Բաժիններ՝

Բակալավրիատի դիմորդների հայտերի ընդունման առաջին փուլը մինչև հունիսի 1-ն է

Մայիսի 5-ից մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացի առաջին փուլը, որը կտևի մինչև հունիսի 1-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշեց, որ դիմում-հայտերի ընդու նելության երկրորդ փուլը կտևի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայող դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող մեր քաղաքացիները։

«Դիմորդների ակտիվության մասին վաղ է խոսել, քանի որ այսօրվա տվյալներով նրանց դեռ 4-5 տոկոսն է ներկայացրել գործերը։ Որպես կանոն, առաջին տասն օրից հետո նոր սկսվում է գործերի ընդունման ակտիվությունը»,- ասաց Վաչագան Գալստյանը:

Այս տարի, նախորդ տարվա համեմատ, միասնական համակարգով ԳԹԿ-ում հայտագրված դիմորդների թիվը նվազել է 1600-ով: Այս տարի այդ թիվը 9 հազար 73 է, իսկ Արցախի հետ միասին կազմում է 9 հազար 800:

«1600-ը զգալի թիվ է: 2018 թվականին ևս դիմողների թիվը նվազելու է, քանի որ տարիներ առաջ տարբեր տարիքային խմբերի` 6-7 տարեկան երեխաները միևնույն տարում գնացին դպրոց»,- ասաց Վաչագան Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ այն ութ տասնյակ բուհերում, որոնք մասնակցում են միասնական քննություններով ընդունելությանը, անվճար ու վճարովի տեղերի թիվը 20 հազարից ավելի է:

«ԵՊՀ-ն այս տարի ունի 368 անվճար և բանակի տարկետման իրավունքով տեղեր, որից  35-ը բանակից զորացրվածների համար են, 5-ը՝ նպատակային: Վճարովի տեղերն առանց տարկետման իրավունքի են և կազմում են 3 հազար»,-ասաց նա:

Այս տարի ԵՊՀ-ն նաև ունի ՀՀ պաշտպանության նախարարության համար հատկացված 18 անվճար տեղ, որոնք ռադիոֆիզիկա, տնտեսագիտություն, ֆինանսներ, հոգեբանություն, իրանագիտություն, թուրքագիտություն մասնագիտությունների համար են: Այս մասնագիտություններով ընդունվածներն ավարտելուց հետո հինգ տարով պայմանագիր կկնքեն ՊՆ հետ և որպես սպա կծառայեն: Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա ԵՊՀ-ում այս տարի ուսման վարձերը չեն ավելացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս