«Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը». Նալբանդյան

Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ հայկական կողմը կիսում է կառույցի գլխավոր քարտուղարի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն:

«Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,- նշել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- ընդգծել է Նալբանդյանը։

Տեսանյութեր

Լրահոս