«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է
ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է. «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Եթե դու գործող անձ ես, պետք է ծրագրեր ունենաս. նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։
Ընդ որում՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրության մեջ միարժեք նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և պետական լեզվի դեմ ոտնձգություններին պետք է արձագանքեն Լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները»։
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ այսպիսի օրինակ բերեց. «Մեզ մոտ ծառերը վերացնելու հատուկ քաղաքականություն է մշակվել. Սկզբում հսկայական ծառի վրա աղաջուր են լցնում, ծառը չորանում է, հետո ասում են՝ չորացել է, ու կտրում են։ Ի՞նչ արվեց մեր Լեզվի տեսչության հետ. նորանկախ պետության սկզբնական շրջանում այն բավական գործուն մարմին էր և ուներ լիազորություններ։ 1998թ. իջեցվեց նրա կարգավիճակը, դարձավ տեսչություն, և դրվեց ծիծաղելի մի համակարգ, այսինքն՝ գործարարը իր խանութի ճակատին մեկ միլիոն դրամանոց լատինատառ ցուցանակ է դնում, իսկ Լեզվի տեսչությունը նրանից 20 հազար դրամ տուգանք է վերցնում։ Պետության կողմից տեսչությանը պարտադրված այդ խաղը հատուկ մտածված քաղաքականություն էր»։
Այն կարծիքներին, թե Լեզվի պետական տեսչությունը գործունակ չէ, Կարինե Խոդիկյանն այսպես է հակադարձում. «Եկեք՝ հասկանանք՝ ինչ գործառույթներ են թողնված լեզվի տեսչությանը։ Չգիտեմ՝ դա վարչապետի «պայծառ» գաղափարն է, թող որևէ մեկն է նրան խորհուրդ տվել, բայց խորհուրդ կտայի՝ նայել Լեզվի տեսչության գործունեությունը, կարդալ երկրի Սահմանադրությունը, կարդալ, թե լեզվի մասին ինչ պարտավորություններ ունի պետությունը, և ըստ այդմ՝ ոչ թե փակի Լեզվի տեսչությունը, այլ լիազորություններ տա, որպեսզի իմ սեփական երկրում խանութի վրա մեկ մետրանոց անգլիական տառերի տակը փոքր, հազիվ նկատելի հայերեն տառեր չլինեն։ Ա՛յ դա կլինի վարչապետի քաղաքացիական վերաբերմունքը»։
Նրա խոսքով՝ Հայաստանում համակարգային փոփոխություն, համակարգային խնդիր չկա, այլ միայն անձերի խնդիր է լուծվում. «Կարող է՝ նախարարությունում մի ամբողջ օղակ ստեղծեն՝ ինչ-որ մեկին պաշտոն տալու համար, իսկ ինչ-որ մեկին պաշտոնից ազատելու համար՝ մի ամբողջ գերատեսչություն փակեն։ Այս խնդիրն էլ կա, բայց թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել։ Երկրի պաշտպանության, անվտանգության գործիքներից մեկը մեր լեզուն է։ Առանց այդ էլ ԱԺ-ում մեր լեզուն վաղուց վերածվել է ինչ-որ մի կենդանական բարբաջանքի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում