«Այսօրվա երիտասարդները շատ ավելի պատասխանատու են իրենց հայրենիքի հանդեպ, քան իմ սերունդն այդ տարիքում». Ռուբեն Բաբայան

Հարցազրույց Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, մայիսի 9-ը ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար. ավելի շատ հաղթանակի՞, թե՞ խաղաղության տոն է։

– Եթե սա վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ապա առաջին հերթին՝ պատերազմի ավարտ է. 20-րդ դարի ամենադաժան պատերազմի, որտեղ մենք՝ հայերս, ևս մեծ կորուստներ ենք ունեցել, տարբեր բանակներում ենք կռվել, և խաղաղությունը, կարծում եմ՝ ամենամեծ պարգևն է։ Այնպես որ, այդ տեսակետից, մայիսի 9-ը նշում եմ՝ որպես խաղաղության տոն։ Ինչ վերաբերում է այսօրվա ժամանակներին, սա իհարկե, Շուշիի ազատագրումն է, սա արդեն վաղուց սպասված հաղթանակն է, որը պետք է առաջին հերթին՝ մեզ հույս և հավատ ներշնչեր սեփական ուժերի հանդեպ, մենք հասկանայինք, որ, երբ արդար խնդիր է դրված մեր առջև, մենք կարող ենք և հաղթանակել, երբ հույսներս կապում ենք առաջին հերթին մեզ հետ, մեր բարոյականության, մեր արդարության հետ, մենք հաղթող ենք դուրս գալիս։

Չգիտեմ՝ ե՞րբ, չգիտեմ՝ ինչպե՞ս, բայց այդ զգացողությունը, որ մեր հաղթանակի տերը մենք ենք, և ինքներս պետք է հանուն այդ հաղթանակի աշխատենք, սկսեց ինչ-որ մի պահ գուցե դավաճանել մեզ։ Կարծում եմ՝ անցյալ տարվա ապրիլյան դեպքերը եկան հաստատելու, որ, երբ մենք հույս ենք դնում մեզ վրա, կարողանում ենք և՛ դիմադրել, և՛ հաղթել։ Այնպես որ, շատ երկակի զգացմունքներ են։ Երկրորդ աշխարհամարտը ահավոր երևույթ է, և երկար ժամանակ Սովետական Միության օրոք բացարձակապես սուտ էր տարածվում այդ պատերազմի մասին։ Այստեղ բազմաթիվ մեղավորներ կային, չի կարելի համարել, որ մի կողմում հրեշտակներ էին, մյուս կողմում՝ սատանաներ. այդպես չի եղել։

Եվ այն, որ աշխարհը դա նշում է՝ որպես խաղաղության տոն, որպես պատերազմի ավարտ, կարծում եմ՝ ամենակարևորն է, որովհետև, երբ մենք խոսում ենք միայն հաղթանակի մասին, միշտ մյուս կողմից ցանկություն է առաջանում վրեժ լուծել, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, որը բոլորի պարգևն է, բոլորի ձեռքբերումն է, այս պարագայում վրեժխնդրությունը դառնում է մի փոքրիկ խմբի ցանկություն։ Այնպես որ, ես այս երկու տոնն իրարից մի փոքր կտարբերեի, դրանք շատ են իրար հետ խառնում, բայց ես կուզենայի, որ մի քիչ ավելի լավ գնահատեինք այն, ինչին մենք հասանք Շուշիի ազատագրման ժամանակ, որովհետև Շուշիի ազատագրումով, վերջիվերջո, ճանապարհ բացվեց դեպի Արցախի ազատագրումը, դեպի Արցախի և Հայաստանի կայացումը՝ որպես պետություն։

Մենք արդեն, որպես անկախ պետություն, մեզ վրա վերցրինք որոշակի պարտականություններ և կարողացանք դրանք կատարել։

Կարժևորե՞նք դա՝ որպես արժանապատվության, արդարության հաղթանակ, թե՞, պարզապես այդ հաղթանակը կդառնա ամպագոռգոռ հայտարարությունների մի շարունակություն՝ հասնեք Բաքու, թեյ խմենք… ա՜յ, սա շատ կարևոր է՝ ազնվագույն մղումները չմանրացնել։

– Մեր ժողովրդի հաղթական ոգին տեսնո՞ւմ եք, թե՞ նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո ընտրություններին կաշառք վերցնող ժողովուրդն այն ոգին չունի, ինչ ուներ Արցախյան պատերազմի ժամանակ։

– Ես ընդհանրապես հեռու եմ մնում ժողովրդի պիտակավորումից, մեղադրանքներից, որովհետև ես էլ ժողովրդի մի մասն եմ, և այն բոլոր հիվանդությունները, որոնցով տառապում է հասարակությունը, ես էլ եմ տառապում։ Վերջիվերջո, ժողովուրդն աբստրակտ հասկացություն չէ, դա մարդկանց հավաքածու է, իսկ մարդիկ ունեն և՛ թույլ, և՛ ուժեղ կողմեր։ Ամենակարևորը, թե ինչի վրա ենք ուզում ուշադրություն դարձնել, որ կողմերն ենք ուզում զարգացնել, ինչն ինչի հետ ենք համեմատում։ Ընդհանրապես կա մի ճշմարտություն, որ համեմատվել կարող ես միայն քեզ հետ անցյալում, թե ինչքանով ես դու ավելի լավը դարձել, քան նախկինում էիր։ Եթե քո համեմատությունը միայն քո և ուրիշների միջև է, և դու քեզ ավելի լավ ես զգում, դա ոչինչ չի նշանակում։

– Պարոն Բաբայան, սերունդների մեջ միշտ հակասություն կա. հին սերունդն անընդհատ մեղադրում է նոր սերնդին, թե համակարգչի սերունդ է, պատրաստ չէ պատերազմի, եթե պատերազմ լինի՝ ոչինչ չեն կարողանա անել, և այլն։ Ըստ Ձեզ՝ ապրիլյան պատերազմը կոտրե՞ց այդ կարծրատիպերը, և ի՞նչ փոխվեց դրանից հետո հենց հին սերնդի գիտակցության մեջ։

– Այո, սերունդների մեջ հակասություն միշտ կա, և դա լավ է։ Եկող սերունդը պետք է միշտ հաղթի, հակառակ դեպքում՝ առաջընթաց չի լինի։ Սերունդների մեջ պայքար կա նույնիսկ Մեծ Բրիտանիայում. «Brexit»-ը դրա լավագույն օրինակն է։ Սերունդների մեջ պայքար կա նաև Ֆրանսիայում, և նախագահի ընտրությունը ևս սերունդների պայքար էր ու երիտասարդ սերնդի հաղթանակ։ Մեղադրանքները երիտասարդ սերնդի նկատմամբ շատ տարածված են։ Հաճախակի ավագ սերունդը մոռանում է, որ միանգամից չէ, որ ավագ է դարձել, որոշակի ճանապարհ է անցել։

Սերունդների առողջ պայքարի մեջ ես միայն ու միայն դրական բան եմ տեսնում։ Իսկ նախորդ տարվա ապրիլյան դեպքերը, իհարկե, ապացուցեցին, որ այն բոլոր մեղադրանքները, թե նոր սերունդը պատրաստ չէ հայրենիքը պաշտպանելու, զբաղված է ինչ-ինչ հարցերով, խաբկանք էր, քանի որ խաղաղ կյանքում չես նկատում այն կարևոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ։

Ես կարծում եմ, որ մի փաստ պարտադիր պետք է արձանագրել՝ արդեն կայացել է սերունդ, որը ծնվել է անկախ Հայաստանում, և որն ապրում է «Հայաստանն իմ հայրենիքն է» գիտակցությամբ։ Դա շատ կարևոր է։ Իսկ համակարգիչը հրաշք բան է, պարզապես պետք է կարողանալ օգտվել։ Համակարգիչը քո առաջ բացում է ամբողջ աշխարհը, և դու ես բացվում ամբողջ աշխարհի առաջ։ Նայած, թե ինչպես ես օգտագործում։

– Դուք հին և նոր սերնդի միջև ի՞նչ տարբերություններ եք տեսնում։

– Երիտասարդն ուզում է ապրել, սա ամենակարևոր բանն է. բոլոր երիտասարդները, ի տարբերություն իմ սերնդի որոշակի մասի, ուզում են ապրել, նրանք լավատեսությամբ են լցված, պատրաստ են այդ կյանքի համար պայքարել։ Մեղադրանքները հիմնականում գալիս են մարդկանցից, որոնք համարում են, որ իրենց կյանքն ավարտված է, և մտնում են գնահատականների մեջ, թե ինչքան լավն էին իրենք երիտասարդ ժամանակ։ Ես բացարձակապես նման ռոմանտիզմով չեմ տառապում իմ երիտասարդական տարիների հանդեպ, ես չեմ համարում, որ մենք լավ երիտասարդներ ենք եղել։ Այսօրվա երիտասարդները շատ ավելի պատասխանատու են իրենց կյանքի, իրենց հայրենիքի հանդեպ, քան իմ սերունդն այդ տարիքում։

Տեսանյութեր

Լրահոս