«2018 թվականի կարևոր հարցերը կլուծվեն իշխանության թիմով»

Արդյոք Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական կյանքը կլճանա՞, ի՞նչ է սպասվում առաջիկայում՝ 2018 թվականից առաջ։ Ի՞նչ դեր կունենա ընդդիմությունը 2018-ի գործընթացներում, կամ՝ ընդհանրապես կունենա՞, թե՞ ամեն ինչ կընթանա միայն իշխանական բևեռում։

Սրանք այն հարցերն են, որոնք, թերևս, օրակարգային են դարձել քաղաքական շրջանակներում: Որքանո՞վ են հավանական ֆորսմաժորային իրավիճակները, կամ առհասարակ՝ ի՞նչ է սպասվում ներքաղաքական կյանքում առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ մայիսի 14-ին տեղի ունեցան ոչ թե Երևանի ավագանու ընտրություններ, այլ իշխող քաղաքական ուժի «նշանակման» քվեարկություն, ոչ ավելի. «Սա քվեարկություն էր, որի արդյունքները նախապես հայտնի էին»։ Նրա խոսքով՝ ավագանու ընտրություններից հետո միակ հետաքրքիր թեման այն է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականին.

«Դրանից բացի, որևէ շարժ չի ակնկալվում, և մեծ է հավանականությունը, որ սկսվի երկարատև լճացման ժամանակաշրջան։ Բայց խնդիրը ոչ թե ընդդիմադիր ուժերի մեջ է, չնայած՝ նրանք էլ բազմաթիվ սխալներ ունեին և նպաստել են այս գործընթացին, բայց հիմնական խնդիրը հասարակության մեջ է։ Հասարակության պոտենցիալի անկումը հանգեցնում է երկարատև լճացման գործընթացի»։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները նմանեցնում է 2007 թվականի ընտրություններին, երբ գործող համակարգը, նրա խոսքով՝ կարողացավ լրիվ ամայացնել քաղաքական դաշտը՝ մեկ-երկու տոկոս մակարդակի վրա թողնելով բոլոր մասնակիցներին.

«Այդ վակուումը հիմա էլ գոյություն ունի, դա երևաց արդեն կիրակի օրվա ընտրություններում, որին շատ կուսակցություններ չմասնակցեցին, ինչը ցույց է տալիս, որ այդ ուժերը հասկացել էին՝ իրենք որևէ ազդեցություն չէին կարող ունենալ։ Եվ այն բարձր տոկոսը, որ ապահովել է իր համար գործող համակարգը, այս անգամ նույնիսկ օգնության չկանչելով Ծառուկյանին՝ ցույց է տալիս, որ լճացումը մի քանի անգամ բարձրացել է»։

Նրա դիտարկմամբ՝ 2007թ. հետո նման իրավիճակը բերեց պայթյունի արդեն նախագահական ընտրությունների ժամանակ. «Սովորաբար նման վակուումները շատ վտանգավոր են քաղաքական տեսակետից, և, երբ առիթ է լինում, ինչպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով, դա, իհարկե, մեծ վտանգներ է պարունակում։ Հիմա, քանի որ նախագահական ընտրություններն առանձին ընտրություններ չեն լինելու, դժվար է սպասել, որ այլ գործընթացներ լինեն, բայց կարելի է սպասել, օրինակ՝ 2016թ. հուլիսյան գործողությունների նման որևէ գործողություն։ Այդ վտանգները կան, բայց չգիտեմ՝ դրան ոնց է նայում գործող համակարգը, որը, այսպես ասած՝ փող տալով՝ գնում է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ այն կարծիքին է, որ լճացման պրոցեսը Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց է սկսվել, և, ըստ նրա՝ դրանում հավասարապես մեղավոր է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը. «Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովրդի աչքում փչացնեն ակտիվ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով իշխանությունների հետ համագործակցության մեջ։ Իսկ ընդդիմությունն էլ բավական մեղավորություն ունի այս մարգինալացված վիճակում հայտնվելու համար, որովհետև մեր ընդդիմադիր գործիչներից շատերը, իրենց երևակայելով Նապոլեոն Բոնապարտ, չեն ցանկանում միավորվել, մեկ հարթակից հանդես գալ իշխանությունների դեմ։ Շատ դեպքերում շատերն էլ իրոք համագործակցում են իշխանությունների հետ։ Այսինքն՝ մեր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է իշխանություններին»։

Քաղաքագետի խոսքով՝ վերարտադրվելու համար իշխանություններն ամեն ինչ անում են, ինչի վառ օրինակը նա համարում է վերջին երկու ընտրությունները, կամ դրանից առաջ Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները։

Որքանո՞վ են հավանական ֆորսմաժորային իրավիճակները, ինչպես, օրինակ՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը. այս հարցի վերաբերյալ մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ ունեն։ Մանվել Սարգսյանի խոսքով՝ ֆորսմաժորային իրավիճակներ անընդհատ հնարավոր են. «Եթե գոյություն չունի քաղաքական պրոցես՝ կուսակցությունների մակարդակով, անընդհատ քաղաքական պրոցեսներն ունենում են ուրիշ հոսանքներ»։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ այժմ առկա է մի շատ էական փոփոխություն՝ հանրության վերաբերմունքը. «Քանի տարի այս կամ այն ընտրություններում ինչ-որ պատրանքներ կային, որ այս անգամ ուրիշ է լինելու, բայց այս անգամ որևէ ուժ չկարողացավ պատրանքներ ստեղծել, շատ պրագմատիկ մոտեցում էր։ Արդեն պառլամենտական ընտրություններում մարդիկ խաղի կանոններն ընդունել էին, այդ կաշառքներն աշխատում են, ինդիվիդուալ տեռորը փայլուն աշխատել է։ Այսինքն՝ վերաբերմունքն ուրիշ է, հիմա ընտրությունների հետ կապված պատրանքներ գոյություն չունեն, ինչ 25 տարի եղել է, սա է նոր վիճակ»։

Իսկ Արմեն Բադալյանը հորդորում է ֆորսմաժորային իրավիճակը չշփոթել «Սասնա ծռերի» գործողությունների հետ: Նրա կարծիքով՝ «Սասնա ծռերը» ոչ թե ֆորսմաժորային իրավիճակ էր, այլ նախապես գծված քաղաքական մեծ պրոյեկտի դետալներից, որը, նա համոզված չէ, որ նախագծվել և ուղղորդվել է Հայաստանից. «Այսինքն՝ դա ֆորսմաժորային չէ, ֆորսմաժորայինն այն է, երբ տեղում հասարակության մեջ է ինչ-որ անկանխատեսելի զարգացում տեղի ունենում։ Եթե վերցնում ենք՝ մեր հասարակության մեջ հնարավոր են լուրջ զարգացումներ, ապա ես կարծում եմ՝ ոչ։ Որովհետև ապրիլի 2-ը ցույց տվեց, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտն ամբողջովին մահացած է, և հասարակության մեջ արդեն ընտրակաշառքը վճռորոշ դեր է կատարում։ Իսկ նման իրավիճակներում պոտենցիալ չունեցող հասարակություններում ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինում։ Կարող է ինչ-որ մեկն ինչ-որ խելագարություն անել, բայց ասել, որ հասարակության մի մասը՝ տոկոսային առումով, կարող է ինչ-որ գործողություններ անել, քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել, բացառվում է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ընդգծում է, որ ֆորսմաժորային իրավիճակներից Հայաստանի Հանրապետության նման երկիրն ապահովագրված չէ՝ հաշվի առնելով այն ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը, որում, ըստ նրա՝ հայտնվել է հասարակությունը. «Նաև միջազգային ծանր վիճակն ավելի մեծացնում են ֆորսմաժորային իրավիճակների հավանականությունը, և չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը կարող են լինել «Սասնա ծռեր 2», կամ «Սասնա ծռեր 3»։ Որովհետև այն 150 հազար երևանցիների մի ստվար զանգվածը, որ մասնակցել էր ԱԺ ընտրություններին և չէր մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, շատ դեպքերում ունի չմասնակցելու մեկ պատճառ. իրենք արդեն չեն հավատում, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր է իշխանափոխության հասնել։ Այնպես որ, այս դժգոհող ընտրազանգվածն ունի այս իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ. կամ, ինչպես շատ դեպքերում անում է մեր ժողովուրդը, լքում է երկիրը, կամ ֆորսմաժորային իրավիճակների գլուխ բարձրացնելը, ինչպես եղավ «Սասնա ծռերի» պարագայում»։

Իսկ ինչ վերաբերում է 2018թ. գործընթացներում ընդդիմության դերակատարությանը, ապա Բադալյանը նշեց, որ ընդդիմությունն ընդհանրապես որևէ դերակատարում չի ունենա. «2018-ի կարևոր հարցերը կլուծվեն իշխանության թիմով, և այս պահի դրությամբ, Ռուսաստանի վերահսկողության պայմաններում։ Ընդդիմությունն ընդհանրապես որևէ դերակատարություն չի ունենա 2018թ. ապրիլյան իրադարձություններում, եթե, իհարկե, ընդդիմադիրն անդրկուլիսյան բանակցությունների միջոցով իշխանության կամային թևի հետ չհամագործակցի և այդ համագործակցությամբ ինչ-որ գործողություններ չանի։ Բայց դա կլինի ոչ թե ընդդիմության գործունեությունը, այլ իշխանության այս կամ այն թևի միջնորդությունն ընդդիմադիր այս կամ այն ուժին՝ այս կամ այն հանձնարարությունը կատարել»։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետի նշանակման քվեարկությունը ցույց տվեց, որ վարչապետի գործոնը բնավ դերակատարություն չունի. «Եթե մինչև այս ընտրությունները նշում էին, որ վարչապետի դեմքով է ՀՀԿ-ն գնում ընտրությունների և ստացած ձայները փորձում էին ներկայացնել՝ որպես վարչապետի բարձր հեղինակության արդյունքում ստացած ձայներ, ապա երեկ վարչապետի դեմքով չէր գնում քվեարկության գործընթացը, և ՀՀԿ-ն ստացավ 71% ձայն»։ Այս ամենը, ըստ քաղտեխնոլոգի՝ հօգուտ Սերժ Սարգսյանի է. «Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, որը շատ մեծ լիազորություններ կունենա։ Գործող նախագահը կատարում է քայլեր՝ իր ծրագրին հասնելու համար»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, սակայն, 2018թ. զարգացումների վերաբերյալ ամեն ինչ չէ, որ պարզ է, որովհետև, նրա դիտարկմամբ՝ Ս.Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու և կոնկրետ ուժային մարմինների նկատմամբ վերահսկողություն սահմանելու քայլեր է անում. «Այդ կառույցներում նշանակվում են Ս.Սարգսյանի կողմից վերահսկվող գործիչներ, բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչ տեղի կունենա ապրիլ ամսից հետո, երբ լրանա Ս. Սարգսյանի նախագահության ժամկետը։ Եթե նոր վարչապետը թույլ եղավ, ապա թույլ կտա Ս. Սարգսյանին՝ պահպանել իր դիրքերն իշխանությունում, բայց եթե վարչապետը լինի բավականին ուժեղ մարդ և ցանկանա լիովին վերահսկողություն սահմանել կառավարության նկատմամբ, դրա հետևանքները կլինեն ներիշխանական բախումները։ Թե դրանք ինչպես կավարտվեն, հիմա բավական բարդ է պատկերացնել։ Միայն կարող եմ ասել, որ շատ դեպքերում այն, ինչ հիմա ներկայացվում է իշխանությունների կողմից, թե ՀՀԿ-ի բոլոր քայլերը միտված են մինչև 2022թ., դա պոպուլիզմ է, որովհետև ոչ ոք կոնկրետ չգիտի, թե 2018թ. ապրիլից հետո ինչ տեղի կունենա, որովհետև ոչ ոք դեռ չի կարող վերլուծությունների միջոցով պատկեր ներկայացնել, թե ապագա կառավարությունն ինչպիսին կլինի, և այնտեղ ինչ դերակատարություն կունենա Ս. Սարգսյանը»։

Տեսանյութեր

Լրահոս