«ՀՀԿ-­ի կողմից կաշառք բաժանելու հայտարարությունները մերկապարանոց են ու սուտ». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանին մաղթում եմ խաղաղ, համերաշխ ու հանդարտ քարոզարշավ: Մեր քաղաքացիներին էլ կոչ եմ անում ընտրել այն քաղաքական ուժին, որին ցանկանում են վստահել Երևանի կառավարումը»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀԿ-­ն արդեն հայտարարություն է տարածել և արձագանքել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին: «Մենք ասել ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը կեղծ է, որովհետև անգամ այդ տեսանյութում չկա ընտրակաշառքի վերաբերյալ փաստ»,­ մանրամասնեց նա:

ՀՀԿ խոսնակը կրկնեց, որ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են: «Ես ինքս առավոտյան խոսել եմ որոշ շտաբերի պետերի հետ, անձամբ ես եմ խնդրել Հրայր Անտոնյանին ընդունել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին` հույս ունենալով, որ վերջինս կունենա պատգամավորին հարիր պահվածք` չնայած որ մեր կուսակցության շտաբերում պարտավոր չեն մեր չսպասված հյուրերին դիմավորել»,­- ասաց Շարմազանովը:

Նա հերքեց նաև Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն այն մասին, թե ՀՀԿ նախընտրական շտաբներում ցուցակներ են կազմել այն առնչությամբ, թե ով որքան ձայներ է բերելու կուսակցությանը: «Մենք նման ցուցակների և գրառումների հետ որևէ կապ չունենք»,­- շեշտեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Մենք դրական ենք գնահատում քարոզչության ընթացքն ու արդյունքները: Մենք կարողացել ենք բակային հանդիպումների ընթացքում մեր ընտրողներին ներկայացնել մեր իրականացրած և առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերը: Հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ, ժողովրդավարական և բազմակարծության մթնոլորտում»,-­ եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս