«Ադրբեջանին զգուշացնում են՝ կա կարմիր գիծ, որն անցնել չի կարելի». Արեգ Գալստյան
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան, ըստ էության, աննախադեպ հայտարարությամբ՝ թերևս, առաջին անգամ հասցեական դատապարտելով Ադրբեջանին՝ շփման գծում հրադադարի խախտման համար։
Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի (Ռուսաստան) կարծիքով՝ այս հայտարարությունն արվեց՝ ելնելով մի քանի պատճառից։
«Առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի հիմնական անդամները երկար ժամանակ համոզում էին Բաքվին, որ կարիք չկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար ջանքեր գործադրել, բայց Բաքուն արհամարհեց Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի տեսակետները։ Այս հայտարարությունը որոշակիորեն պատասխան ազդանշան էր, որովհետև իրականում ՄԽ մշտական ներկայացուցիչներից ոչ ոք չէր ցանկանում այդ մարմնի փակումը Երևանում։ Այսինքն՝ ստացվում է, որ կողմերից մեկի կամքը պարտադրվեց Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Երկրորդ պատճառը վերլուծաբանը համարում է այն փաստը, որ ընդհանուր բնույթի հայտարարություններ անելն արդեն բարդ է, քանի որ, ըստ Գալստյանի՝ շատ բաներ ավելի ակնհայտ են դարձել, և չի կարելի ամեն անգամ երկու կողմին էլ կոչով դիմել։
«Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է՝ ով է սկսում ագրեսիան, ով է կրակում և ով է պատասխանում։ Բացի այդ, պարզ է, որ նման հայտարարությունները կարող են բերել հերթական ապրիլին, և արդեն ստիպված կլինեն ավելի ծանր հետևանքներ կրել։ Երևի, այնտեղ հասկացել են, որ հիմա ավելի հեշտ է միակողմանի հայտարարություններ անել, թե՝ մենք գիտենք, որ մեղավորը դուք եք, և կանխել ավելի մեծ կոնֆլիկտը, քան անել, այսպես ասած՝ խաղաղարար հայտարարություններ, իսկ հետո ձևացնել, թե ոչինչ չի եղել, և փորձնել հանգցնել այդ հրդեհը։ Այս հայտարարություններով փորձում են ստիպել Բաքվին հրաժարվել ինչ-որ լուրջ քայլերից՝ ցույց տալով, որ իրենք հասկանում են, թե ով է առաջինը սկսում։ Այս պաշտոնական հայտարարությունը կոնֆլիկտի կարգավորման և Ադրբեջանին կանխելու նոր քայլ է։ Մինսկի խումբն ակտիվ կերպով փորձում է կանխել Ադրբեջանին՝ հասկանալով, որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը ստաբիլ չէ, ու դրանից Ադրբեջանը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել՝ կոնֆլիկտի էսկալացիայի ուղղությամբ»,- ասաց Արեգ Գալստյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նույնանման հայտարարությանը, ապա դա ևս նույն լոգիկայի մաս է համարում. «Նաև Ռուսաստանում են սկսում հասկանալ, որ, եթե շարունակվի նույն դիրքորոշումը, թե՝ մենք չգիտենք՝ ով է սկսել, մենք կողմերին կոչ ենք անում, դա կբերի հերթական էսկալացիային, դա կարող է քանդել Ադրբեջանի ձեռքերը։ Իսկ հաշվի առնելով այն, որ այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն զինել է Ադրբեջանին, նա այստեղ որոշակի բարոյական պատասխանատվություն է կրում։ Եվ այստեղ էլ այդ գործողություններն ուղղված են նրան, որ Ադրբեջանը հասկանա՝ Ռուսաստանը չի ցանկանում կոնֆլիկտի էսկալացիա, Ռուսաստանը դեռ ցանկանում է, որ մնա ստատուս-քվոն, և, որ շփման գծում լուրջ պրովոկացիաներ չլինեն»։
Հետևաբար, ըստ մեր զրուցակցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հարցի կարգավորման հարցում հիմնական դերակատարությունը Մոսկվայինն է, բնական է, որ նրա վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քան եվրոպացիաների և ամերիկացիների. «Ռուսաստանը հիմնական տարածաշրջանային խաղացողն է և կոնֆլիկտի կարգավորման հիմնական միջնորդը, դրա համար էլ այս հստակ հետևողական հայտարարությունը, որ զինադադարի ռեժիմը խախտում է Ադրբեջանը, այլ ոչ թե՝ կողմերը, ուղղված են նրան, որ Բաքվին կոնկրետ ազդանշան հասցնեն՝ կա կարմիր գիծ, որն անցնել չի կարելի, և, որ իրենք արդեն այդ մասին գիտեն։ Այսինքն՝ սա ինչ-որ իմաստով փոխում է նաև բանակցային գործընթացի դիսկուրսը, որովհետև հիմա թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի, թե՛ Մոսկվայի համար արդեն հստակ է, թե ով է հետաքրքրված զինադադարի ռեժիմի խախտմամբ»։