«Աշնանը ճտերը կհաշվենք և կտեսնենք, թե այդ գարին ի՞նչ են արել». Հրաչ Բերբերյան
«Աշնանը ես ահազանգեցի, որ կարտոֆիլի ցանքատարածությունները կպակասեն, արդյունքում տեսնում եք, թե ինչ գների է հասնում կարտոֆիլը շուկայում»,- լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ այսօր վատ որակի կարտոֆիլը սուպերմարկետներում 250 կամ 280 դրամ է, և գյուղացին ստիպված շուկա է հանել իր նախորդ տարվա սերմացուն։
«Արդունքում՝ ունենք այն, որ գյուղեր կան, որտեղ 50 տոկոսով կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են։ Այդ պատճառով մենք աշնանը կունենանք կարտոֆիլի գնագոյացում։ Սրա համար ո՞վ պիտի պատասխան տա»,- ասաց պարոն Բերբերյանը։
Նրա խոսքով ՝ այս հարցը իրենք դեռևս աշնանը քննարկել են վարչապետի հետ․«Վարչապետն էլ հանձնարարական տվեց, որ հանկարծ այս ուղղությունը ձեռքներիցս բաց չթողնենք, քանի որ այն շահույթ է բերում գյուղացուն։ Սրան ուշադրություն դարձնելու փոխարեն՝ գարի բերեցին, որը հիմա պահեստավորված է, ոչ մեկին պետք չէ, բյուջեին էլ 200 մլն դրամի վնաս տվեցին։ Աշնանը ճտերը կհաշվենք և կտեսնենք, թե այդ գարին ի՞նչ են արել»։
Ռոզա Հակոբյան