Ուշագրավ մանրամասներ քրեական հեղինակությունների դեմ մահափորձից. Վենդետան չի բացառվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, եւ Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պաշտոնական տեղեկության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:

Մահափորձի խորը արմատները

Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել:

Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեեւ լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:

ArmLur.am-ը նաեւ տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Արտյոմ Կանեւսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:

Ձերբակալվածները խոստովանել են  

«Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:

Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից եւ իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն եւ սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Ի դեպ, մեզ լուրեր հասան նաեւ այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաեւ ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների եւ մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները:

Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերեւս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս