«Ադրբեջանում տասնյակներով սպաների են ձերբակալում և ոչնչացնում՝ առանց դատ-դատաստանի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Պատերազմով սպառնացող Ադրբեջանի Զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, այնտեղ տասնյակներով սպաների են ձերբակալում և ոչնչացնում՝ առանց դատ-դատաստանի։ Սա խոսում է իրենց Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մասին, նրանց պատրաստվածության մասին, և առիթ տալիս ենթադրելու, որ նման Զինված ուժերով ու նման խնդիրներ կուտակած բանակով Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել, որքան էլ դա նրանց հետաքրքրության շրջանակներում լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը, և հայկական կողմն էլ, ըստ նրա՝ տարածքային զիջումներ չի անի Ադրբեջանին. «Որքան էլ պաշտոնապես հայտարարենք, որ պատրաստ ենք տարածքային զիջումների գնալ և ստանալ Արցախի անկախությունը, դա կյանքի կոչելու մեխանիզմներ չկան»։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը, նա նշեց, որ նման հայտարարություն առաջին անգամ չի արվում.
«Ուզում եմ հիշեցնել 2015թ. հունվարի նախադեպը, երբ Կրակովի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարին կոչ արեցին, որ Ադրբեջանը հետևողական լինի իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Շատ ավելի շահեկան կլինի, երբ նմանատիպ հայտարարությունները կողք կողքի դնենք և ոչ թե՝ որպես սենսացիոն ձեռքբերում ներկայացնենք, այլ՝ որպես օրինաչափություն։ Սա վկայում է այն մասին, որ ՄԽ-ն որոշ չափով վերանայում է իր դիրքորոշումները, մոտեցումները»։
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ նման կոչերով որևէ խնդիր չի լուծվում.
«Ադրբեջանի արձագանքը վերջին հայտարարությանը, տեսանք, թե որքան ագրեսիվ էր։ Բայց հաջորդ քայլով պետք է հասնենք նրանք, որ ՄԽ համանախագահները կարողանան իրենց երկրների ղեկավարներին համոզել՝ օգտագործել ողջ ազդեցությունը՝ Ադրբեջանին այս ռազմատենչ քաղաքականությունից ետ պահելու համար»։