«Թուրքիան նույն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր». Հարութ Սասունյան
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան նույն այն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Հիմա թուրքերը փորձում են իրենց վայրենի վարվելակերպը Ամերիկա փոխանցել, սակայն Ամերիկան Թուրքիա չէ, և այս վայրագ վերաբերմունքն ԱՄՆ-ում ընդունելի չէ»,-ասաց նա:
Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ վիրավորված ցուցարարները հիվանդանոցում են, մեկի վիճակը ծանր է: Երկու թուրքեր ձերբակալված են ամերիկյան ոստիկանների կողմից:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ցուցարարների վրա հարձակված ու դաժան հարվածներ հասցրած թուրք ազգայնամոլների ձեռքին եղել է Թուրքիայի դրոշը:
Միջազգային լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին գրել, որ Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ դաժան հարձակման հեղինակները Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամներն են:
Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: