«Վստահեք այն թիմին, որը գիտի ժողովրդի դարդ ու ցավը». Տարոն Մարգարյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուների հետ քարոզարշավի շրջանակում Աջափնյակ համայնքում հանդիպեց ընտրողների հետ: Նա իր ելույթում անդրադարձավ քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների, մասնավորապես, տրանսպորտի, վթարային շենքերի հետ կապված հարցերին և վստահեցրեց, որ դրանք առաջիկայում լուծում կստանան:
Տարոն Մարգարյանը բնակիչներին կոչ արեց իրենց ձայնը տալ այն ուժին, որը ծանոթ է խնդիրներին և գիտի՝ ինչպես լուծել դրանք: «Մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք մեր կատարած աշխատանքով, մեր իրատեսական ծրագրերով, եկել ենք ասենք՝ սիրելի աջափնյակցիներ, վստահեք այն թիմին, որը գիտի ժողովրդի դարդ ու ցավը, ով գիտի Երևանի խնդիրները»,- ասաց Մարգարյանը:
Միաժամանակ, նա ասաց, որ կարող է շատ երկար խոսել ու ասել, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվել իր պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով համայնատիրությունների աշխատանքին, բնակֆոնդի պահպանմանը՝ քաղաքապետը համաձայնեց, որ կան խնդիրներ, ինչի համար օրենսդրական փոփոխություններ են մշակել: «Մենք այս ոլորտում բարեփոխումներ ենք իրականացնելու, կառավարման մոդելն ենք փոխել և դրանից հետո մենք կունենանք լավ կառավարիչներ և կառավարման մոդել»,- ասաց Երևանի քաղաքապետը: Քաղաքային տրանսպորտի մասին նա ասաց, որ բոլորը տեսնում են առկա խնդիրները: «Մի քանի տարի առաջ մենք այդ խնդիրը փորձեցինք մասամբ լուծել, սակայն դա մեզ չհաջողվեց։ Այս տարիների ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և մեծ փորձ ենք ձեռք բերել: Համոզված եմ, կարող ենք հասնել գերակա այդ խնդրի վերջնական լուծմանը՝ առանց քաղաքացիների համար սոցիալական բեռ ավելացնելու»,- ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ հասնելու են նրան, որ բակերը հարմարավետ լինեն բնակիչների, հյուրերի համար: Ինչ վերաբերում է չորրորդ կարգի վթարային շենքերին, ապա նա ասաց, որ այսօր 650 ընտանիքի ապահովել են նոր բնակարաններով, և դա լինելու է շարունակական: