«Հայկական գործոնն ամերիկյան քաղաքականության մեջ տարրալուծվել է, դարձել ոչ այդքան լուրջ քաղաքական հարց». Արեգ Գալստյան

«Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Դա վերաբերում է ինչպես՝ այդ հարաբերությունների ընդհանուր, կոնցեպտուալ պարադիգմաներին, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր կառույցների հետ երկխոսության ձևավորման խնդրին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ ամենագլխավոր խնդիրը փոխընկալումն է, այսինքն՝ ինչպես է Հայաստանն ընկալում Սփյուռքին, և՝ հակառակը.

«Այդ խնդիրները միշտ բնորոշ են այն երկրներին, որոնք ունեն փոքր տարածք և մեծ բնակչություն, որն ապրում է դրա սահմաններից դուրս։ Եվ խոսել այն մասին, թե միայն հայերն ունեն այդ խնդիրը, ճիշտ չի լինի։ Բացի այդ կոնցեպտուալ խնդիրներից՝ կան նաև տեղային խնդիրներ, քանի որ այսօր նկատվում է որոշակի մրցակցություն տարբեր սփյուռքների մեջ, օրինակ՝ ռուս-ամերիկյան, ամերիկա-եվրոպական, և այլն։ Դրա համար կարծում եմ ՝ անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման համապատասխան ֆորմատ գտնել, և, եթե այս երկու խնդիրները լուծվեն, ժամանակի հետ մյուս խնդիրներն էլ լուծում կստանան»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ամերիկյան սփյուռքին, նա նշեց, որ նրանք որոշակի կապեր Թրամփի հետ ունեն, բայց, ըստ նրա՝ հարցն այն է, թե որքանո՞վ են այդ կապերն օրակարգ ձևավորում. «Կոնտակտներ կան, բայց ես սկեպտիկորեն եմ վերաբերվում նրան, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքը կամ լոբբիստական կազմակերպությունները կարող են նոր վարչակարգի առաջ լուրջ բնույթի հարցեր բարձրացնել»։

Խոսելով Թրամփի՝ կովկասյան քաղաքականության մասին, ամերիկագետը նշեց, որ դեռևս փորձում են հասկանալ, թե ինչ քաղաքականություն վարել ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ, ըստ նրա՝ այժմ շատ են փորձագետները, քաղաքական գործիչները, որոնք ակտիվորեն մասնակցում են այդ քննարկումներին.

«Ելնելով ինչ-որ նշանակումներից, կարելի է որոշակի ենթադրություններ անել. Թրամփի խորհրդատուն Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով Ֆիոնա Հիլն է, որը եղել է Բրուքինգսի համալսարանի աշխատակից, բավականին հայտնի փորձագետ է, որը շատ լավ գիտի Ռուսաստանն ու Հարավային Կովկասը, նա շատ լավ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, Արցախի հարցից լավ տեղյակ է։

Այսինքն՝ սկզբունքորեն նա կարող է որոշակի օրակարգ ձևավորել ադմինիստրացիայում։ Բայց մյուս հարցն այն է, որ այսօր դեռևս հասկանալի չէ, թե այդ օրակարգն ինչ հստակ տարրեր կունենա»։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ԱՄՆ-ից Հարավային Կովկաս եկող ֆինանսական հոսքերի նվազումը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանն Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ այդքան էլ կարևոր տեղ չի զբաղեցնում։ Թե ինչպես դա կձևավորվի, ըստ նրա՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Թրամփի համար այս պահին առավել կարևոր են ներքաղաքական խնդիրները։ «Հայկական գործոնն ամերիկյան քաղաքականության մեջ տարրալուծվել է, դարձել ոչ այդքան լուրջ քաղաքական հարց և չի կարող ինչ-որ կարևոր հարցերի լոբբինգով զբաղվել»։

Տեսանյութեր

Լրահոս