«Ելք» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը

Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ մեր առաջարկած թեկնածուն ընկալելի և ընդունելի է հայ ժողովրդի համար»,- ասաց Վ.   Բաղդասարյանը՝  կոչ անելով քվեարկել Արա Բաբլոյանի օգտին ԱԺ նախագահի պաշտոնում:

Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրեց նաև «Ելք» դաշինքը: Դաշինքի անունից ձայնի իրավունք խնդրեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց առաջարկած թեկնածուն ունի հարուստ կենսագրություն և ընդունելի թեկնածու է հայ ժողովրդի համար:

Նիստը վարող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին:

«Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ գործընկերներին նման վստահության համար: Դա ինձ ստիպում է լինել առավել պատասխանատու: Մենք լսեցինք ՀՀ նախագահի ուղերձն Ազգային ժողովին և մեր ժողովրդին՝ համապարփակ և հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով»,- ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր քվեով ձևավորեց  Ազգային ժողովը: «Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ ես ղեկավարվելու եմ այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը  բազմապատկելու է  իմ պարտավորվածության աստիճանը: Բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից:

Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք վերջին ընտրությունները. այլևս փաստ է, որ այս ընտրությունները տարբերվեցին կեղծիքների բացակայությամբ, խախտումների նվազմամբ: Այս ամենի ն մեզ հաջողվեց հասնել քաղաքական կամքի բարձր դրսևորմամբ և համատեղ աշխատանքով:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Ես անելու եմ հնարավորը, որ իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ավելի ընդլայնվի: Հայաստանում  մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ ծրագրերը և գործողությունները չեն կարող  տարբերվել այս սկզբունքներից: Նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

«Ելք» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց  «Ելք» դաշինքի խմբակցությանը Ազգային ժողովի նախագահի   բարձր պաշտոնում  իր թեկնածությունն առաջադրելու համար: «Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը:  Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը 2018թ. ապրիլից ունենալու է կարևորագույն դերակատարում, և ես շատ լավ հասկանում եմ այն պատասխանատվության աստիճանը, որ ունենալու է Ազգայնի ժողովի նախագահը»,- ընդգծեց Մարուքյանը:

Նա նշեց, որ, լինելով Ազգային ժողովի պատգամավոր նախորդ 5 տարիների ընթացքում,  բախվել է բազմաթիվ խնդիրների, և իր տեսլականը բխում է այդ իրավիճակներից, թե ինչպիսին պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, երբ երկրում առկա է գործադիր իշխանության գերակայություն և օրենսդիր ու դատական իշխանությունների անհավասարակշռություն:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունները տեղի կունենան փակ գաղտնի քվեարկությամբ, նիստերի դահլիճին կից սրահում:

Տեսանյութեր

Լրահոս