«ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, որոհետև նա ձախողում է խաղաղ բանակցային գործընթացը»

Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության   սյունակագիր,  քաղաքական վերլուծաբան  Ստանիսլավ Տարասովի հետ

Պարոն Տարասով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հայտարարել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանը հրթիռակոծել և շփման գծից այն կողմ նպատակակետին է հարվածել, ինչին ի պատասխան` հայկական կողմը նույնպես գործողություն է իրականացրել: Հայաստանում այս հայտարարությունը կոչում են աննախադեպ, հասցեական և ոչ ստանդարտ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը դրդեց համանախագահներին նման քայլի գնալ:

– Մեր փորձը և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ապրիլ ամսին ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ կողմերն ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հետո Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդարանում իր ելույթում հայտարարեց, որ բանակցային գործընթացի հիմքում դրված է Կազանյան փաստաթուղթը կամ, հնարավոր է, դրա ինչ-որ մոդիֆիկացիան՝ միաժամանակ նշելով, որ պահպանվում է բանակցությունների գաղտնիությունը։

Այն պահին, երբ Նալբանդյանը հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների, իսկ Մամեդյարովը նույնպես հայտարարեց, որ իրենք էլ են պատրաստ բանակցությունների, բայց տարածքային խնդիրներ կան, ահա այդ պահին, երբ նրանք պատրաստ էին նոր հանդիպման, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

Շատ փոքր, հիմար, հորինված պատճառաբանության հիման վրա, իբր հայկական կողմն ուզում էր խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը, թեև ոչ հրապարակային ասվում էր, որ ոչ մի կողմն առաջինը չի հարվածի, նրանք, ովքեր ձգտում էին ձախողել այդ բանակցությունները, հասան իրենց նպատակին։ Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ դա ադրբեջանական կողմի զինվորականներն էին, առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հասցեական բնույթ էր կրում, և մեղադրում Ադրբեջանին այդ գործընթացը ձախողելու մեջ։ Ահա և վերջ։

Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ևս նպատակադրե՞լ է կյանքի կոչել «Արցախի միջանկյալ անորոշ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու» բանաձևը։

– Ոչ, Ռուսաստանը բանակցությունները վարում է ոչ ավտոնոմ ռեժիմով, այլ բանակցություններին մասնակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Եթե որևէ կողմը խոսում է այդ մասին, դա չի նշանակում, որ ինչ-որ նախագիծ կա, օրինակ՝ Լավրովի պլան, կամ այլ։ Ոչ մի նման բան չկա։ Խնդիրն այն է, որ Ֆրանսիայում ընտրություններ էին, նախագահը դեռևս նոր է, ֆրանսիացիները դեռ պատրաստ չեն, Թրամփի վարչակազմն իր գործողությունների ծրագիրն է առաջ քաշել, և վերացական հայտարարություններ են անում, արդյունքում՝ այս իրավիճակում որոշում է ընդունվել, որ Մոսկվան հանդես գա համակարգողի կարգավիճակում։ Ոչ ավելին։ Իսկապես կա ինչ-որ փաստաթուղթ, որի մասին մենք չգիտենք, բայց գործընթացը խափանվել է, և վերջ։

Մինսկի խմբի հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դա իր ինքնիշխան տարածքն է, և կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Դրանից հետո նրանք ականակոծեցին նաև սեփական դիրքերը և շարունակում են գնդակոծել հայկական դիրքերը, մայիսի 20-ին հայկական կողմը նոր զոհ ունեցավ, այսինքն՝ ՄԽ հայտարարությունը որևէ զսպող ազդեցություն չունեցավ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նոր քայլերի է Բաքուն պատրաստվում առաջնագծում:

– Գիտե՞ք որն է խնդիրը՝ Ադրբեջանը խորամանկում է։ Կան Վիեննայի պայմանավորվածությունները, կան Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք, ցավոք, Ադրբեջանը չի ստորագրել, և որոնցով նախատեսվում է շփման գծում հրադադարի խախտման մեխանիզմների ներդրում, միջազգային դիտորդների կողմից մոնիտորինգ։

Հենց հայտնվում են միջազգային դիտորդները, և նրանց կողմից հայտարարություն է լինում, որ կողմերից որևէ մեկը խախտել է հրադադարը, դրան կարելի է հավատալ, բայց հիմա, երբ միջազգային դիտորդներ չկան, ոչ ոք չկա, յուրաքանչյուր կողմը մեղադրում է մյուսին, խնդիրը բարդ է։ Ադրբեջանը դեմ է շփման գծում մեխանիզմների ներդրմանն ու մոնիտորինգի իրականացմանը։ Թվում էր, որ, եթե նա մշտապես մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ, ապա պետք է կողմ լիներ, որ մեխանիզմները ներդրվեին, և թող ոչ թե Բաքուն խոսեր, այլ Բրյուսելը հայտարարեր։ Այդ դեպքում այդ հայտարարությունն այլ կշիռ կունենար։ Իսկ հիմա Բաքվի արածը պարզ սպեկուլյացիա է։

Ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել միջազգային հանրությունը, ՄԽ այդ հասցեական հայտարարությանը կհետևե՞ն համապատասխան գործողություններ, օրինակ՝ Ադրբեջանի նկատմամբ կկիրառվե՞ն պատժամիջոցներ, կամ որևէ այլ քայլ կարվի՞:

– Ոչ, խնդիրն այն է, որ Ադրբեջանը ձախողում է օրակարգը, նրան ասում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին, իսկ Բաքուն ասում է, որ պետք է սկսել մաքուր էջից, այսինքն՝ այլ օրակարգ են մտցնում, տապալում են բանակցային գործընթացը։ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են։ Նրանք կարող են Ադրբեջանի հարցը բարձրացնել ԱԽ-ում, և այդ ժամանակ Բաքուն ծանր վիճակի մեջ կհայտնվի։ ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, որվհետև նա ձախողում է խաղաղ բանակցային գործընթացը։

Իսկ հետո, ինչպես ասվում է, կարող է տեղի ունենալ ճակատագրական շրջադարձ՝ կհայտնվեն պետություններ, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Չէ՞ որ պատահական չէ, որ ապրիլ ամսին Երևանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին։ Իրադարձությունների զարգացման ընթացքը կանխատեսելը բարդ է, այժմ կարելի է միայն ենթադրություններ և գուշակություններ անել։

Մարտի 8-ին Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել էր, որ հակամարտության գոտում պետք է տեղադրել սարքավորումներ, որոնք կարող են ոչ միայն արձանագրել հրադադարի խախտումները, այլև պատժել մեղավորներին: Սակայն այդ առաջարկը չգտավ հասարակական լայն արձագանք: Ինչո՞ւ։

– Ո՞վ է մեղավոր։ Ես, օրինակ, հայկական կողմից որևէ խոչընդոտ կամ դեմ կարծիք չեմ տեսել, իսկ Ադրբեջանը դեմ է։ Այդտեղից հարց է առաջանում՝ ո՞վ է շահագրգռված հարցի լուծման ուժային տարբերակի մեջ։ Բնականաբար, այն կողմը, որը խոսում է հակամարտության կարգավորման ուժային տարբերակի մասին։ Դա Ադրբեջանն է։

Գիտեք, այստեղ ինչպիսի իրավիճակ է։ Ադրբեջանի դիվանագիտությունը պարտվել է՝ միջազգային դիվանագիտությունը պարտվել է, եվրոպական դիվանագիտությունը պարտվել է, նրանք հայտնվել են փակուղում։

Եվ ի՞նչ ձևով նրանք կփորձեն դուրս գալ այդ փակուղուց։

– Փակուղուց դուրս գալու համար ուժային տարբերակը չի օգնի, իրադրությունն է այլ։ Եթե ապրիլին Թուրքիան հակամարտության մեջ էր Ռուսաստանի հետ և աջակցում էր Ադրբեջանին, ապա հիմա Թուրքիան ինքն է գտնվում միջազգային լուրջ ճնշման ներքո։ Այնտեղ քրդական գործոնն է, սիրիական պատերազմը, իրաքյան պատերազմը, ԴԱԻՇ-ը, ահաբեկչությունը և այլն։ Հիմա թուրքերը, բացի հրապարակային հայտարարություններից, ֆիզիկապես ի վիճակի չեն աջակցել Ադրբեջանին։ Եվ ասել, որ այս իրավիճակում Ադրբեջանը կգնա առճակատման, դժվար է։ Ես կարծում եմ, որ ոչ, չի գնա։

Տեսանյութեր

Լրահոս