«Եթե ճշտգրիտ մեթոդների և հաշվարկների արդյունքում չարվի, ապա ընդամենը 3 տասնամյակ հետո կկորցնենք հուշարձանները». հնագետը՝ քարանձավների վարձակալության մասին
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի), «Արջի», «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար:
ԵՊՀ դասախոս, հնագետ Արմինե Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, թեև հուշարձանի ճակատագիրն է՝ բացահայտումից հետո որևէ ձևով հասանելի դառնալ, բայց ամեն ինչ պետք է շատ լավ հաշվարկել, ուսումնասիրել միջազգային փորձը.
«Ես չեմ կարող պատասխանատու կերպով ասել, որ մենք պատրաստ չենք դրան, միգուցե կան կազմակերպություններ, որոնք կարող են այդ մրցույթը լիարժեք կերպով անցնել, այսինքն՝ համակողմանի ձևով ներկայացնել հուշարձանն այնպես և ֆիզիկական այցելությունները կազմակերպել այնպես, որ հուշարձանը դրանից ոչ մի ձևով չտուժի։ Բացօթյա հուշարձաններն իրենց նրբություններն ունեն՝ պահպանության տեսանկյունից, իսկ փակ հուշարձանները՝ իրենցը։ Քարանձավներում գոյություն ունի միկրոկլիմա, որն ապահովում է հուշարձանի կյանքը։ Այսինքն՝ եթե այդ խոնավությունը, ջերմաստիճանը չլինի, հուշարձանն ուղղակի գոյություն չի ունենա այնպես, ինչպես հազարամյակների ընթացքում մեզ է հասել»։
Հետևաբար, հնագետի կարծիքով՝ պետք է գնահատում իրականացվի՝ այցելության ի՞նչ հաճախականություն է լինելու, քանի՞ մարդ է այցելելու, ինչպիսի՞ ջերմաստիճանի ապահովում կամ տեխնիկական միջոցների ինչպիսի՞ կիրառում է լինելու տվյալ քարանձավում, որպեսզի այն ոչ միայն տեսանելիորեն չվնասվի, այլև երկարատև օգտագործումից հետո միկրոկլիման չխախտվի.
«Այդ տեսակետից՝ կարծում եմ, որ պետք է միջազգային մեծ կազմակերպությունների հետ փորձի փոխանակում ունենալ, որովհետև վերցնել՝ այնտեղ նոր աստիճաններ կառուցել կամ անցուղիներ պատրաստել, բավարար չի լինելու։ Փակ հուշարձանների դեպքում կա միկրոկլիմայի խախտման խնդիր՝ արդյո՞ք այնտեղ օդորակում, խոնավության պահպանում պետք է իրականացվի։ Քարանձավները ձևավորվում են ոչ թե անտրոպոգեն, այլ բնական ճանապարհով։ Եթե մենք պետք է ցույց տանք անտրոպոգեն մշակույթի արդյունքները, ինչպես «Արենի 1» քարայրում, որտեղ ցուցադրվելու է գինեգործական այդ հրաշքը, այլ խնդիր է։ Բայց եթե պետք է ցույց տանք «Մոզրովի» քարանձավը, սա լրիվ այլ խնդիր է։ Այսինքն՝ հուշարձանների ճիշտ տարանջատում էլ պետք է լինի։ «Մոզրովի» քարանձավը կամ նմանատիպ մյուս քարանձավները, որոնք բնական ֆենոմեններ են, ձևավորվել են զուտ միկրոկլիմայի, խոնավության, ջրերի հոսքի որոշակի ժամանակահատվածի ընթացքում, դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ մոտեցումը պետք է խիստ տարբեր լինի։ Եթե մեր Մշակույթի նախարարությունը կամ նրանք, ովքեր պետք է այդ մրցույթին դիմեն, կկարողանան այդ պայմաններն ապահովել, բնականաբար, գովելի կլինի՝ դրանք հասանելի դարձնել»։
Ա. Հայրապետյանն ընդգծում է, որ, թեև հուշարձանների ճակատագիրն է՝ ցուցադրված լինել, ինչը դրական երևույթ է, բայց, ըստ նրա՝ եթե այդ դրական երևույթը չիրականացվի ճշգրիտ մեթոդների և հաշվարկների արդյունքում, ապա ընդամենը 3 տասնամյակ հետո կկորցնենք հուշարձանը:
«Ես պատրաստ եմ իմ նշած հանգամանքների ու հնարավոր հետևանքների վերաբերյալ քննարկման մեջ մտնել ցանկացած մարդու հետ, որը կհակադրվի, թե նման երևույթ չկա։ Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ։ Փակ տարածքում նման նախաձեռնություն իրականացնելու համար նույնիսկ հարկավոր է հաշվարկել, թե որքան ածխաթթու գազ է արտաշնչում մեկ մարդը, ու եթե 50 հոգուց բաղկացած խումբ է մտնում, օրվա ընթացքում քանի՞ այդպիսի խումբ կարող է մտնել, այցելությունից հետո ինչպիսի՞ օդափոխություն պետք է ապրի հուշարձանը։ Միանշանակ խոնավություն կփոխվի, միանշանակ կփոխվի օդի քիմիական բաղադրությունը։ Մտեք ցանկացած տուն, որը հաճախ է այցելվում, և կամ ընդհանրապես չի այցելվում, դուք այդ տարբերությունները կնկատեք»,- ասաց նա։
Հնագետի կարծիքով՝ լուրջ գիտնականների մասնակցությունն այս նախագծին պարտադիր պետք է լինի.
«Եվ ամեն դեպքում հուշարձանն ամբողջությամբ հասանելի չպետք է լինի ոչ մեկի համար։ Դա պարտադիր պայման պետք է լինի, որովհետև, եթե մենք ապահովենք ամբողջ քարայրի այցելություն, ապա պետք է պատրաստ լինենք, որ այն ունի վտանգված լինելու մեծ հավանականություն։ Անկախ ամենից՝ իրենց աշխատանքային ժամերն ու օրերն էլ պետք է խիստ սահմանափակ լինի»։
Մեր զրուցակիցը նշում է, որ բացի ջերմաստիճանից ու միկրոկլիմայից՝ շատ կարևոր է նաև այն, թե ինչ քանակի ու ինչ տեսակի լույս պետք է օգտագործվի.
«Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք կարող են շատ լուրջ ձևով ազդել։ Լույսի ավելի քանակի դեպքում կանաչ բուսականության աճ կարող է խթանվել։ Քարայրները մթության մեջ են, և լույսի քանակն էական է ոչ միայն ջերմության տեսակետից, այլև, թե ինչպիսի ուժեր են խթանվում այդ լույսի միացված լինելու ժամանակ։ Կարող է՝ լույսի քանակի դեպքում ձևավորվեն այնպիսի նոր տեսակներ կամ լինեն գունային այնպիսի փոփոխություններ, որոնք հուշարձանի տեսքը լրիվ կփոխեն։ Դրա համար այդ տեսակի հարցերը շատ կարևոր են ու պետք է քննարկվեն մասնագետների հետ։ Դա շատ պատասխանատու քայլ է, հատկապես, երբ գործ ունենք չկրկնվող հուշարձանների հետ»։