
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է անցկացվել աշնանը

Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանում ԻՔ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խոշավի Բաբաքրը:
«Այն կանցկացվի աշնանը: Կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել, բայց՝ աշնանը, հնարավորէ՝ նոյեմբերին, նույնիսկ՝ հոկտեմբերին»,-ասել է Բաբաքրը՝ պատասխանելով այն հարցին, թե որոշվել է արդյոք հանրաքվեի ամսաթիվը:
Իրաքյան Քրդստանն ինքնավարություն է Իրաքի կազմում, որի կարգավիճակն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել էր, որ ԻՔ-ի անկախության հանրաքվեն կկայանա մոտ ժամանակներս: