Բաժիններ՝

Ռեստորաննե՞ր, թե՞ հանգստի գոտիներ. ի՞նչ է սպասվում Հայաստանի քարանձավներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Մշակույթի նախարարության՝ Արենիի քարանձավները մասնավոր անձանց կամ կազմակերպություններին օգտագործման հանձնելու նառաջարկին, և նշեց, որ բնապահպանները դրա հետ կապված ահազանգել են, իրենք էլ համապատասխան ընթացակարգով գրություն են ուղարկել Մշակույթի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ, որպեսզի նկատի առնեն քարանձավների պահպանության հանգամանքը։

«Մենք որոշել ենք քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ։ Տարբեր մտահոգություններ կան ինչպես՝ չղջիկների, այնպես էլ՝ քարանձավների էկոմիջավայրերի փոփոխության հետ կապված։ Մենք մաքսիմալ չենք ուզում վնասել էկոմիջավայրը, բայց նաև կօգտագործենք այնպիսի ժամանակակից մեթոդներ և մեխանիզմներ, որպեսզի այս քարանձավները և, առհասարակ, բնության հուշարձանները կարողանանք ճշգրիտ և նպատակային դարձնել՝ բնապահպանական, տնտեսական քաղաքականության տեսակետից»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ արգելվի այդ քարանձավների շահագործումը, նա պատասխանեց, որ դա շատ հնարավոր է. «Բայց քննարկումներից հետո կլինի կամ արգելք, կամ լրացուցիչ պահանջներ, այնպիսի կանոնների սահմանմամբ, որը չի վնասի էկոհամակարգին»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքն իրո՞ք ռեստորանների մասին է, նա այսպես պատասխանեց. «Ոչ թե ռեստորաններ, այլ հանգստի այնպիսի տարածքների կազմակերպում, որը թույլ կտա մի կողմից՝ մարդկանց հանգիստը կազմակերպել այդ հատվածներում, մյուս կողմից՝ ինչ-որ բավարարվածություն զգալ այդ տարածքում»։

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի), «Արջի», «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս