Բաժիններ՝

Էրդողանը ոչինչ չի խնդրելու ԵՄ-­ին. Թուրքիայի նախագահը չի մոռացել վիրավորանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարությամբ դիմել է Եվրամիությանը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Թույլ չենք տա խաղալ մեր արժանապատվության հետ, եթե նրանք մեզ վերցնեն, կանդամակցենք»,­- ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ, եթե Եվրամիությունը Թուրքիային ընդունի, ապա Թուրքիան կանդամակցի, սակայն իրենք ոչինչ չեն խնդրելու ԵՄ­-ին: «Ես այս ազգի փառքն ու արժանապատվությունը չեմ ոտնահարի, եթե ԵՄ-­ն դրական գիծ որդեգրի մեր նկատմամբ մենք էլ դրական կտրամադրվենք, որքան Եվրամիությունը մեզ համար է կարևոր, այդքան էլ մենք ենք կարևոր նրա համար»,-­ հավելել է Թուրքիայի նախագահը:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի քարոզարշավին:

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կայացել է ապրիլի 16-­ին և ավարտվել «Այո»­-ի հաղթանակով, ինչի արդյունքում Թուրքիայում հաստատվելու է կառավարման նախագահական համակարգ:

«Նրանք մեր նախարարներին թույլ չտվեցին իջնել ինքնաթիռից, նրանք այդքան կոպիտ են և այդքան անվայել, իսկ սա թուրք ժողովուրդն է և թող այդպես էլ մնա»,­ ապրիլին ունեցած ելույթներում ասել էր Էրդողանը:

Նա Եվրամիությանը մեղադրել էր ասելով. «Նրանք մեր երկրին թույլ չեն տալիս անդամակցել Եվրամիությանը, քանի որ մենք մուսուլման ենք և Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մուսուլման է: Նրանք պառակտիչներ են: Մենք մինչև այսօր լռել ենք, բայց արդեն խոսելու ենք: Նրանց մեջ ռասիզմ և իսլամաֆոբիա կա, նրանց մեջ ամեն ինչ էլ կա: Արդեն պարզ խոսենք, նրանք իրենց երկրներում սկսել են հյուրընկալել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին և գյուլենականներին, ու նրանց չափանիշներն այլևս մեզ պետք չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս