«Ո՞նց կարող է «Ելքը» որևէ բան փոխել». Անուշ Սեդրակյան
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի դեմ հետաքննություն է սկսվել Ռուսաստանում կատարած անօրինականությունների համար. «Իսկ գիտե՞ք արդյոք, որ նույն թիմի հանդեպ հետաքննություն է գնում նաև Թուրքիայում։ Դա ցույց է տալիս, որ այդ երկրները կապված են շատ հզոր՝ կառուպցիոն, անօրինական գործունեության լարերով, որոնց արձագանքները հասնում են մինչև ԱՄՆ։ Դա նշանակում է, որ, եթե Ռուսաստան և Թուրքիա մերձեցման մեջ մենք արգելապատնեշ չենք դնում այդ երկու երկրների և մեր միջև, և, եթե ինչ-որ ձևով չենք հայտարարում, որ մենք պատրաստ ենք ձուլվել քաղաքակիրթ աշխարհի հետ, այդ երկու երկրները՝ մերձենալով, կլուծեն իրենց բոլոր հարցերը՝ ոչ ի օգուտ մեզ։
Պարզ չէ՞, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի կարևոր տնտեսական և ստրատեգիական գործընկեր է, որ մի վայրկյան անգամ չի վարանելու Հայաստանի բոլոր ռազմաքաղաքական շահերը գետնով տալ»։
Ա. Սեդրակյանի խոսքով՝ այս պայմաններում Հայաստանը նախ և առաջ՝ պետք է անցնի Իսրայելի զինվորական կառավարման համակարգին, որը պետք է ներառի ներքին զինվորական ժողովրդավարությունը և սոցիալական արդարության մոդելը. «Դրանից հետո, երբ այդ փոփոխությունն ակնհայտ կդառնա աշխարհի համար, Հայաստանը կարող է մտածել՝ տարբերակում դնել իր թշնամիների և բարեկամների միջև։ Մենք ապրում ենք աճպարարության արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ բացահայտ երկիրը մեր հանդեպ թշնամի է, բայց մենք, չգիտես՝ ինչու, անվերջ հայտարարում ենք, որ նա բարեկամ է, որովհետև մեր և Ռուսաստանի վերնախավերն իրար հետ կապված են նույն կոռուպցիոն թելերով։ Դա չի կարելի թույլ տալ, դա արդեն վնասակար չէ, է, դա արդեն ողբերգական է և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։
Հետաքրքրվեցինք, թե խորհրդարան մտած նոր ուժը՝ «Ելք» դաշինքը, կարո՞ղ է որևէ բան փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության մեջ։ «Ո՞նց կարող է «Ելքը» որևէ բան փոխել, եթե ինքը նախօրոք հայտարարել է, որ արևմտամետ ուժ չէ։ Դեռ չմտած, դեռ աջ ու ձախ չնայած, դեռ թեր և դեմը չկշռադատած՝ խորհրդարանականի գործունեության մեջ, գլխանց հայտարարել են, որ հավատարիմ են ռուսական քաղաքական վեկտորին։ Ինչի՞ մասին է խոսքը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: