
Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին ետ կանչելու մասին

Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Գերմանական բանակը խորհրդարանի բանակն է, և խորհրդարանականը պետք է ամեն պահի վերահսկի այն: Այդ պատճառով գերմանական բանակը պետք է անմիջապես ետ քաշվի Ինջիրլիքի ռազմաբազայից», ասվում է կուսակցությունների ներկայացրած առաջարկում: Խնդրի առնչությամբ իր տեսակետն է հայտնել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով ընդգծել է, որ Բունդեսթագի պատգամավորների այցն արգելելը «ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանակում վստահության կորուստ է համարվում»:
«Դաշնային կառավարությունը շատ երկար հետևեց, թե ինչպես է նախագահ Էրդողանը մեր զինվորներին վերածել արտաքին քաղաքական գործիքի»,-ասել է նա: Ակնկալվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը մայիսի 17-ին քվեարկության կդրվի Բունդեսթագում: Իշխող կոալիցիայի՝ Սոցիալդեմոկրատական կուսակցության և Քրիստոնեադեմոկրատական միության մի շարք պատգամավորներ ևս ցանկություն էին հայտնել ետ կանչել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հայտնել է գերմանացի զինվորների հետ տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը:
Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ իրենց ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե գերմանացի պատգամավորների այցն «այս պահին նպատակահարմար չէ»: