«Շուշին կարողացան պահել նրանք, ում այն պատկանում է». Շիրակ Թորոսյան

Հայ զինվորի, սպայի ոգին այնքան հզոր է, որ  ցանկացած պահի պատրաստ ենք հակահարված տալ հակառակորդին, ինչպիսի սանձազերծման էլ այն փորձի դիմել: Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նորընտիր խորհրդարանի ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, ո ր Շուշին ոչ թե գրավվեց, այլ վերադարձավ հայրենի երկրի գիրկը, եւ դա արվեց հայ զինվորի շնորհիվ:

«Հակառակորդը չկարողացավ պահել այդ անառիկ բերդը, դա կարողացան անել նրանք, ում պատկանում է այն: Կարծում եմ՝ սա կարեւոր խորհուրդ ունի: Մայիս ամիսը, առհասարակ, խորհրդանշական ամիս է, հաղթանակների ամիս:  Հատկապես  ղարաբաղյան հարցի հետ կապված` երկու լուրջ ձեռքբերում ունեցանք.  մեկը հենց Շուշիի ազատագրումն էր, մեկն էլ մայիսի  12-ի զինադադարի կնքումը, որով, փաստորեն, արձանագրվեց հայկական կողմի հաղթանակը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան պատերազմին՝ պատգամավորը նշեց, որ այն եւս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի ձախողումը:

«Ադրբեջանը տվեց բազմաթիվ անգամ ավելի շատ զոհեր, ահռելի քանակությամբ տեխնիկայի կորուստ  եւ արդյունքում Մոսկվայի միջոցով խնդրեց զինադադար, որ ավելի մեծ թվով զոհեր չունենա: Մեր պաշտպանական կառույցը պարբերաբար հայտնում է այն մասին, որ սահմանն անառիկ է, վերահսկվում է. սա արդեն կարեւոր հանգամանք է եւ խոսուն փաստ այն մասին, որ Ադրբեջանը լրջագույն խնդիր կունենա, եթե կրկին սանձազերծի պատերազմ, եւ մենք բոլոր առումներով կազմ-պատրաստ կլինենք: Եվ, առհասարակ, մենք պետք է ոչ թե  քննարկենք՝ արդյոք հարձակման հավանականությունը մեծ է, թե ոչ, այլ ապահովենք այն բոլոր կառուցակարգերը, որոնք անհրաժեշտ են սահմանը եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ տեխնիկական առումներով անառիկ պահելու համար»,-ասաց Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարելի է նույնպես անվանել բանակցություններ, սակայն բուն բանակցային գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք այդ սկզբունքները փորձում ենք կյանքի կոչել բանակցային այսօրվա ընթացքով: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումն էլ  ցույց տվեց, որ այս պահին ամենակարեւորը այդ որոշումները կյանքի կոչելն է,  եւ, ավելին ասեմ, մենք միակողմանիորեն դա անում ենք: Մասնավորապես՝ շփման գծում մեր կողմից անհրաժեշտ սարքավորումներ ենք տեղադրում թե մշտադիտարկում իրականացնելու, թե մյուս կողմից սահմանը անառիկ պահելու համար»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս