Մարդաշատ հոբելյանական Կաննը՝ տոնական տրամադրությունների մեջ. բացառիկ ռեպորտաժ՝ Կաննից
Ֆրանսիական լազուրի ափին մեկնարկել է Կաննի 70-րդ հոբելյանականը՝ այստեղ հավաքելով համաշխարհային կինեմատոգրաֆի հսկաներին: Օդում կախված կինոտոնի զգացողությունը հաճելի կերպով և ամենայն հաջողությամբ մոռացնել է տալիս հոգնեցնող ճանապարհի հետևանքները, սակայն այս տրամադրությունը երկար շարունակվելու քիչ հավանականություն ունի, եթե այստեղ ես աշխատելու նպատակով:
Առաջին բանը, որ պետք է անի այստեղ հայտնված լրագրողը (եթե լրագրող եք), հավատարմագրման կենտրոն այցելելն է, որտեղ, ինչպես հետո պարզվեց, մեզ անակնկալ էր սպասվում՝ լրագրողական կապույտ բաջի տեսքով:
Չխորասուզվելով կաննյան բաջերի տարատեսակների մեջ, անցնում ենք առաջ:
Այստեղ փառատոնային կենտրոն՝ Palais De Festival, մուտք գործելու համար հարկավոր է հերթ կանգնել, որը օրվա տարբեր ժամերի համար քեզանից կխլի 15 րոպեից մինչև կես ժամ:
Հայրենի երկրում ունենալով միջազգային կինոփառատոն՝առնվազն գոնե բարի նախանձով արձանագրում ես՝ գործ ունես համաշխարհային կինեմատոգրաֆի փառատոնային կյանքում վաղուց հաստատուն գիգանտի հետ:
Ահա այստեղ՝ Palais De Festival-ում է, որ տեղի են ունենում Կանիի գլխավոր կինոիրադարձությունները, որտեղ նաև տեղակայված են փառատոնի գրեթե ողջ ստրուկտուրալ կառույցները:
Այստեղից կարելի է տեղեկանալ և ստանալ փառատոնային կյանքին առնչվող ցանկացած ինֆորմացիա, ինչն էլ մենք արեցինք՝ պարզելով նախ և առաջ հոբելյանական 2017-ի ծրագրերը:
Հիմնական ծրագրում՝ Compétition-ում, որ ընդունված է համարել այս փառատոնի ամենահեղինակավոր մրցույթը, ներկայացված է 18 ֆիլմ: Հիմնական մրցութային ծրագրի ժյուրին այս տարի գլխավորում է իսպանացի աշխարհահռչակ ռեժիսոր Պեդրո Ալմադովարը: Ժյուրիի կազմում են Ջեսիկա Չեսթեյնը, Մարե Ադը, Ֆան Բինբինը, Պակ Չխան Հուկը, Ուիլ Սմիթը, Անես Ժաուին, Պաուլո Սորենտինոն և Գաբրիել Յարեդը:
Փառատոնի «Հատուկ հայացք»՝ Un Certain Regard ծրագրում այս տարի ներառված ֆիլմերի քանակն անցնում է 20-ը: Այս ծրագրում ընդգրկված ֆիլմերը փառատոնի մասնակիցները, ինչպես նաև հավատարմագրված լրագրողները, հնարավորություն ունեն նայելու փառատոնային հայտնի՝ «Դեբյուսի» կինոդահլիճում, իսկ ժյուրին այս տարի գլխավորում է հանրահայտ Ումա Թուրմանը:
Արտամրցութային՝ Hors Compétition, ծրագրում ընդգրկված ֆիլմերը հնարավոր է նայել փառատոնի գլխավոր «Լյումիեր» կինոդահլիճում:
Կինոֆոդասիոն՝ Cinéfondation, ծրագրում ներառված թվով 15 ֆիլմերը ներկայացնում են աշխարհի տարբեր կինոդպրոցների աշխատանքներ, որոնք հնարավորություն կա նայելու միայն «Բյունուել» կինոդահլիճում:
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթն այստեղ պակաս հեղինակավոր դիրքերում չէ: Այս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը հնարավոր է դիտել միաժամանակ երկու կինոդահլիճներում:
Կաննի դասականներ՝ Cannes Classics, ծրագրում տեղ են գտել տարբեր տարիներին ստեղծված դասական կինոյի նմուշներ, ինչպես նաև համաշխարհային կինոմատոգրաֆի հայտնիների մասին պատմող ժապավեններ:
Համաշխարհային կինոծրագրում ցուցադրվում են տարբեր երկրների արտադրության ֆիլմեր: Փառատոնի անցկացման յուրաքանչյուր օրվա ընթացքում ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկիր իրավունք է ստանում ներկայացնելու սեփական արտադրության ազգային կինոն:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել տեղում, այստեղ՝ Կաննում, մեծ հետաքրքրություն է վայելում նաև Կինոն ծովափին՝ Cinéma de la Plage, ծրագիրը, որ փառատոնի հյուրերին հնարավորություն է տալիս մեծ էկրանին անվճար նայելու հեղինկավոր այս փառատոնին երբևէ մասնակցություն ունեցած դասականների ֆիլմերը:
Ծրագրի ողջ մանրամասներին ծանոթանալուց հետո, իբրև հավատարմագրված մամուլի ներկակացուցիչներ, մենք փորձում ենք գտնել մամուլի կենտրոնը, որը տեղակայված է փառատոնային կենտրոնի՝ Palais De Festival-ի, երրորդ հարկաբաժնում:
Այստեղ ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները. արդյունավետ լրագրողական աշխատանքի համար՝ անվճար և գերարագ WiFi կապ, տեխնիկական օգնության ծառայություն, եթե կա նման անհրաժեշտություն, լափթոփ համակարգիչներ և, իհարկե, դառը սև սուրճ:
Կարելի է ասել, որ այստեղ փառատոնի հավատարմագրված լրագրողներն անցկացնում են իրենց ժամանակի զգալի հատվածը: Սրահն այստեղ լայնարձակ է, սակայն աշխատանքի համար նախատեսված տեղերը գրեթե մշտապես զբաղված են: Եթե ձեզ հաջողվի, կամ եթե ձեզ համար ժպտա բախտը, ապա դուք կարող եք տեղավորվել աշխատանքային սեղանի շուրջ, իսկ եթե ոչ, ապա տեսարանն այսպիսին է:
Կաննում անցկացրած առաջին աշխատանքային օրը մենք չէինք կարող բաց թողնել փառատոնի հանրահայտ կինոշուկայում հայկական տաղավար՝ Village International/Pantiero N 226 այցելելու հնարավորությունը:
Արդեն վաղը Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները Կաննի կինոշուկայում հաջողելու իրենց շանսերն են փորձելու՝ «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի՝ «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի՝ «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերով:
Հաջողություն մաղթելով հայկական պատվիրակության անդամներին՝ տեղեկացնենք, որ 168.am-ը տեղում, արդեն վաղը Կաննի հայկական տաղավարից բացառիկ իրավունքով կլուսաբանի միջոցառման ողջ ընթացքը:
Վերադառնալով հոբելյանական կինոփառատոնին՝ նկատենք, որ այն այս տարի անցնում է ֆրանսիական իշխանությունների կողմից նախաձեռնած անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:
Կաննի փողոցներում ամենուրեք սահմանված ոստիկանական հերթափոխը ամեն քայլափոխի է: Առավել ուժեղացվաց պայմաններում է հսկվում հատկապես փառատոնային կենտրոնը, հարակից տարածքները՝ նույնպես:
Գլխավոր փառատոնային կենտրոն մուտք ունեն բացառապես հավատարմագրվածները՝ անձը հաստատող բաջով:
Palais De Festival-ի մուտքը հսկող ոստիկանկան խումբը անհատական զննության է ենթարկում տարածք մտնող յուրաքանչյուր այցելուի, որոնք պետք է անցնեն խիստ հսկվող անվտանգության գոտիով՝ հնարավորինս անվտանգ փառատոնային տոն պարգևելու այս քաղաք ժամանած հյուրերին ու այցելուներին:
Կաննում առաջին աշխատանքային դժվար օրն ավարտում էինք որևէ տեղ համեղ սնվելու անդիմադրելի ցանկությամբ, ինչպես նաև մոտակա կայարանից հնարավորինս արագ կացարան հասնելու երջանիկ մտքով:
Առջևում Կաննի կինոշուկայում հայկական տաղավարի մասին պատմող ռեպորտաժն է: