«Հերթական կոթի հարվածն էլ սա էր, դե, կերե՛ք, անուշ լինի»
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվել է։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարել է, թե ցավում են, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնել մանդատը երկարաձգել, եթե գրասենյակը չդադարեցնի իր գործունեությունը հումանիտար ականազերծման շուրջ:
Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնել է, որ երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը: Չնայած նախագահության կողմից ամիսների ընթացքում գործադրված ջանքերին՝ նա չկարողացավ գտնել ընդունելի լեզու մասնակից պետությունների Մշտական խորհրդի որոշմամբ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում»: Թե այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, արդյո՞ք իմաստն այն չէ, որ Հայաստանն է համաձայնել, որպեսզի երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը, խնդրեցինք մեկնաբանել փորձագետներին։ «Դա սխալ մեկնաբանություն է. Ադրբեջանը վետոն դրել է ու դրանից չի հրաժարվել։ Համաձայն ԵԱՀԿ կանոնակարգի՝ եթե որևէ մի երկիր վետո է դրել, ապա որևէ ծրագիր չի կարող կյանքի կոչվել։ Հիմա, եթե ԱՄՆ դեսպանն ասեր՝ Ադրբեջանը մեծահոգաբար իր վետոն հանել է, այդ ժամանակ կստացվեր, որ Ադրբեջանը համաձայն է, որ գրասենյակը լինի, իսկ դրանից հետո, եթե Հայաստանն ինքը վետո դներ, որ գրասենյակը չլինի, այդ ժամանակ մենք կարող էինք մեղադրել մեր իշխանություններին, որ՝ այ, որոշեցիք գրասենյակը փակել. այն, ինչ արել էր Ադրբեջանը երկու տարի առաջ»,- մեզ հետ զրույցում վերոնշյալ հայտարարությունն այսպես մեկնաբանեց Աժ արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի շարունակման օգտին. «Ցավում եմ, որ առանձին ուսումնասիրություններ շատ չեն արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի վերաբերյալ, որովհետև մենք ունեցել ենք մի քանի յուրահատուկ երևույթներ, օրինակ՝ Անդրկովկասում եղել ենք միակ երկիրը, որտեղ ունեցել ենք ոչ միայն երևանյան գրասենյակ, այլ նաև մարզային, երբ Կապանում կար առանձին ԵԱՀԿ գրասենյակի մի բաժին՝ նվիրված մարզային զարգացման օրակարգին նպաստելու ծրագրերին»։ Թ. Պողոսյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն՝ իր անդամներով, մնացել էր պատանդ Ադրբեջանի վետոյի ձեռքին.
«Երբ մի երկիր վետո է դնում, ամբողջական բյուջեի վրա էլ է վետո դրվում, այսինքն՝ ԵԱՀԿ-ն չէր ունենալու բյուջե, իսկ Հայաստանը մնացածի խնդրանքին է ընդառաջ գնացել, որ ԵԱՀԿ-ն կարողանա գործունեություն ծավալել։ Սրա մասին է ասում, որ Հայաստանը համաձայնեց։ Այստեղ թող իրենք գնահատեն՝ ով է ավելի կոմպրոմիսների ունակ, ով է ավելի ճիշտ քաղաքականություն վարում, որովհետև, եթե Հայաստանն էլ իր կողմից վետո դներ, որ՝ ոչ, երևանյան գրասենյակը պետք է գոյություն ունենա, կդառնար երկու վետո, և ամբողջ ԵԱՀԿ-ի բյուջեն կսառեցվեր, որևէ տեղ որևէ բան ԵԱՀԿ-ն այլևս չէր կարողանա անել»։
Միևնույն ժամանակ՝ Թ. Պողոսյանը նկատում է՝ հայտարարություններ անող բոլոր երկրներն էլ չեն պայքարել, որ երևանյան գրասենյակը չփակվի.
«Նույն ԱՄՆ-ը, որ միշտ այստեղ ունեցել է ներկայացվածություն՝ այդ գրասենյակի փոխդեսպանի կարգավիճակով, արդյո՞ք ջանասիրաբար պայքարել է, որ այդ գրասենյակը մնա, և ինքը, բացի ԱՄՆ դեսպանատնից, ունենա նաև փոխդեսպան այդ կառույցում։ Արդյո՞ք Ռուսաստանը ջանասիրաբար պայքարել է, որովհետև, գիտեք՝ չորրորդ թե հինգերորդ անգամն է՝ ԵԱՀԿ գրասենյակը ղեկավարում է Ռուսաստանի դիվանագետը։ Սրանք քաղաքական պայմանավորվածություններ էին. այդ երկրներն ինչպե՞ս էին պայքարել, որ Ադրբեջանին բացատրեին, որ՝ տղա ջան, այդ գրասենյակը որևէ կապ չունի այլ խնդիրների հետ, բացի Հայաստանի ներքին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը, տնտեսական, բնապահպանական ծրագրերին նպաստելուց։ Իսկ ինչո՞ւ ես դու խանգարում, չէ՞ որ դա բոլորի գրասենյակն է։
Ադրբեջանը նաև իր բաժին գրասենյակն է փակել՝ ասելով՝ ես պատերազմում եմ Հայաստանի դեմ, Հայաստանի թշնամին եմ, իմ պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլ նաև միջազգային բոլոր ատյաններում։ Դրա համար և՛ ԵԽ ԽՎ-ում, և՛ ԵԱՀԿ-ում, և՛ մնացած տեղերում օգտագործում է իր շանսը, և այս դեպքում՝ իր վետոն չհանելով՝ հասավ նրան, որ Հայաստանում փակվեց այդ գրասենյակը»։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Քեյթ Բըրնսի հայտարարությանը, թե՝ ցավում են, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնել մանդատը երկարաձգել, եթե գրասենյակը չդադարեցնի իր գործունեությունը հումանիտար ականազերծման շուրջ, և թե՝ Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնել է, որ երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը, նշեց, որ Երևանը նպատակ ուներ, որ այդ գրասենյակը շարունակեր գործել Հայաստանում, և այդ գրասենյակի գործունեության դեմ ֆորմալ առումով հանդես էր գալիս Բաքուն, ու նրա առարկության առարկան հենց այդ ականազերծման ծրագիրն է։
«Թե ինչու էր դրան դեմ, ի վերջո, խոսքը հումանիտար ականազերծման մասին է, դա այլ քննարկման հարց է։ Երևանն ասաց՝ շատ լավ, այդ դեպքում թող գրասենյակը մնա, այդ մի գործունեությունը, որը ձեր առարկությունն է հարուցում, կհանենք միջից, թող մնացած այլ գործունեությամբ զբաղվի, քանի որ ԵԱՀԿ գրասենյակը բազմաթիվ այլ գործառույթներ էր կատարում։ Բայց մենք տեսանք, որ Բաքվի համար դա ընդամենը պատրվակ էր»։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցում Մեհրաբյանը Ռուսաստանի գործոնն է տեսնում։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ձգտում է եվրոպական և եվրաատլանտյան բոլոր կառույցները՝ կապված անվտանգության, անվտանգության մոնիտորինգի հետ, դուրս հանել հետխորհրդային տարածքից. «Ադրբեջանի ձեռքերով Ռուսաստանը փակել տվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Այս ընդհանուր գործընթացն ունի միայն մեկ շահառու։ Երևանում գործող ԵԱՀԿ գրասենյակը, մեծ հաշվով, Բաքվի համար ո՛չ տաք էր, ո՛չ սառը, և Բաքվի համառությունն այս իմաստով որևէ բացատրության ենթակա չէ, բացի նրանից, ինչ ես ասացի։ Փաստորեն, մենք ականատես ենք մի բանի, երբ այդ կոնսենսուսի սկզբունքը Բաքուն չարաշահում է Ռուսաստանի դրդմամբ և Ռուսաստանին մեծ լավություն է անում։ Ռուսաստանը չի առարկում, այնպես, ինչպես չառարկեց, երբ Բաքուն փակեց ԵԱՀԿ իր մոտի գրասենյակը, և մենք գործ ունենք հստակորեն ձևավորված այն տենդենցի հետ, որ հետխորհրդային տարածքից դուրս են բերվում արևմտյան կառույցները կամ Արևմուտքի հետ կապ ունեցող կառույցները»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը կարող էր միջազգային մակարդակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման խնդրին մեծ հնչեղություն տալ, ինչը չի արել.
«Այդպես Ադրբեջանը կհասկանար, որ այս քայլը կարող է իր համար վտանգավոր հետևանքներ ունենալ, իսկ այժմ Ադրբեջանը գիտակցում է, որ այդ քայլի համար իրեն չեն պատժելու, և արել է դա։ Այո, սա Հայաստանի դիվանագիտության պարտությունն է Ադրբեջանին»։
Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի հետագա զարգացումների վրա ԵԱՀԿ գրասենյակի փակման հետևանքով առաջացնող հնարավոր վտանգներին, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Արցախի հիմնահարցի հետ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը որևէ կապ չի ունեցել.
«Արցախի հարցը վաղուց գոյություն ունի, իսկ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձևավորվել է 2000-ականների սկզբին, այստեղի գրասենյակը որևէ կապ չի ունեցել Արցախի հետ, դրանով զբաղվել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը։ Այս ամենից տուժելու է Հայաստանը, տուժելու է նրանով, որ այն ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գրասենյակն այստեղ անում էր ու նպաստում էր մեր քաղհասարակության զարգացման, մարդու իրավունքների խնդիրների, մամուլի ազատության, բնապահպանական ծրագրերի, տնտեսական զարգացումների ծրագրերի, փորձի փոխանակման և այլ ինստիտուտների զարգացման մի շարք ծրագրերին, չեն կատարվելու, ինչը նշանակում է՝ մեր զարգացումը դանդաղելու է»։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է գտնի բանակցելու հնարավորություններ, որ վերոնշյալ բոլոր ծրագրերը շարունակվեն. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն։ Եվ եթե մյուս երկրները գնահատում են Հայաստանի աշխատանքը, դերակատարումը, ապա ինձ թվում է՝ կգտնեն մեխանիզմներ՝ նպաստելու այդպիսի մի ինստիտուտի ձևավորման»։
Իսկ Ստյոպա Սաֆարյանն այս հարցում այլ կարծիք ունի. այսպիսով ընկնում է ԵԱՀԿ հեղինակությունը.
«ԵԱՀԿ-ն կորցնում է ազդեցությունը հակամարտության կողմերի վրա, որովհետև, իհարկե, հակամարտության կարգավորման մանդատը տեղական գրասենյակներով չէ պայմանավորված, իհարկե, այդ մանդատը գոյություն ունի, բայց եկեք հասկանանք, որ այդ մանդատի փոխլրացնող ուղղություններ են եղել տեղական գրասենյակների մանդատները, որոնք իրականացրել են ամենատարբեր ծրագրեր՝ սկսած՝ ականազերծումից, վերջացրած՝ մարդու իրավունքների, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ խնդիրներով։
Դա այն է, ինչ ես անվանում եմ հակամարտության տրանսֆորմացիա, որպեսզի այն լուծում ստանա։ Այժմ գրասենյակը զրկվում է այդպիսի գործիքներից։ Հակամարտության կարգավորման մանդատը, որ 1992 թ. տրված էր ԵԱՀԿ ՄԽ-ին, այժմ պարզապես այդ խումբը չունի ոտքեր, ձեռքեր, այսինքն՝ չկան այն գործիքակազմերը, որոնք նրան կօգնեին այդ հարցում։
Եթե ՄԽ համանախագահները հայտարարում են, որ հասարակությունները պետք է որոշեն լուծումը, ասացեք, խնդրեմ, եթե խոսքի ազատությունը չզարգանա, եթե մարդկանց միջև շփումները չզարգանան, վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցառումներ չիրականացվեն, որոնք նախկինում իրականացվում էին ԵԱՀԿ-ի միջոցով, արդյոք չի՞ բարդանում խնդրի կարգավորումը. Իհա՛րկե բարդանում է»։
Իսկ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արևմուտքի գործիքակազմը բավականին բազմազան է.
«Պրոբլեմ չեմ տեսնում, որ հետագայում դա ինչ-որ ճակատագրական հետևանքներ կունենա, բայց պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այլընտրանքային ճանապարհներով այդ համագործակցությունը զարգացնելու ճանապարհին այսօր Արևմուտքը Հայաստանում, ցավոք, չունի հուսալի գործընկեր։ Կամ ունի, բայց ոչ այն մասշտաբի, որ ի զորու կլինի առաջ տանել այդ համագործակցությունը, որը կունենա համապետական կամ տարածաշրջանային մասշտաբի հետևանքներ։
Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները երկակի խաղ են խաղում, որ, օրինակ՝ խոսում են Մինսկի խմբի ձևաչափի՝ միակը լինելու մասին, բայց վեր են կենում ու գնում ակնհայտորեն վնասաբեր եռակողմ ձևաչափով հանդիպմանը, որը, պարզ է՝ ռուսները նախաձեռնում են արևմտյան համանախագահներին գործընթացից հնարավորինս հեռացնելու կամ լծակները մոնոպոլիզացնելու համար։ Եվ դա արվում է միմիայն և բացառապես Հայաստանի շահերի հաշվին։ Ես հասկանում եմ՝ ինչ է շահում Ադրբեջանը դրանից, և ակնհայտ է՝ ինչ է շահում Ռուսաստանը դրանից, բայց ակնհայտ է, որ ամեն ինչն արվում է հայկական շահերի հաշվին։ Սա է խնդիրը, թե չէ Արևմուտքն աշխատելու բազմաթիվ եղանակներ ունի և կունենա, բայց աշխատելու համար դաշտ է պետք»։
Ըստ նրա՝ այս ամենը Հայաստանի պասիվության և ռեֆլեկտիվ դիվանագիտության հետևանք է. «Մինչև չբզեն՝ չեն շարժվի, շարժվելիս էլ պոստ ֆակտում են շարժվում։ Փաստորեն, մենք կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմից՝ մեր անվտանգության սպառնալիքների վերագնահատման, վերանայման առումով, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով, որևէ դաս մենք չքաղեցինք, և այսօր հայկական դիվանագիտությունը շարունակում է գնալ ու կանգնել նույն ռուսական փոցխի վրա և կոթով ստանալ ճակատին։ Հերթական կոթի հարվածն էլ սա էր, դե, կերե՛ք, անուշ լինի»։
Ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության, թե իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այն, որ Ադրբեջանին բարի աչքով չեն նայելու, հաստատ է, բայց ասել, որ Ադրբեջանը մեկուսանում է, ներեցեք, սա մեկուսացման մասին չէ, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն այնքան է հզորացել, որ կարողանում է արդեն փակել տալ բավականին հեղինակավոր կազմակերպության մանդատը ոչ թե իր երկրում, այլ օտար երկրում։ Եկեք սթափ լինենք և իրերն անվանենք իրենց անուններով»։
«168 Ժամ» թերթ