկերությունը Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրով գուցե, այդ հեռանկա՞րն է մեզ խոստանում:

Կարդացեք նաև

Եթե նման հեռանկար էր խոստանում այդ համաձայնագիրը, ապա ինչո՞ւ Վրաստանը չի ընդգրկվել ԵՄ կազմի մեջ: Եթե այդպիսի հեռանկար էր խոստանում, ինչո՞ւ Մոլդովան և Ուկրաինան չընդգրկվեցին: ԵՄ խնդիրներին ծանոթները տեղյակ են, որ ԵՄ-ն նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրների վերջին միացումները շատ ծանր է տանում: ԵՄ տնտեսական օրգանիզմը այդ նոր տնտեսական հավելումները շատ ծանր է մարսում»,- ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ակնհայտ ճշմարտություն է և ոչ ոք չի էլ թաքցնում, որ Արևելյան գործընկերության ծրագրի ամբողջ իմաստը կայանում է հետևյալում` փորձել ԵՄ սահմաններին ձևավորել բուֆերային գոտի, այնպիսի գոտի, որ հնարավոր սպառնալիքները կարող է մեղմել:

«Սա, անշուշտ, շահավետ էր մեզ համար, որովհետև դա մեզ հնարավորություն էր տալու ընդհուպ հաղորդակից լինել եվրոպական տնտեսական համակարգի շատ գործիքների` սկսած ստանդարտներից վերջացրած ընթացակարգերով: Սա օգտակար էր, դրա համար էլ մենք բանակցում էինք:

Բայց ի սկզբանե ԵՄ-ի կողմից որդեգրած Արևելյան գործընկերության քաղաքականությունը չէր ենթադրում, որ եթե դուք միանում եք այդ համագործակցության ծրագրին, ապա պետք է ձեր տնտեսական և ոչ միայն տնտեսական կապերը այլ երկրների հետ խզեք: Այս խնդիրը դրված չէր 2007, 2008, 2009 թվականներին: Նույնիսկ 2010թ. չկար: Այդ խնդիրը սկսեց ձևավորվել 2011-2012թթ: Հիշում եք՝ այս կամ-կամ սկզբունքը` կամ մեզ հետ, կամ ոչ մեզ հետ: Ակնհայտ է, որ այդ սկզբունքը ուղղված էր ուղղակիորեն Ռուսաստանի հետ համագործակցությունը խաթարելու, ձախողելու նպատակին»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը վստահ է` ռուսական շուկան որևէ պարագայում չի կորցնում կարևորությունը Հայաստանի համար: Արտաքին առևտրի ծավալներով Եվրոպական
Միությունը Հայաստանի խոշոր գործընկերներից մեկն է, սակայն բոլորը գիտեն, որ ԵՄ-ն ՀՀ-ից  միայն հումք է ձեռք բերում:

«Մենք ուրիշ բան չենք տալիս ԵՄ-ին, և ԵՄ-ն չի էլ ուզում այլ բան վերցնել: Մինչդեռ ռուսական շուկան մեզ հնարավորություն է տալիս ռեալ այլ սեգմենտները զարգացնել` գյուղատնտեսությունը, վերամշակումը, գինիների, կոնյակի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ծխախոտագործությու նը, որի արտահանման ծավալները շեշտակի ավելացել են վերջին տարիների ընթացքում: Արդյոք մենք պե՞տք է մտադրվենք և տրամադրված լինենք դառնալ որևէ` նույնիսկ ամենաառաջավոր տնտեսական միավորման «հումքային կցորդը»: Իհարկե, ոչ:

Դա է պատճառը, որ մեր հանրապետության քաղաքական ղեկավարությունը 2013թ. հայտարարեց Մաքսային Միությանը, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրությունների մասին` ընդ որում պահպանելով իր իրավունքը տնտեսական այլ կառույցների հետ համագործակցությունը` ընդհուպ մինչև ինտեգրացիոն բնույթի համագործակցություն ծավալելու հնարավորությունը:

Պատահական չէ, որ 2013թ. մեր հանրապետության Նախագահը մասնակցեց Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այո, մենք այդ ժամանակ չնախաստորագրեցինք Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը, սակայն մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք հետամուտ լինել Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ երկուստեք ԵՄ-Հայաստան հետաքրքրություն ներկայացնող ինտեգրացիոն գործընթացների խորացմանը»,- նշծեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Արդյունքում Հայաստանը 2014թ. մայիսին Ռիգայում ստորագրեց նոր քաղաքական հուշագիր, որի իմաստը կայանում էր նրանում, որ հաշվի առնելով Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու անխուսափելի և օբյեկտիվորեն անհրաժեշտ քայլը, շարունակել է բանակցել ՀՀ-ի հետ լրացված, թարմացված, լրամշակված գործընկերության շուրջ:

«Եվ մենք արդեն ունենք այդ համաձայնագրերի լրամշակված տարբերակը, որոնք արտացոլում են ԵՄ-ի հետաքրքրությունները մեր և մեր հետաքրքրությունները ԵՄ-ի նկատմամբ: Միթե սա ավելին չէ՞ր, քան եթե մենք չունենայինք ԵԱՏՄ-ն, չունենայինք ԵՄ ինտեգրումը, չունենայինք այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք` ստեղծելով շատ լուրջ սպառնալիքներ անվտանգության կոնտեքստում: Պետք է լինել ընդամենը կույր, որպեսզի այս բոլորը չտեսնել, կամ քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող, որպեսզի չհասկանալ այս տարրական բաները:

Մեծ քաղաքականությունը խարսխված է երկու հենասյուների վրա` իրողություններ և հնարավորություններ: Ես խորապես համոզված եմ, որ մեր հանրապետության քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով ռեալ, օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողությունները, հաշվի առնելով մեր անվտանգային խնդիրներով պայմանավորված իրողությունները, առավելագույնս օգտագործել է բոլոր երկրների հետ համագործակցելու հնարավորությունները: Սա աներկբա ճշմարտություն է` անկախ նրանից, թե ում դուրը դա չի գալիս»,- ընդգծեց նա:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը Հայաստանի համար մատչելի է դարձնում շուրջ 200 միլիոնանոց սպառողական շուկան:

«Որքանով մենք կօգտվենք դրանից ապագայում, դա մեր խնդիրն է: Արդյոք դա մեզ հաջողվո՞ւմ է: Միայն անցյալ տարի արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 50 տոկոսով: Այսպիսի շեշտակի արտահանում մենք չենք ունեցել երբեք: Իհարկե, մենք պետք է ընդունենք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական կապերը մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսության վիճակից: Սա իրողություն է: Գլոբալ տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը Միացյալ Նահանգների տնտեսությունն էր: Ցանկացած տնտեսական օրգանիզմում կա գրավիտացիոն կենտրոն հասկացությունը:

Գլոբալ տնտեսության մեջ դա Միացյալ Նահանգներն է, Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը: ԵԱՏՄ-ում գրավիտացիոն կենտրոնը Ռուսաստանն է: Եվ դրանից կախված, թե ինչպես է այնտեղ վիճակը, հաջողություններն ավելի շատ կամ  պակաս շոշափելի կարող են լինել: Սակայն որ արդյունքները շոշափելի կլինեն, դրանում ես չեմ կասկածում»,- նշեց Հարությունյանը:

Նա որպես ասվածի վառ օրինակ նշեց այն հանգամանքը, որ 2014թ. ընթացքում Հայաստանից  ծխախոտի արտահանման ծավալները կազմում էին ընդամենը 8 միլիոն դոլար, իսկ 2016թ. վերջին` 183 միլիոն դոլար:

Ընդ որում` դրա մեծ մասը գնում է Ռուսաստան: «Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Նույնը կարելի է ասել կոնյակի մասին: Մենք վերջին շրջանում սկսել ենք ակտիվացնել մեր մրգային գինիների արտադրության և արտահանման ծավալները: Տեսեք, թե որքան նոր գինու տեսակներ են հայտնվել մեր շուկայում, որոնք հայտնվում են նաև դրսի  շուկաներում: Սա խաղողի նոր պլանտացիաների, նոր աշխատատեղերի, գյուղատնտեսության մեջ արտադրական նոր մշակույթի ներդրման մասին է վկայում: Սրանք իրենց շոշափելի արդյունքները տալու են մի քանի տարի հետո: Մենք դա զգալու ենք, այլ հնարավորություն չկա»,- ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ մեծ իմաստով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը իր դրական հնարավորությունները տալիս է և կարող է դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսության վրա, իսկ թե որքանով դա կլինի շատ կամ քիչ, Հայաստանից է կախված: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ մի բան պարզ է, որ այդ շուկան մատչելի է, և մենք այնտեղ կարող ենք լինել մրցունակ. չօգտվել դրանից, նշանակում է չգիտակցել պահի ողջ տնտեսական կարևորությունը:

Շանթ Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս