«Արտառոց ոչինչ չի եղել. մարդիկ չցանկացան կորցնել իրենց գնած ապրանքը` մանդատը». «Փաստ»

«Փաստը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, ի՞նչ էր նշանակում տեղի ունեցածը, երբ Ծառուկյան դաշինքից ինքնաբացարկ հայտարարած պատգամավորները հետ վերցրեցին իրենց դիմումն ու պատգամավոր դարձան:

– Դա շատ սովորական երևույթ է Հայաստանի համար: Որովհետև կարող ենք ասել` ապրիլի 2–ին Հայաստանում ընտրությունների ինստիտուտը մահացավ: Իսկ եթե ամբողջ երկրում վերանում է իշխանությունների ձևավորման ժողովրդավարական գործընթացը, ապա, բնականաբար, այն մահանում-վերանում է նաև կուսակցությունների մեջ:

Իսկ եթե մասնավորեցնենք մեր խոսակցությունը, ապա կարող ենք ասել` իրավիճակը հետևյալն էր` Ծառուկյան դաշինքի այն պատգամավորներից, որոնք գումարներ էին ներդրել ապրիլի 2-ին և գնել էին պատգամավորի մանդատ` ընտրակաշառքի միջոցով, փաստորեն փորձ էր արվում հետ վերցնել այն: Ավելի որոշակի` ուզում էին վերցնել նրանց ապրանքը, որը գնել էին իրենք: Բնականաբար այս մարդիկ չհամաձայնվեցին: Որովհետև «ազնվորեն» գնել էին մանդատը: Եվ գնել էին, որպեսզի հինգ տարի շարունակ լուծեին իրենց անձնական հարցերը: Ու գնացին ԿԸՀ ու տեր կանգնեցին իրենց ապրանքին:

– Իսկ երրորդ ուժի մատն այստեղ չի՞ կարող խառը լինել: Նկատի ունեմ Հանրապետական կուսակցությանը: Որովհետև գուցե խորհրդարանում ինչ-որ վերաձևավորումների անհրաժեշտությո՞ւն լինի հետագայում:

– Չեմ կարծում: Որովհետև նրանք, ովքեր խորհրդարան են անցել Ծառուկյան դաշինքից` վարկանիշային ընտրացուցակով, իրենց էությամբ ոչնչով չեն տարբերվում Հանրապետական կուսակցությունից վարկանիշային ցուցակով ԱԺ անցած պատգամավորներից: Մեծ հաշվով Հանրապետական կուսակցության համար մեկ է, թե Ծառուկյան դաշինքից Պողոս Պողոսյա՞նը կանցներ, թե՞ Պետրոս Պետրոսյանը: Երկու դեպքում էլ նրանք Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող մարդիկ են:

– Այս միջադեպով թուլացա՞վ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը:

– Նայած՝ ինչ ենք հասկանում թուլանալ ասելով: Ընդհանրապես թուլանալ-ուժեղանալը բնորոշ է ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներին: Եթե Հայաստանում այլևս ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման ինստիտուտը չի աշխատում, ապա չի աշխատում նաև ադ թուլանալ-ուժեղանալու գործոնը, որպես ընտրական ինստիտուտի մեկ դետալ:

Եթե մայր գետը չորանում է, ապա չորանում են նաև նրա վտակները: Ուստի չենք կարող ասել` Ծառուկյանը թուլացա՞վ, թե՞ ուժեղացավ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս