Աշխարհը մեկ գիծ կտեսնի
Խորհրդարանական կառավարման կարգի պայմաններում Ազգային ժողովի լիազորություններն ու գործունեության դաշտն էականորեն ընդլայնվելու են։ Ի թիվս այլ ոլորտների՝ խորհրդարանը նոր լիազորություններ ու գործառույթներ կարող է ստանձնել նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում։ Խնդիրն այն է, թե որքանով ֆորմալ այդ հնարավորությունը կիրացվի Հայաստանի քաղաքական իրողությունների պայմաններում, այն անխախտ ավանդույթի պայմաններում, որում խորհրդարանը մշտապես հանդես է եկել գործադիր իշխանության կցորդի դերում։
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում խորհրդարանական դիվանագիտությունն ածանցվելու է գործադիր իշխանության քաղաքականությունից, քանի որ իշխող կուսակցությունն ունի գերակշռող մեծամասնություն։ «Բայց ռեալ կյանքում այդպես չպետք է լիներ։
Օրինակ՝ եթե մենք ունենայինք ավելի բազմազան պառլամենտ, աշխարհում մեր տարբեր պատգամավորները տարբեր կարծիքներ կասեին, դա միայն դրական կլիներ, քանի որ, երբ դրսում տեսնում են, որ դու ունես բազմազանություն, միշտ դա հարգանքի է արժանանում։ Այսօր այդպես չի լինի, այսօր պարզ է, որ բոլոր գլխավոր ատյաններում գերակշռող կլինեն հանրապետականները, ուրեմն՝ մեկ գիծ աշխարհը կտեսնի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա։
Մինչդեռ «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, հաջորդ տարվանից մեր արտաքին քաղաքականությունը որոշելու է խորհրդարանը։ Նույն ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանն էլ այս թեմաային անդրադառնալով հիշում է, որ նախորդ խորհրդարանում նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր գործիչներն ազգային առաջնահերթություն ունեցող հարցերի շուրջ ունեին գրեթե նույն դիրքորոշումը, ինչ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես օրինակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Նրանք դա համարում էին քաղաքական պատասխանատվության հարց, որտեղ քաղաքական ինչ-որ դիրքորոշումներն իրենց համար առաջնահերթ չեն»,- ասել է նա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: