«Սերժ Սարգսյանը փոխհատուցում է «Ելքին» ու «Երկիր ծիրանիին»». Արմեն Բադալյան

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտն այլևս չի աշխատում։ Ընտրարշավն ընտրությունների բաղադրիչն է, եթե ամբողջ այդ ինստիտուտը մահացել է, ապա իմաստազրկվում է քարոզարշավի դերը այդ գործընթացում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ընտրարշավի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ անիմաստ է ասել, որ այս կամ այն ուժը լավ քարոզարշավ է իրականացնում և կարող է դրանով ձայներ ստանալ, քանի որ, ըստ նրա՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու ընտրություններում աշխատելու է ընտրակաշառքը։

«Ընտրակաշառք միշտ էլ եղել է, բայց կեսից ավելի դերակատարություն չի ունեցել, եղել է 20-40%, որոշ մարզերում, իհարկե, 50%-ից ավելի, բայց Երևանում կեսից չէր անցել։ Ապրիլի 2-ին ընտրակաշառքը Երևանում հասավ մոտ 70%-ի։ Երբ մայրաքաղաքում է ընտրակաշառքն այդքան տոկոս կազմում, նշանակում է, որ ընտրությունների ինտիտուտը մահացավ։ Այլևս քարոզարշավով չի որոշվում, թե ինչքան ձայն կհավաքես, այլ ընտրակաշառքով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս անգամ ընտրակաշառքի չափն ավելի քիչ կլինի։

«Քանի որ հիմա Երևանում ԲՀԿ-ն չի մասնակցում, և միայն ՀՀԿ-ն է, նա պետք է ոչ միայն իր ընտրողներին ընտրակաշառքով բերի, որովհետև ՀՀԿ-ի ընտրողն 99.9%-ով ընտրակաշառքով է քվեարկում, այլ նաև ԲՀԿ-ի 80-85% ընտրակաշառքով քվեարկող ընտրողին»,- նշեց նա։

Բադալյանի խոսքով՝ եթե անգամ իդեալական ընտրարշավ անցկացվի, ինչը, ըստ նրա՝ ոչ մի ուժ էլ չի իրականացնում, լավագույն դեպքում այդ ուժերը (նկատի ունի ընդդիմադիր ուժերին.- Ռ.Մ.) մեկ կամ երկու տեղ են վերցնելու. «Բայց ոչ մեկն էլ իդեալական ընտրարշավ չի անցկացնում, իսկ այն որակազրկված է, քանի որ ընտրությունների ինստիտուտն այլևս չի աշխատում։ Դրա համար քարոզարշավի ժամանակ սպիտակ մեքենայով կպտտվի, աղբ կհավաքի, թե կասի՝ «Երևան ջան, ելք կա», դրանք դերակատարություն չունեն»։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ինչո՞ւ են մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։

«Իհարկե, նրանք մասնակցում են, որպեսզի հաղթեն, սակայն, իհարկե, չեն հաղթելու։ Բայց մի ուրիշ խնդիր կա՝ եթե նրանք չմասնակցեն ընտրություններին, իսկ ԸՕ-ով Երևանի ավագանին չի կարող բաղկացած լինել ավելի քիչ, քան երեք կուսակցությունից, դրա համար ՀՀԿ-ն ստիպված պետք է գնար ու Արդարադատության նախարարությունում գրանցված ինչ-որ մահացած կուսակցություններից մի երկուսին բերեր շրջանառության մեջ, բայց դա տարօրինակ կլիներ ու կզռար, որ կեղծիք է։ Դրա համար «Ելքն» ու «Երկիր ծիրանին» մասնակցում են, որպեսզի ստանան 5 և 10 տոկոս, և հիմնավորվի, որ ահա, նրանք մասնակցեցին, բայց քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն հարգված է երևանցիների կողմից, դրա համար նա ընտրվեց»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ, եթե նրանք չմասնակցեին, ապա ՀՀԿ-ն վատ վիճակի մեջ կընկներ։

«Որպեսզի ՀՀԿ-ն վատ վիջակի մեջ չընկնի՝ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը հիշեցրեց 2015թ. սահմանադրական հանրաքվեն. «Այդ ժամանակ «Ելքի» ղեկավարներից մեկը, որ շատ ակտիվ է այս ընտրությունների ժամանակ, ասում էր, որ Սահմանադրության փոփոխության հարցը կեղծ օրակարգի հարց է, և կոչ էր անում չմասնակցել դրանց։ Այդ կեղծ օրակարգի հարցը օգուտ էր տալիս ՀՀԿ-ի ղեկավարին, որին պետք էր քիչ մասնակցություն, որպեսզի հեշտ նկարի իր ուզած թիվը։ «Երկիր ծիրանիի» ղեկավարը նույնպես ասում էր, որ իրենք չեն մասնակցում սահմանադրական փոփոխություններին։ Այսինքն՝ այն ժամանակ այս երկու ուժերը, գիտակցաբար թե անգիտակցաբար, աջակցեցին հանրապետության նախագահին՝ ցանկալի արդյունք ստանալու համար, և հիմա Հանրապետության նախագահը, փաստորեն, փոխհատուցում է՝ Երևանի ավագանում տեղ տրամադրելով, անկախ նրանից՝ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ցանկանո՞ւմ են դա, թե՞ ոչ»։

Նա ընդգծեց, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» կմտնեն Երևանի ավագանի, բայց ոչինչ չեն կարողանա որոշել. «Երևանի կարևորագույն հարցերը, թե ով որտեղ շենք կառուցի, որ ունենա երթուղայինի գիծ, և այլն, որոշում են ոչ թե ավագանու նիստի ժամանակ, այլ լրիվ ուրիշ տեղ՝ փակ դռների հետևում։ Իսկ Երևանի ավագանին երկու կարևոր գործառույթ ունի՝ ընտրում է քաղաքապետ և տարին մեկ անգամ բյուջե է հաստատում, ուրիշ ոչինչ»։

Մեր ճշտող հարցին՝ ուզում է ասել, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին», կամա թե ակամա, օժանդակո՞ւմ են ՀՀԿ-ին, նա այսպես պատասխանեց. «Դուք եք այդպես եզրակացնում, և միայն դուք չէ, որ այդպես եք եզրակացնում»։

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի՝ քարոզարշավի շրջանակներում Արևմտյան Հայաստան մեկնելուն, Արմեն Բադալյանն ասաց, որ դրանով նա ցանկանում էր տարբերվել. «Դա ոչինչ չի նշանակում, ոչ մի ազդեցություն չի ունենալու ընտրությունների վրա։ Ընդամենը դրա մասին կգրեն լրագրողները, և նրա անունը լրացուցիչ կշոշափվի։ Նա հույս ունի, որ, եթե ևս մեկ անգամ իր անունը շոշափվի, ապա լրացուցիչ ձայն կստանա, բայց դա չի լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս