Քաղցկեղը՝ օդի աղտոտվածության հետևանք
Asparez.am-ի հարցին պատասխանում է «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական բրիտանական ընկերության կրթական մասի պատասխանատու Կարինե Փանոսյանը.
-Ի՞նչը կարող է նպաստել օդի աղտոտմանը. հիմնական պատճառներն ու հետեւանքները:
-Օդն աղտոտվում է ոչ միայն մարդու գործունեության արդյունքում, այլեւ` բնականորեն: Սակայն մարդու գործունեությունը տասնյակ անգամ ավել ազդեցություն ունի օդի աղտոտվածության վրա: Այդ հիմնական պատճառներն են՝ գործարանային թափոնները, մեքենաների շահագործումը եւ այլն: Նշված երկու պատճառների առկայության դեպքում էկոլոգիական աղտոտվածությունը կազմում է մոտ 50 տոկոս:
Անտառհատումները եւս օդի աղտոտման պատճառ են: Ամեն տարի համաշխարհային անտառների10 տոկոսը կրճատում են. փաստորեն օդը չի հասցնում մաքրվել, իսկ հետեւանքները խիստ ազդում են մարդու վրա:
Օդի աղտոտվածության հետեւանքներն արդեն իսկ նկատելի են, մենք դրանք զգում ենք մեր մաշկի վրա:
Էկոլոգիական աղտոտվածության արդյունքում օդի որակն է փոխվում, առաջ են գալիս ալերգիաներ, շնչառական, մաշկային ամեն տեսակի հիվանդություններ, մեծանում է քաղցկեղի հավանականությունը հատկապես այնտեղ, որտեղ հանքարդյունաբերությունն է զարգացած:
Օդում ածխաթթու գազը 78 տոկոս է կազմում, թթվածինը՝ 21, իսկ մյուս մասում կարող են ընդգրկված լինել գազերը, միկրոէլեմենտները, որոնք վտանգավոր են մարդու կյանքի համար: Քանի որ անտառների թիվն էլ շարունակում է կրճատվել, բնականաբար թթվածնի որակն էլ է ընկնում, նաեւ քանակն է սահմանափակվում:
Հանքարդյունաբերությունը մեզ մոտ իրականացվում է միջազգային բոլոր չափորոշիչների խախտումներով, անտառները համատարած հատում են, ապօրինի անտառհատումները շարունակական են:
Թեպետ մենք հպարտանում ենք, թե մեզ մոտ մաքուր օդ կա, բայց դա հարաբերական է, որովհետեւ ռեժիմը բավական տարբեր է. բարձրադիր գոտիներում մենք իսկապես ունենք խիստ մաքուր եւ առողջարար օդ, սակայն ունենք նաեւ բնակավայրեր, որտեղ օդի աղտոտվածությունը ծայրահեղ վատ վիճակում է: