«Դա շատ ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան իրանական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը». Վարդան Ոսկանյան

Որքանո՞վ է այսօր Իրանի քաղաքական օրակարգում հետաքրքրություն առաջացնում Հայոց ցեղասպանության հարցը, ինչո՞ւ Իրանն այդպես էլ չի ճանաչում այն, և արդյո՞ք նախագահ Հասան Ռուհանիի վերընտրվելն այս հարցում որոշակի առաջընթաց կգրանցի։ Այս հարցերի պարզաբանումը փորձեցինք ստանալ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից։

«Իրանից Հայոց ցեղասպանության հարցում առաջընթաց սպասելը դեռ վաղ է։ Այս տարի գրանցվեց հետաքրքիր գործողություն՝ իրանցիները թույլատրեցին, որպեսզի հայ համայնքը բողոքի ցույցեր անցկացնի Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Բայց մի կարևոր հանգամանք կա. ես կարծում եմ՝ այս խնդիրը չէ, որ հայ-իրանական հարաբերություններում պետք է վճռորոշ լինի։

Անշուշտ, իրանցիները քաջատեղյակ են, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվել Օսմանյան կայսրությունում, բայց զուտ պրագմատիկ իմաստով մեզ համար այսօր շատ ավելի ձեռնտու է, եթե մենք մեր ունեցած լոբբիստական հնարավորությունները, քաղաքական, տնտեսական հարաբերությունների խողովակն օգտագործենք Իրանի հետ այլ ոլորտում լուրջ ձեռքբերում արձանագրելու տեսանկյունից»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Վ. Ոսկանյանի խոսքով՝ Ցեղասպանության խնդիրը զգացական է, և ըստ նրա՝ շատ լավ կլինի, որ Իրանը ճանաչի այն, բայց կարելի է երկընտրանք ստեղծել. «Ես կարծում եմ, որ այս պահին Հայ դատի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու կլինի, եթե Իրանը խոշոր ներդրում կատարի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ՝ օգնելով մեզ դուրս գալ թուրք-ադրբեջանական շրջափակումից։ Սա շատ ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան իրանական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մեկը մյուսին, անշուշտ, չի հակասում, բայց եթե լինի երկընտրանք, կարծում եմ՝ նա շատ ավելի ձեռնտու կլինի հենց թեկուզ Հայ դատի տեսանկյունից»։

Հետաքրքրվեցինք՝ թեև նշեց, որ իրանցիներն այս տարի թույլատրեցին, որպեսզի հայ համայնքը բողոքի ցույցեր անցկացնի Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց, բայց արդյո՞ք դա կապված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հետ, այսինքն՝ երբ իրանաթուրքական հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջանում, Իրանը թույլատրում է հայ համայնքին՝ ակցիաներ կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց։

«Սովորաբար, հայերին ազատորեն թույլ են տալիս այդ ակցիաներն իրականացնել տարբեր տեղերում, բայց թուրք-իրանական հարաբերություններն էլ «շաքար» չեն, և պարբերաբար լինում են սրացումներ։ Ցանկացած պետություն օգտագործում է իր ունեցած գրեթե ողջ գործիքակազմը՝ իր նպատակներին հասնելու համար։

Այս իմաստով՝ Իրանը ևս բացառություն չէ։ Մենք Իրանի ներսում, ցավոք սրտի, հայ համայնքի պարբերական արտագաղթի պայմաններում՝ զգալիորեն զիջել ենք մեր լոբբիստական դիրքերը։ Ես կարծում եմ, որ դա պետք է լրացնենք Հայաստան-Իրան հարաբերություններում՝ տարբեր մակարդակներում»,- պարզաբանեց իրանագետը՝ նկատելով, որ Իրանում շատ հաճախ որոշումները կայացվում են՝ ներքևից ճնշման արդյունքում, և ըստ նրա՝ եթե մենք կարողանանք իրանական ԶԼՄ-ների դաշտում, հասարակական, հետազոտական և գիտական շրջանակներում ապահովել համապատասխան դրական ֆոն՝ հենց թեկուզ Ցեղասպանության ճանաչման իմաստով, ապա այդ ճնշումը, նրա խոսքով՝ ունենալու է իր արդյունքը՝ Իրանում քաղաքական որոշումներ կայացնողների վրա։

Տեսանյութեր

Լրահոս