«Ավելի լավ է ազնիվ լինեն և ասեն, որ Հայաստանը դարձնում են օֆշորային գոտի»

ՀՀ կառավարության չինովնիկները բազմիցս հայտարարել են այս տարի նախատեսվող 850 մլն ԱՄՆ դոլար ներդրումների մասին։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ոչ մեկ անգամ է շեշտել, որ դրանց ֆինանսական աղբյուրները և իրականացնողները հստակ են, ներդրումներն արդեն իսկ իրականացվում են: Հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին, որն իր հուժկու դերը պետք է ունենա ներդրումների իրականացման խիստ կարևոր գործում։ Կարայանն անգամ խոստացավ, որ մարտի վերջին գործարարներն իրենք կհայտարարեն, թե ինչ ներդրումների մասին է խոսքը: «Իրենք գալու են Հայաստան և այդ հայտարարությունը կանեն:

Այն կազմակերպություններն են գալու, որոնք ստորագրել էին այդ հայտարարությունը, պարտադիր չէ բոլորը, բայց նրանց մեծ մասը գալու են»,- ասել էր Կարայանը: Սակայն մարտի վերջին այդ ներդրումային բումն այդպես էլ չեղավ և թթվածնի պես Հայաստանի տնտեսությանն այդքան անհրաժեշտ ներդրումները չսկսեցին հոսել մեր երկիր։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան, Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են ներդրումային բումի մասին կառավարության հավաստիացումները։

– Ես ներդրումներին մի քիչ այլ տեսակետից եմ մոտենում՝ զուտ գիտական։ Երբևիցե ներդրումները խոսքերով, խոստումներով չեն լինում, առավել ևս՝ Հայաստանի նման երկրում, որտեղ խոսքն ու խոստումները չեն հարգվում և շատ դեպքերում գին չունեն։ Իրականությանը գնահատական տալու համար պետք է գիտությանը դիմել։ Իսկ գիտությունն ասում է, որ Հայաստանի նման երկրներում ներդրումներ շատ մեծ դժվարությամբ կգան, եթե գան։

Նկատի ունեմ, որ ռիսկային գոտի ենք, երկրում շուկայական տնտեսության կուլտուրան գրեթե 0 է, մրցակցություն չկա, նույնիսկ սեփականությունն ապահովագրված չի, մի անձի ցանկությունից է կախված որևէ գործարարի հաջողությունը, դատական համակարգ ընդհանրապես գոյություն չունի, իսկ դա ներդրումների համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ ներդրողը պետք է ապահովագրված լինի։ Եվ այս չափանիշներից ելնելով, այդ գիտական մոտեցումներից ելնելով՝ առաջին օրից, երբ սկսեցին թմբկահարվել ներդրումները, մեծ թերահավատություն եմ ունեցել և հիմա համոզվում եմ, որ այդպես էլ կա։

Երբ խոսում են X գումարի մասին, էական չէ՝ 5, թե 30 մլրդ, պետք է հաշվի առնեն նաև երկրորդ հանգամանքը՝ Հայաստանի տնտեսությունն այսօր ի վիճակի՞ է դա ընդունել, մարսել։ Իրականում մեր տնտեսությունը դրան պատրաստ չէ։ Ուղղակի  իշխանությունը սովորել է քամի փչելով, հրապարակային ներկայացումների միջոցով՝ համոզել մարդկանց, որ իրենք աշխատում են, բայց արդյունքը ոչինչ է։

Մի հանգամանք էլ կա՝ երբ այս նոր կառավարությունը սկսեց աշխատել, առաջին գործը օպտիմիզացիան էր, որը հետո մոռացան։ Բայց ի՞նչ տվեց դա, ինչի՞ համար արվեց, կա՞ր արդյոք հաշվարկ, որ դրա կարիքն իսկապես կա, եթե կար, արդյունքներն ո՞ւր են։ 1-2 ամիս խոսեցին ու մոռացան։ Հիմա ներդրումների հերթն է։ Ես չգիտեմ՝ վաղն ինչ կլինի։ Մի անգամ այդ երգը երգվել է Տիգրան Սարգսյանի կողմից, որ աշխարհի ֆինանսական, տուրիստական կենտրոն էինք ուզում դառնալ։

Հիմա էլ նման մի նոր գաղափար կլինի, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն։ Եթե ավելի լուրջ գնահատենք, տնտեսագիտորեն նման խնդիր դրված չէ, հակառակ դեպքում՝ լրիվ այլ ձևով կներկայացվեր հարցը։ Եվս մի նկատառում՝ եթե նույնիսկ հիմա ինչ-որ ներդրումներ արվեն, մայիսի վերջին պետք է ամփոփվի վիճակագրությունը, ու թիվն ավելի լավը լինի, քան անցած տարի, դա չի նշանակում, որ դա գործող կառավարության աշխատանքի արդյունքն է։

Օրինակ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործող «Լիդիան» ընկերությունը, որ այսօր ամենառեալ ներդրողն է դարձել, սկսել է աշխատել ոչ թե 1-2 տարի առաջ, այլ՝ 4։ Մամուլում նրանց ծրագրերը ներկայացվել են, որ այս տարվանից սկսած՝ պետք է ակտիվ ներդրումային փուլ մտնեն և 2-3 տարում 800 մլն ներդրում անեն, որ 10 տարի շահագործեն։ Նույնը վերաբերում է նաև այլ ներդրումային ծրագրերի, որ անցած տարիներին սկսվել են և այս տարի ավարտվում են։

Ես չեմ համարում, որ դա այս կառավարության աշխատանքի արդյունքն է։ Եվ կարծում եմ, որ որևէ կառավարության աշխատանքի արդյունքում դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը շատ ռիսկային գոտում է գտնվում, և քանի դեռ այդ հարցը չի լուծվում, ոչ ոք չի կարող ներդրումներ ապահովել, առավել ևս, եթե ներքին միջավայրի փոփոխություն էլ չկա։ Դա մի դեպքում կարող է լինել, եթե այնպիսի բնագավառ լինի, որը գերշահույթ կապահովի։

Դա փողերի լվացումն է, անկախ նրանից, թե տնտեսության որ ճյուղում է։ Դա տեղի ունեցավ 2000-ականների սկզբին, երբ Հյուսիսային պողոտա կոչեցյալը կառուցվեց։ Բայց դա էլ այժմ բավականին դժվարացել է, քանի որ 3 տարի առաջ G20-ի և G8-ի հավաքների ժամանակ պայման դրվեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարեն փողերի լվացման ու անօրինական փողերի հոսքերի դեմ։ Եվ, կարծես, ինչ-որ հաջողություն ունենում են։

Բայց կա նաև Ռուսաստանի հանգամանքը, որտեղ, պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո, նկատվում է ոչ հրապարակային ծագում ունեցող ֆինանսական միջոցների ավելցուկ, և չի բացառվում, որ դրանք գան Հայաստան։ Այժմ դրանք գնալու ուրիշ տեղ չունեն և, հնարավոր է՝ նույնիսկ այստեղի ռիսկը հաշվի առնելով, ներդնեն։

Օրինակ՝ Աֆղանստանում, Իրաքում պատերազմական, ոչ կայուն վիճակ է, բայց մարդիկ ներդրումներ են անում և շատ արագ հետ բերում իրենց գումարները։ Ես համոզված եմ, որ կառավարության խոստումները հետագայում իրականություն չեն դառնա և կա՛մ ինչ-որ պատճառներ կգտնեն, կա՛մ էլ պարզապես չեն մեկնաբանի, որովհետև հաշվետու չեն ժողովրդի առաջ։ Այնպես որ, էական փոփոխություն ես չեմ ակնկալում։

– Բայց կառավարության խոստումները բավականին համեստ են դարձել, օրինակ, եթե նախկինում 100 հազար աշխատատեղ էին խոստանում, այս տարվա համար ընդամենը 10 հազար աշխատատեղ են խոստանում։

– Դա էլ է շատ հարաբերական, նույնիսկ այդ 10 հազարն է հարցականի տակ։ Բայց եթե հաշվի առնենք, որ ունենք 243 հազար գործազուրկ, այդ 10 հազարն առանձնապես գրավիչ չէ։ Եթե դիտարկենք, թե որտեղ են բացվելու այդ աշխատատեղերը, «Լիդիանը» 1100 աշխատատեղ էր նախատեսում ստեղծել Վայոց ձորում, որոշ քանակով՝ Երևանում և գյուղատնտեսության ոլորտում, իսկ թե մնացածը որքանով իրականություն կդառնա, չգիտեմ։

Ծրագրերը դիտարկելիս մի տարօրինակություն եմ նկատել, որ աշխատավարձը գրում են 70-80 մինչև 120 հազար դրամ, որը գրավիչ չէ և արտագաղթից հետ չի պահի մարդկանց։ Ընդ որում՝ Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 180 հազար դրամ է։ Այսօր օրակարգում 3 հարց կա, որ հրատապ լուծման կարիք ունի՝ աղքատությունը, գործազրկությունը և արտագաղթը, որի հետևանքները մենք արդեն զգում ենք մեր մաշկի վրա, օրինակ՝ կրթության ոլորտում կրճատումներն ու օպտիմալացումը դրա հետևանքն է։

– Պարոն Խաչատրյան, լուր է տարածվել, որ Չեխիայում կանխվել է օրենքով գողերի հավաք և ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոն մականունով, ով Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է և ունի դիվանագիտական անձնագիր։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է նման անձնավորությունը լինել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ։

– Իմ վերլուծությունը դրան է հանգում։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում, բայց իշխանության բովադակությունն իմանալով՝ այդպես էլ պետք է լիներ։ Ես ասում էի, որ կասկածելի ծագումով փողեր պետք է գան այստեղ, և հիմնականում՝ Ռուսաստանից։ Փաստորեն, այդպես էլ լինում է։ Եվ այդ ակումբներին էլ ես չեմ հավատում, ինձ չեն կարող համոզել, որ նման ձևով ներդրումային միջավայր ստեղծելն իրականում նպատակ ունի ներդրումներ անելու։ Նման բան չկա։ Այդ ակումբները լրիվ այլ նպատակների համար են, նրա, ինչի մասին ես խոսեցի։ Ավելի լավ է ազնիվ լինեն և ասեն, որ Հայաստանը դարձնում են օֆշորային գոտի։

– ԵԱՏՄ-ն դա թույլ կտա՞։

– Հնարավոր է, որ՝ ոչ, բայց ԵԱՏՄ-ում կարող են ասել, որ չեն կարողանում որևէ ձևով երկիր զարգացնել, ԵԱՏՄ-ի անդամների հետ ընդհանուր սահման չկա, 2 հարևանների հետ սահմանը փակ է, իսկ բաց սահմանները տնտեսությունը խթանելու ամենակարևոր, լավագույն ու միակ պայմանն է։ Եթե դու ուզում ես զարգանալ, առաջին հերթին՝ պետք է հարևանների հետ առևտուր անես, իսկ մեր տարածաշրջանում այդ առումով հակառակն է, ամենաքիչ առևտուրն ենք անում, և ավելի շատ առևտուր ենք անում մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների հետ։

Եվ, փաստորեն, ՀՀ իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների նորմալ կյանքը երկրում։ Եթե խոսում են 3%, 8%, կամ 10% աճի մասին, լավ, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ հեռանում երկրից, ինչո՞ւ առողջապահության, կրթության և մյուս ոլորտներում ներդրում չկա, ինչո՞ւ ենթակառուցվածքների համար անհրաժեշտից մոտ 10 անգամ պակաս գումար է հատկացվում, ինչո՞ւ ճանապարհները ճանապարհներ չեն, ջրագծերը ջրագծեր չեն, էներգետիկ համակարգն էներգետիկ համակարգ չի, և այլն։ Այդ վիճակից դուրս գալու համար ամեն մի երկիր յուրահատուկ ոճ է ընտրում։

Օրինակ՝ Հարավային Կորեան, Սինգապուրը ավտորիտար համակարգեր էին, որտեղ որոշակի ժամանակահատվածում ժողովրդավարության սահմանափակումներ կային, բայց ինչ-որ մակարդակի գալուց հետո որոշեցին ու անցան քաղաքակիրթ ստանդարտների։

Մենք ոչ մի բան չենք ասում, տակից չեղած ապրանքների արտահանում ենք կազմակերպում, իբր մենք ենք արտադրել, շատ կասկածելի ծագում ունեցող ներդրումներ ենք անում, այսինքն՝ այն, ինչ հրապարակային չի, թափանցիկ չի։ Ինչ տրամաբանությամբ ընտրություններ են անում, նույն տրամաբանությամբ ուզում են երկիր զարգացնել, բայց չի ստացվելու։ Ռեսուրսներն իրականում վերջացել են։

Տեսանյութեր

Լրահոս